Արդեն պաշտոնապես արձանագրվեց, որ անցած տարի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են։ ՀՀ Ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տվյալներով, անցած տարվա ընթացքում պետբյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամ հարկեր եւ տուրքեր, այնինչ 2015 թվականի պետբյուջեի մասին օրենքով այդ գումարը պետք է կազմեր 1 տրիլիոն 140 միլիարդ դրամ։ Այլ կերպ ասած, հարկային եկամուտների գծով բյուջեի թերակատարումը կազմել է 75 միլիարդ դրամ, կամ մոտ 7 տոկոս։ Դոլարով հաշվարկելու դեպքում բյուջեի թերակատարումը կկազմի մոտ 400 միլիոն դոլար, ինչը պայմանավորված է 2015 թվականի պետբյուջեի հիմքում դրված դրամի փոխարժեքի զգալի փոփոխությամբ։ Որպես հաշվարկային մեկնակետ ընդունվել էր, որ մեկ դոլարի գինը լինելու է 415 դրամ, այնինչ 2015-ին, երբ հավաքվում էին հարկերը, մեկ դոլարն արդեն միջինը 480 դրամ էր։
Նշենք, որ հարկային եկամուտների հավաքագրման մասին ֆիննախի հրապարակած ցուցանիշներում, մեղմ ասած, կասկածելի թվաբանության ցայտուն օրինակներ կան։ Օրինակ, 2015 թվականի առաջին 7 ամիսներին հավաքվել էր 592 միլիարդ, որը, ինչպես նշված է ֆիննախարարության պաշտոնական տեղեկանքում, 11 տոկոսով գերազանցում էր 2014 թվականի նույն ցուցանիշը։ Սակայն 2014 թվականի նույն ժամանակահատվածում նույնպես հավաքվել էր 592 միլիարդ։ Այլ կերպ ասած, հարկային եկամուտները նշված ժամանակահատվածում չէին աճել, սակայն ֆիննախը արձանագրել էր երկնիշ աճ։ Թե ինչպես ստացվեց, որ 592 միլիարդը 592 միլիարդից 11 տոկոսով ավելի է, այդպես էլ անհասկանալի մնաց։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում