Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպի բուժումն այլեւս անվճար չէ. պետպատվերը մինչեւ հունվարի 20-ն էր

Հունվար 27,2016 14:30

Երբ այս ամսվա սկզբից գրիպի Ա տեսակի H1N1-ի վարակի տարածման դեպքերը բավականին շատ էին, անգամ մահվան դեպքեր էին արձանագրվում, մարդիկ անհանգստացած էին, առողջապահության նախարարությունն իրավիճակը կայունացնելու համար սահմանեց անվճար բուժում նշված հիվանդությունների համար: Բայց ինչպես ամեն լավ բան, այնպես էլ պետպատվերը վերջ ունի: Բազմաթիվ հիվանդներ սուր շնչառական հիվանդության դեպքերով շարունակում են դիմել հիվանդանոցներ եւ անակնկալի հանդիպում. հիվանդանոցներում նրանց տեղեկացնում են, որ այլեւս այդ հիվանդությունների բուժումն անվճար չէ, պետությունը չի հոգում հիվանդանոցների այդ ծախսերը:

«Առավոտին» դիմած քաղաքացիները վստահեցրին, որ մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում գրիպի հետեւանքով առաջացած թոքաբորբն ու այլ տեսակի բարդությունները բուժելու համար իրենցից պահանջել են 150 հազարից 260 հազար դրամ. «Երբ աղմուկ բարձրացրեցինք, թե՝ բա նախարարությունն ասում է՝ անվճար է, մեզ ասացին, որ այլեւս անվճար չէ: Մենք էլ ստիպված վճարեցինք: Ի՞նչ անեինք բա, հո չէի՞նք թողնի մարդը մեռներ»:

Սուր շնչառական, գրիպի հիվանդությունների պետպատվերով բուժումը, ինչպես տեղեկացրեցին առողջապահության նախարարությունից, մինչեւ հունվարի 20-ն է եղել: Մինչդեռ այս մասին քաղաքացիներին իրազեկել են երեկվանից, ուստի քաղաքացիների շրջանում որոշակի խառնաշփոթ եւ թյուրըմբռնում է եղել:

«Առավոտի» հետ զրույցում նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը վստահեցրեց, որ սուր շնչառական հիվանդությունների կամ գրիպի բարդություններով դեպքերը սովորական պայմաններում, որպես կանոն, անվճար են իրականացվում, ըստ կառավարության համապատասխան որոշման՝ միայն սոցիալապես անապահով խմբերի, հաշմանդամություն ունեցողների, հղիների եւ 0-7 տարեկանների համար: Բայց կա նաեւ նախարարի հրամանով հաստատված ցանկ, ըստ որի՝ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակները, ինչպես նշեց Ծատուրյանը, օրինակ՝ թոքաբորբի հետեւանքով շնչառական անբավարարվածության կամ թռչնի, խոզի գրիպի՝ H1N1 վարակի հաստատված ախտորոշման դեպքում շարունակվում է բուժումը պետպատվերի շրջանակում:
Սարո Ծատուրյանն ասաց, որ նախարարի հրամանով անհետաձգելի հիվանդությունների ցանկ կա, որոնք եւս պետպատվերով են բուժվում՝ անկախ քաղաքացու սոցիալական կարգավիճակից. Օրինակ՝ եթե սեզոնային գրիպի ակտիվացում կա, ապա ըստ նախարարի հրամանի՝ որոշակի ժամանակահատվածով նշված հիվանդության բոլոր դեպքերը ենթակա են պետպատվերով բուժման:

