Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապացուցեցինք՝ եթե միահամուռ ջանքերով աշխատում ենք, հասնում ենք շատ մեծ արդյունքների». Գագիկ Մինասյան

Հունվար 27,2016 11:45

«ԵԽԽՎ-ում բացառիկ են այն դեպքերը, երբ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած բանաձեւը չի ընդունվում քվեարկությամբ:

Կատարվեց իսկապես լայնածավալ աշխատանք տարբեր խողովակներով, արտգործնախարարության, խորհրդարանական, սփյուռքի խողովակներով: Մեզ հաջողվեց ամենավտանգավորն ընդունել չտալ: Մյուս բանաձեւն ընդունվեց այդուհանդերձ»,- այսօր «Անդրադարձ» ակումբում այսպիսի գնահատական տվեց ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձեւերի քվեարկությանը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ «Մեկ անգամ եւս մենք ապացուցեցինք, որ եթե միահամուռ ջանքերի լարումով աշխատում ենք, հասնում ենք շատ մեծ արդյունքների, որը շատ քչերին է հաջողվում անել մեծ ռեսուրսներով»:

Հարցին՝ եթե այդպես միահամուռ հայկական կողմը աշխատեր մինչ այդ՝ հնարավո՞ր է կանխվեր այդ զեկույցների օրակարգ մտնելը՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց, որ այն ռեսուրսները, որոնք ունի Ադրբեջանը, անհամեմատելի են մեր ռեսուրսների հետ. «Իհարկե, ամեն ինչ անընդհատ պետք է անել, որ այդպես չլինի, բայց պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք մեզնից շատ ավելի մեծ ռեսուրսներ ունեցող պետության հետ»:

Ըստ պարոն Մինասյանի, Մինսկի խումբն, ըստ էության, գտնվեց իր բարձրության վրա եւ աննախադեպ բան արեց իր գործունեության ողջ ընթացքում: Իր վճռական տեսակետն արտահայտեց առ այն, որ ադրբեջանական լոբբիի արդյունքում ԵԽԽՎ-ում տարվող քաղաքականությունը խոչընդոտում է Մինսկի խմբի բանակցային գործընթացին:

Գագիկ Մինասյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանի ճգնաժամը միայն նավթի խնդիրը չի, այն ամբողջատիրական երկիր է: Մարդու իրավունքների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող վերաբերմունքը եվրոպական չափանիշներով արդեն անհանդուրժելի է:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՅԴ-ի 7 կետերից մեկին՝ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի անհրաժեշտությանը՝ Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ խնդրի իրագործումը ժամանակի հարց է: Մենք եթե այդ խնդիրն այսօր չենք իրականացնում, դրա պատճառը այն իրողությունն է, որն առկա է այսօր: Այսօր այդ հարցի բարձրացումը կտորպեդահարի Մինսկի խմբի բանակցային գործընթացը եւ դա չի բխում ՀՀ շահերից»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031