Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացի մեջ, թե՞ գործընթացից դուրս. «Դրօշակ»

Հունվար 27,2016 10:15

Դաշնակցությունը դեռեւս 2012 թվականին իշխանություններին ներկայացրել է 7 կետից բաղկացած բարեփոխումների պահանջ, որոնց հիմնական մեկ մասը կոնկրետ ժամկետների մեջ կիրականան, իսկ մյուս մասը մշակման եւ իրականացման հունավորում է ստացել նույն՝ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ:

Երբ այս ամենը տարիներ շարունակ հանրության աչքի առաջ է տեղի ունեցել, երբ կարդալու ու դիտելու կարողություն ունեցող ամեն մարդ կարող էր հետեւել, ինչպես 25 տարի շարունակ Դաշնակցության հետապնդած համակարգային եւ այլ փոփոխությունների պահանջները միս ու արյուն են ստանում, պետք էր եզրակացնել, որ որեւէ արտառոց, գաղտնի, հակատրամաբանական բան տեղի չի ունեցել:

Հիմնական խնդիրը, որ մեզանում մշտապես զգայնության տեղիք է տալիս, Հայաստանի օրվա իշխանությունների հետ համագործակցելու հարցն է: Այս հարցը երբեմն այն աստիճան է շահարկվում ու հասցվում ծայրահեղության, որ օրինակ Հանրապետության Նախագահին պահանջներ ներկայացնող ընդդիմադիրները չեն ցանկանում հանդիպել նույն նախագահի հետ, ներկայացնելու համար, թե ինչ է իրենց ուզածը եւ կամ լսելու որքանով է Նախագահը պատրաստ բավարարելու ընդդիմության պահանջը:
Իսկ հարցերն, ինչպես հայտնի է, ընդհանրապես լուծվում են երկխոսության միջոցով եւ եթե չկա երկխոսություն չի կարող լինել նաեւ լուծում:

Լեւոն Տեր Պետրոսյանի իշխանության օրերին ընդդիմությունը հայտարարված էր թշնամի եւ գտնվում էր կարծես անհաղորդ բարիկադի մյուս կողմում: Հետեւանքն այն էր, որ նույն անհանդուրժողության ջրբաժանը պառակտել էր նաեւ հասարակությանը: Իշխանությունը դարձել էր ինքնագլուխ, ընդդիմությունը անզիջում՝ արդյունքում պետականության կայացման պատմական պահին հնարավորությունների ցավալի կորուստներ ունեցավ երկիրը:

Երբ ընդդիմությունը պայքարում է ընդդիմության դեմ, փորձում է ողջ այս դաշտին թելադրել սեփական կանոնները եւ իշխանության առջեւ հանդես է գալիս միայն հրաժարականի պահանջով, կարելի է մտածել, նա ավելի շատ ինքն իր օգտին է գործում, թե՞ օգուտ է տալիս իշխանությանը: Որովհետեւ նա նմանվում է մեծ տան մեջ իր սենյակում կամավորապես փակված մեկին, ով հնարավորություն է տալիս դիմացինին, այդ տան մեջ հանգիստ զգալ իրեն եւ տնօրինել ուզածի պես: Առնվազն այդ է վկայում մեր երկրի վերջին տաս-տասնհինգ տարիների իրականությունը: Պատահական չէ, որ մաքսիմալ պահանջների կոչով հրապարակներ դուրս եկող ընդդիմությանը այլեւս միանում է խիստ նվազ բազմություն: Հարյուր հազարավոր մյուս դժգոհները տարակուսանքի մեջ մնում են տանը, չհասկանալով, որ եթե ընդդիմությունն իր ծրագիրն իրականացնելու հնարավորություն ակնհայտորեն չունի, այդ դեպքում ինչ նպատակով է հերթական լարվածության պահին կրկին ու կրկին նույն կարգախոսերով գրավում հրապարակը:

Իրականում երկխոսություններն ու համագործակցությունները ամոթալի են, եթե կողմերից մեկը կամ մի քանիսը կորցնում են սեփական ինքնուրույնությունը եւ դառնում են ուրիշի կամակատարը: Իսկ սեփական դեմքն ու ինքնուրույնությունը կարելի է կորցնել նաեւ առանց համագործակցության ու երկխոսության կամ դրանք անելով ստվերում եւ կամ անուղղակիորեն:

