«Անբնական էր զեկուցողների՝ հեռակա զեկույց պատրաստումը, կամ չայցելելն Ուոլթերի դեպքում ոչ Հայաստան, ոչ Լեռնային Ղարաբաղ, իսկ Մարկովիչի դեպքում Լեռնային Ղարաբաղ՝ Սարսանգի ջրամբար: Սա զեկույցների պատրաստման տեխնոլոգիայի եւ ավանդույթի հետ որեւէ կապ չունեցող երեւույթ է»,- այս մասին այսօր, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն, ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Aravot.am-ի դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում իր ելույթի ընթացքում Միլիցա Մարկովիչը նշում էր, որ մի քանի անգամ դիմել է Հայաստանի Հանրապետությանը եւ առաջարկել այցելել Սարսանգի ջրամբար, սակայն ստացել է մերժում` մի անգամ եղանակային պայմանների, մյուս անգամ Սահմանադրական փոփոխությունների պատճառով, Կարեն Բեքարյանն արձագանքեց. «Մարկովիչի պարագայում խնդիրը բավականին հետաքրքիր է: Նա մի քանի անգամ առաջարկ է անում գալու, բայց այդ առաջարկի մեջ նախանշում է, որ չի այցելելու Սարսանգի ջրամբար»:
Ըստ նրա՝ այդ երկխոսությունը շարունակվում է եւ հստակ լուծում չի ստանում. «Բայց հենց ինքը՝ Միլիցա Մարկովիչն ընդունում է, որ մի պահ ինքն ունեցել է հստակ, բաց հրավեր ԼՂ-ի կողմից եւ այդ հրավերին զուգահեռ նաեւ Հայաստանի պատվիրակության աջակցության պատրաստակամությունը, որ եթե ինքն այցելի տարածաշրջան, նրան կուղեկցեն Սարսանգի ջրամբար»:
Նա հայտարարեց, որ Միլիցա Մարկովիչն այդ առաջարկը մերժել է՝ պայմանավորելով, որ իրեն շատ ուշ են տեղեկացրել. «Միլիցա Մարկովիչի պարագայում նորմալ չէ դա, որովհետեւ նա ժամկետի խնդիր չուներ: Տեսեք երեկ արդեն Ռոբերտ Ուոլթերը չկար, նրա լիազորությունների ժամկետը լրացել էր: Մարկովիչի պարագայում չկար այդ խնդիրը»:
Կարդացեք նաև
Կարեն Բեքարյանը նշեց, որ Մարկովիչը կարող էր ընդունել հրավերը, չներկայացնել այս նստաշրջանին զեկույցը եւ գարնանը ներկայացներ ու այդ ընթացքում այցելություն կատարեր. «Խնդիրն այստեղ միակողմանի չէ: Կարելի է ասել, որ շփումները պետք է ավելի լավը լինեին, ավելի բարեկամական, սենց բաներ կարելի է ասել: Իրենք մի քիչ սուբյեկտիվ, հուզական գործոնների ներքո են խոսում: Բայց նաեւ ասել, որ կա մի կողմից խնդիր, չկա մյուսինը, չի ստացվում ուղղակի փաստերը համադրելուց»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