Արդյոք շուտ չէ՞ր սուր շնչառական ու գրիպով հիվանդությունների դեպքերի բուժման պետպատվերը ամսի 20-ին վերացնելը՝ մեր հարցին Ծատուրյանն ասաց, որ հաշվի առնելով հունվարի սկզբից սեզոնային գրիպի թվերի աճն ու դրա բարդությունների թվի աճը՝ սահմանվեց, որ ստացիոնար բուժման ենթակա են ոչ թե գրիպի դեպքերը, այլ բարդությունները՝ թոքաբորբ, բրոնխիտ եւ այլն, իսկ սովորական գրիպը, եթե բարդություն չկա, հնարավոր է տնային պայմաններում բուժումը՝ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ. «Հրամանը տրվեց բարդությունների հետ կապված՝ մինչեւ ամսի 20-ը: Այս ամբողջ ընթացքում մենք իրականացրեցինք մարզերում եւ մայրաքաղաքի խոշոր հիվանդանոցներում մշտադիտարկում, որը ցույց տվեց, որ հունվարի 1-ից 20-ը նշված դեպքերի հետ կապված քաղաքացիների ընդհանուր թվի շուրջ 70%-ը՝ այսպես, թե այնպես, պետպատվերի բուժման ենթակա շահառուներն էին, այսինքն՝ 0-7 տարեկանները, հղիները, սոցանապահովները, եւ միայն 30%-ն էր, որի համար գործում էր նախարարի հրամանը: Նախնական տվյալներով՝ շուրջ 2500 դեպք ունեինք հիվանդանոցային բուժման, որից 800-ն էր անվճար բուժօգնություն ստացել նախարարի հրամանով սահմանված կարգով, այսինքն՝ այն անձինք էին, որոնք հատուկ սոցխմբերում չէին, հղի չէին, 0-7 տարեկաններ չէին: Իրավիճակի համաճարակաբանական վերլուծությունից պարզեցինք, որ ամսի 20-ից հետո սուր շնչառական, գրիպի բարդություններով դեպքերի դիմելիությունը նվազել է, որոշեցինք, որ հնարավոր է նաեւ հետագա ընթացքը շարունակել ընդհանուր կարգի համաձայն: Այսինքն՝ մենք ամբողջ տարին արտակարգ ռեժիմով չենք աշխատելու, ամբողջ տարին չենք կարող սովորական գրիպի ոչ բարդ դեպքերի համար պետպատվեր տալ: Իրավիճակը թույլ տվեց, եւ մենք վերադարձանք սովորական աշխատանքային ռեժիմի»:

Ծատուրյանը վստահեցրեց, որ սուր շնչառական անբավարարության 2-րդ ու բարձր աստիճանի դեպքում, երբ քաղաքացիներին ընդունում են վերակենդանացման բաժանմունք, կամ եթե քաղաքացու մոտ հաստատվել է խոզի գրիպը, ապա այս դեպքերը եւս պետպատվերով պիտի բուժվեն:

Պարոն Ծատուրյանը նաեւ տեղեկացրեց, որ մարզպետարաններին եւ մայրաքաղաքի բոլոր այն հիվանդանոցներին, որտեղ պետպատվեր են տեղադրում, հրամայվել է նրանց հասանելիք պետպատվերի գումարի 5%-ի չափն օգտագործել գրիպով եւ սուր շնչառական դեպքերով հիվանդներին անվճար բուժօգնություն տրամադրելու համար՝ անկախ հիվանդության բարդությունից: Ծատուրյանը վստահեցրեց, որ այդ 5%-ը բավականին մեծ գումար է, եւ հիվանդանոցների տնօրինություններն ու մարզպետարանները հիվանդի դիմումի հիման վրա կարող են, ըստ իրենց հայեցողության, նրան տրամադրել պետպատվերով բուժօգնություն: «Այսինքն՝ եթե գրիպի ոչ բարդ վիճակով կամ սուր շնչառական հիվանդության ոչ բարդ վիճակով հիվանդը դիմել է հիվանդանոց ու հավաստիացնում է, որ ի վիճակի չէ վճարել, ապա տնօրինությունը, մարզպետարանը կարող են հաշվի առնել դիմումը, քննարկել եւ որոշել տվյալ անձին պետպատվերով բուժել, եթե անգամ որեւէ լուրջ բարդություն չկա»:

Այսինքն՝ պետպատվերի այս 5% ֆինանսների տնօրինումը, որը հնարավոր է գրիպի ոչ բարդ դեպքերի համար օգտագործել, թողնվում է հիվանդանոցների տնօրինության ու մարզպետարանների խղճին: Ընդ որում, քիչ չեն դեպքերը, երբ հիվանդանոցների ղեկավարությունն անգամ պետպատվերով բուժման ենթակա հիվանդներին ասում է, թե պետպատվերի գումարը վերջացել է, ու մերժում են հիվանդներին:

Այնուամենայնիվ, Ծատուրյանը նկատեց, որ պոլիկլինիկաներն ապահովված են H1N1 վարակի բուժման դեղորայքով, ուստի եթե բարդություն չկա, ապա քաղաքացիները կարող են դիմել նաեւ իրենց տարածքային պոլիկլինիկաներ եւ ստանալ անվճար բուժում:
«Կլինեն մարդիկ, որոնք մարտին կամ նոյեմբերին կդիմեն, բայց մենք չենք կարող շարունակել պետպատվեր տալ, եթե հանրապետությունում իրավիճակը լարված չէ, հիվանդացությունը տարածված չէ»,- ասաց Ծատուրյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031