Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանի որոշումը 38 օր է չի տրվում դեպարտամենտի կալանավորված պաշտոնյային

Հունվար 27,2016 14:00

Հանրապետության նախագահին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդան Զուռնաչյանը: Նա ներկայացնում է դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի շահերը:

Փաստաբանը տեղեկացնում է, որ դատական դեպարտամենտի նախկին պաշտոնյաների, դատական կարգադրիչների առանձին ստորաբաժանումների պետերի դեմ հարուցված քրեական գործով բերված բողոքի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Ղազարյանի, մասնակցությամբ դատավորներ՝ Վ. Ռշտունու եւ Ա. Պապոյանի, անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին բանավոր հրապարակել է դատական ակտի եզրափակիչ մասը, որով վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը, իսկ Միսակ Մարտիրոսյանի եւ իր՝ փաստաբանի վերաքննիչ բողոքները մերժել է:

Նշենք, որ Միսակ Մարտիրոսյանին դատարանը մեղավոր է ճանաչել` նրան առաջադրված մեղադրանքների բոլոր դրվագներով եւ դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով:

Այդ օրվանից պաշտպանական կողմը չի կարողանում ստանալ դատական ակտը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերաքննիչ դատարանը դատական ակտը հրապարակման օրվանից, ոչ ուշ քան 3 օրվա ընթացքում ուղարկում է դատապարտյալին եւ մյուսներին:

Հունվարի 8-ին դատական ակտը չստանալու հարցով դիմել եմ ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահին, սակայն մինչեւ օրս դատական ակտը չեմ ստացել: Դրանից հետո հունվարի 18-ին այդ հարցով դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին, խնդրելով կարգապահական վարույթ հարուցել օրենքի կոպիտ խախտում թույլ տված դատավորների հանդեպ, սակայն մինչեւ օրս պատասխան չեմ ստացել եւ մեզ ավելի քան 38 օր է, ինչ չի տրամադրվել վերաքննիչ դատարանի դատական ակտը»,-երեկ «Առավոտին» ասաց Վարդան Զուռնաչյանը:

«Բացի այդ, իմ պաշտպանյալն այդ հարցերով դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչեւ օրս նրան նույնպես որեւէ պատասխան չի տրվել»,- նշեց նա:
Դիմելով հանրապետության նախագահին, նախարարին, փաստաբանը առաջ է քաշում հարցի հրատապությունը: Ըստ նրա կոպտորեն խախտվում է օրենքի պահանջը եւ մարդու ու քաղաքացու սահմանադրորեն պաշտպանվող իրավունքները, ինչը աննախադեպ երեւույթ է, ոչ միայն դատական պրակտիկայում, այլեւ «վտանգավոր նախադեպ է ստեղծում հետագայում մարդու եւ քաղաքացու սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների նման կոպիտ խատումների համար, ինչն էլ գտնում եմ, որ անթույալտրելի է ժողովրդավարական եւ իրավական պետության ձգտող երկրի համար»:

Միսակ Մարտիրոսյանը 2013թ. նոյեմբերի 14-ից մինչեւ օրս գտնվում է նախնական կալանքի տակ: Նկատենք, որ այս գործով կալանքի տակ մնացել է միայն նա:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031