Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը երեկ մեղադրանքներ հնչեցրեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հասցեին, թե իբր նա ոչ բոլոր անդամ երկրների նկատմամբ է հավասար մոտեցում ցուցաբերում: Նա հայտարարեց, թե իբր ԵԽ գլխավոր քարտուղարը չի կարողացել զսպել Հայաստանին, որն իբր պարբերաբար ոտնահարում է Վեհաժողովի պահանջները, փոխարենը ԵԽ գլխավոր քարտուղարը բավականին խիստ մոտեցում է ցուցաբերում անդամ այլ երկրների նկատմամբ:
Ի պատասխան Թորբյոր Յագլանդը Հուսեյնովին մեղադրեց ստախոսության մեջ՝ նշելով, որ այն, ինչ նկարագրեց Հայաստանի և իր գործողությունների մասին՝ չի համապատասխանում իրականությանը. «Մենք Հայաստանի հետ ակտիվ աշխատանք ենք տարել վերացնելու այդ երկրում գոյություն ունեցող թերությունները: Հայաստանն այժմ ընդունել է նոր Սահմանադրություն, որը հիմնված է Վենետիկի հանձնաժողովի տված կարծիքի վրա, և շարունակում է բարեփոխումները: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին Ձեր երկրի հետ կապված, ապա այն (նկատի ունի ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Անար Մամադլիի ազատազրկումը.-Տ. Հ) շարունակում է մնալ իմ ուշադրության կենտրոնում և օրակարգում: Բարձրագույն դատարանը հայտարարել է, որ նա պետք է ազատ արձակվի, սակայն նա դեռ շարունակում է մնալ բանտում, և ես անելու եմ ամեն ինչ, որ նա ազատ արձակվի»:
Ի պատասխան ադրբեջանցի մյուս պատվիրակների ակնարկներին Ղարաբաղի վերաբերյալ՝ Թորբյորն Յագլանդը շտապեց վերջակետ դնել, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափում է:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