Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազել են խոշորների առաջին տասնյակում ընդգրկված՝«Ալեքս Գրիգ» ընկերության հարկային պարտավորությունները. «Հայոց աշխարհ»

Հունվար 27,2016 12:08

Անցած տարի վճարած հարկերի մեծությամբ առաջինը շարունակել է մնալ «Գազպրոմ Արմենիան»։ Ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 42,6 մլրդ դրամ։ Թեեւ նախորդ տարվա համեմատ այն ոչ միայն չի ավելացել, այլեւ նվազել է գրեթե 200 մլն դրամով։ Մի բան, որ պայմանավորված է գազի ներմուծման եւ սպառման ծավալների կրճատմամբ։

Նվազել են նաեւ խոշորների առաջին տասնյակում ընդգրկված՝ գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության հարկային պարտավորությունները։ Բազմաթիվ ապրանքների ներմուծման եւ ներքին շուկայում արտադրական ու առեւտրային գործունեություն իրականացող այս ընկերությունն անցած տարի պետական բյուջե է փոխանցել 18,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից պակաս է ավելի քան 3,3 միլիարդով։

Գտնվելով ֆինանսական ծանր վիճակում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վճարած հարկերի մեծությամբ հայտնվել է խոշորների առաջին վեցյակում։ Ընկերությունը փոխանցել է ավելի քան 16,5 մլրդ դրամ, ինչը 4,1 միլիարդով ավել է նախորդ տարվանից։

Ցանկի առաջին տասնյակում են գտնվում վառելանյութի ներկրման եւ իրացման ոլորտում գործող երկու ընկերություններ. խոսքը «Ֆլեշի» եւ «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնի» մասին է։ Եթե առաջինը վճարել է ավելի քան 12,7 միլիարդ, ապա երկրորդը՝ շուրջ 9,5 մլրդ դրամ։ Առաջին դեպքում պարտավորությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են, երկրորդի դեպքում՝ նվազել։

Վառելիքի շուկայում հայտնվել է եւս մեկ խոշոր խաղացող՝ ի դեմս «Ռոսնեֆտ Արմենիայի»։ 2014թ. այս ընկերությունը խոշորների ցանկում նույնիսկ չկար։ Այնինչ այս տարվա արդյունքներով հայտնվել է չորրորդ տասնյակում՝ վճարելով ավելի քան 3,3 մլրդ դրամ հարկ։

Խոշորների առաջին տասնյակում անցած տարի վճարած հարկերի մեծությամբ հայրենական ապրանք արտադրողներից ընդգրկված է «Գրանդ Տոբակոն»։ Ինչպես այս, այնպես էլ «Գրանդ Հոլդինգում» միավորված մյուս ձեռնարկությունները շարունակում են առաջնային դիրք զբաղեցնել վճարած հարկերի մեծությամբ։

Հ. ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031