Երբ 2008 թվականին Հայաստանի իշխանությունները անակնկալ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունները Դաշնակցությունը դա համարեց կարմիր գիծ իր համար եւ դուրս եկավ իշխող կոալիցիայից: Դաշնակցությունը կազմակերպեց լայն հակաքարոզչություն՝ ցույցեր ու հացադուլներ, ինչպես եւ «Ոչ-ի» լայն շարժում ծավալեց հայկական գաղութներով մեկ: Միաժամանակ Դաշնակցությունը վերջնականորեն չշրխկացրեց դռները, այլ հանդես եկավ նախագահին ուղղված «Նախագահ մի՛ զիջիր» պահանջով, շարունակեց նույն պահանջներով հարաբերվել իշխանության տարբեր օղակների ու ներկայացուցիչների, ինչպես եւ Սահմանադրական դատարանի հետ: Դաշնակցության ոչ վերջնագրային կեցվածքը հնարավորություն տվեց Երկրի նախագահին շրջագայության մեկնելու սփյուռքյան հայահոծ գաղութներով, ուրիշների կողքին նույն Դաշնակցության անդամների եւ կուսակցության համակիր շրջանակների հետ քննարկելու համար խնդիրը:

Հետագայում, ինչպես հայտնի է գործընթացը կանգ առավ, ինչին նպաստեց մասնավորապես Սահմանադրական դատարանի կայացրած վճիռը, որով հայկական կողմի համար իրավականորեն սահմանափակվում էին երբեւէ ոչ հայանպաստ զիջումների գնալու հնարավորությունները:

Կարելի է նաեւ ասել, որ սահմանադրական ներկա բարեփոխումները հազիվ թե այս տեսքով ընդունվեին, եթե չլիներ Դաշնակցության ու Հանրապետական կուսակցության միջեւ մի քանի տարի տեւած համատեղ աշխատանքը: Ասել, որ բոլոր խնդիրներն արդեն լուծված են իհարկե ճիշտ չէ: Հայտնի ասույթի համաձայն սատանան մանրամասների մեջ է եւ եթե սահմանադրական բարեփոխումների ոգուց բխող համապատասխան օրենքներ չընդունվեն եւ օրենքներում փոփոխություններ չկատարվեն, ապա առկա վիճակի համեմատությամբ շատ բան չի փոխվի: Առաջիկա ամիսներն ու տարիները, այս առումով կարեւոր ու պատասխանատու ժամանակահատված են: Եթե որեւէ քաղաքական ուժ պատասխանատվությունից չի վախենում, չի վախենում իշխանության հետ համագործակցելու մեղադրանքներից պետք է ասելիքն ասի այս հարցում:

Մասնավորապես այսօրվա կարեւորագույն խնդիրներից է Ընտրական նոր օրենսգրքի մշակումն ու ընդունումը: Կարելի է վստահորեն նշել, որ նախնական քննարկումների փուլում գտնվող նախագիծը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երկրում, իրական մրցակցության ճանապարհով, փոփոխությունների հասնելու համար: Մեղմ ասած անհասկանալի պետք է լինի այն ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր սեփական իսկ շահի հետապնդման նախանձախնդրությամբ չպետք է ներգրավվեն տվյալ ձեռնարկման մեջ: Ի դեպ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի եւ այդ ուժերի ներկայացուցիչների զգալի հատվածը վերջին շրջանում հակվածություն է դրսեւորել խնդիրները քննարկելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ, եթե անգամ ունեցել է սկզբունքային անհամաձայնություններ:

Քաղաքական նեղմիտ հաշվարկով, ընտրություններից մեկուկես տարի առաջ, ձեռնտու է թվում պահպանելը իշխանության նկատմամբ թունդ անհանդուրժողության կեցվածքը եւ շարունակել ծածանել հրատապ իշխանափոխության կարգախոսը: Եթե, սակայն նկատի ենք ունենում, որ նույն ընդդիմությունը ավելի շատ շահելու է հենց ընտրական օրենսգրքի փոփոխությունից, եթե նկատի ենք ունենում որ ընդդիմությունն ու ժողովուրդը ավելի շատ շահելու են դատական համակարգի անկախությանն ուղղված բարեփոխումներից, շահելու են ընդդիմության իրավունքների ընդլայնման, վերահսկողական լծակների բաշխման, մարդու իրավունքների ընդլայնման իրավական ամրագրումներից, նման պարագայում գործուն դերակատարություն չստանձնելը հավասարազոր է պատասխանատվությունից խուսափելուն:

Այս դեպքում մեր նպատակը ընդդիմության անելիքը ճշտելը չէ, այլ փաստարկելը, թե ինչով է հիմնավորված գալիք տարի-տարիուկես ժամանակահատվածում իշխանության հետ, նպատակահարմար ձեւաչափով, Դաշնակցության համագործակցությունը:

Դաշնակցությունը խուսափելով անիրատեսական հակադրությունների անպտուղ դրսեւորումներից, վերջին տարիներին գերադասեց, կողքից հայհոյելու փոխարեն թեւքերը ծալած, սեփական թղթապանակով մխրճվել գործընթացների մեջ: Դա իրական ազգային ուժերի պարտավորությունն է, երբ վճռվում են երկրի ապագան կերտելու խնդիրները: Այլապես քաղաքական ուժը, սեփական երկրում, կարող է վերածվել կյանքի ընթացքին կողքից հետեւող ջղագրգիռ ու մաղձոտ դիտորդի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Դրօշակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031