Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիվանագետը պետք է լինի զգույշ, ուշադիր եւ բանիմաց»

Հունվար 27,2016 13:30

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝  դիվանագետի կերպարի, հայ-չեխական հարաբերությունների ու հայկական համայնքի մասին:

«Պրահայի գեղեցկությունն ավելի հաճելի է դարձնում աշխատանքը»

«Առավոտը» Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին խնդրեց գնահատել Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետությունների, ինչպես նաեւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, հատկապես հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական կողմնորոշումը։

«Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականին՝ Չեխոսլովակիայի այսպես կոչված «խաղաղ ապահարզանից» հետո։ Պրահայում ՀՀ դեսպանությունը հիմնվել է 2011 թվականի աշնանը։ Մինչ այդ Հայաստանի շահերը ներկայացվել են Վիեննայից, իսկ 2009-2011թթ. Պրահայում գործել է Վիեննայի դեսպանության գրասենյակ։ Չեխիան իր դեսպանությունը ՀՀ-ում բացեց 2012 թվականին հավատարմատարի մակարդակով, իսկ 2015 թվականի սկզբին ներկայացուցչությունը բարձրացրեց դեսպանի մակարդակի։ Մեր երկրների միջեւ հարաբերություններն ակտիվացան սկսած 2008 թվականից, իսկ ռեզիդենտ դեսպանությունների բացումից հետո դրանք թեւակոխեցին որակական նոր փուլ։ Միայն 2014 եւ 2015 թվականներին տեղի են ունեցել բարձր մակարդակով 9-ական փոխայցելություններ, այդ թվում, Չեխիա են այցելել ՀՀ նախագահը եւ վարչապետը, իսկ նախորդ տարվա վերջին Հայաստան եկավ ՉՀ խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը։ 2016-ը եւս լի է լինելու այցերով, դրանց մասին, իհարկե, նախապես կտեղեկացնենք։ Նախորդ շաբաթ Պրահա այցելեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն, ի դեպ, Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։ Միայն այցերի քանակով դատել հարաբերությունների մասին, այդքան էլ ճիշտ չէ, կարեւորն արդյունքներն են։ Քաղաքական, մշակույթի, կրթության, ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արդյունքներն ակնհայտ են, թեպետ միշտ չէ, որ ամեն ինչ անհարթ է եղել։ Տնտեսական ոլորտը, ցավոք, հետ է մնում դրանցից, առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում։ Փորձում ենք աշխուժացնել առեւտրատնտեսական կապերը, անձամբ այցելում եմ Չեխիայի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ՝ գործակցության հնարավորությունները պարզելու համար։ Երկու կարեւոր եւ դժվարին խնդիր ունենք՝ վաճառել Հայաստանի արտադրանքը Չեխիայի հագեցած շուկայում, ներդրումներ բերել Հայաստան։ Չեխերը բավականին զգուշավոր են օտարերկրյա ներդրումների առումով։ Բացի այդ, Չեխիայի տնտեսության հիմքն արտահանումն է եւ դյուրին չէ սեփական արտադրանքով «ներխուժել» այս չափազանց պաշտպանված շուկան։ Կարելի է ասել, որ նրանք հիմնականում հումք եւ էներգակիրներ են ներմուծում եւ արտահանում ավելացված արժեքով ապրանքատեսակներ։ Ինչեւէ, մի քանի փոքր եւ միջին նախագծեր մեկնարկի փուլում են, կարծում եմ կհաջողեն։ Արդեն հայտնի է, որ փետրվարի 11-12-ին ՉՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը գործարարների պատվիրակության ուղեկցությամբ կայցելի Հայաստան, ծրագրված է անցկացնել գործարար համաժողով»,- ասաց պարոն դեսպանը։

Ինչ վերաբերում է Սլովակիայի հետ հարաբերություններին, Տիգրան Սեյրանյանի խոսքով. «Դրանք այդչափ ինտենսիվ չեն, բայց մենք գրեթե կատարյալ ըմբռնում ունենք քաղաքական հարթակում։ Միջինն ամիսը մեկ անգամ լինում եմ Բրատիսլավայում, նախորդ տարվա մայիսին ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կատարեց Սլովակիա, ստորագրվեց կարեւոր միջկառավարական համաձայնագիր»։

Հարցրինք՝ հե՞շտ է արդյոք դիվանագիտական առաքելություն իրականացնելը Չեխիայում: «Անկեղծ լինեմ՝ եւ այո, եւ ոչ։ Այո, որովհետեւ Չեխոսլովակիան տասնամյակներ սոցիալիստական բլոկի մաս է կազմել եւ բազմաթիվ նմանություններ կարելի է գտնել կյանքի զանազան բնագավառներում։ Այո, որովհետեւ ես բազմաթիվ չեխ եւ հայ ընկերներ եմ ձեռք բերել այստեղ, որոնք շատ են օգնում են ինձ աշխատանքում։ Որպես վառ օրինակ կարող եմ նշել Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Րոբին Բյոհնիշին, որը տարին 3-4 անգամ այցելում է Հայաստան։ Մյուս կողմից, Չեխիան գտնվում է Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում, կարելի է ասել՝ խաչմերուկում, եւ այստեղ զանազան շահեր են ներկայացված, որոնք երբեմն բախվում են։ Նման մրցակցային միջավայրում դյուրին չէ ձայնդ լսելի դարձնելը։ Պատմական գոյատեւման հրամայականն ազդել է տեղի ազգաբնակչության մտայնության եւ բնավորության վրա։ Դարերի ընթացքում չեխերը կարողացել են աշխատասիրության, մեղմ բնավորության, բարդ, բազմաշերտ եւ պրագմատիկ մտածելակերպի շնորհիվ ոչ միայն գոյատեւել ավելի հզոր եւ մեծ հարեւանների մեջտեղում, այլեւ կառուցել, շենացնել եւ պահպանել իրենց երկիրը։ Զարմանալի է, բայց ես, որպես Իրանում աշխատած դիվանագետ, երբեմն նմանություններ եմ տեսնում արեւելյան մտայնության հետ։ Այս առումով այստեղ աշխատելն իր բարդություններն ունի, ինչը ես բնական եմ համարում։ Եվ դա առաքելությունս ավելի հետաքրքիր է դարձնում։ Եվ իհարկե, երկրի, հատկապես մայրաքաղաք Պրահայի գեղեցկությունն ավելի հաճելի են դարձնում աշխատանքը»,- պատասխանեց դեսպանը։

Համայնք, ուր չկան ավանդական հայ կուսակցական կազմակերպություններ

Չեխիայում Հայաստանի դեսպանից հետաքրքրվեցինք, ո՞րն է Չեխիայի հայ համայնքի առանձնահատկությունը, եթե զուգահեռներ տանելու լինի Իրանի եւ ԱՄՆ-ի հայ համայնքների միջեւ, որտեղ ժամանակին աշխատել է:

«Յուրաքանչյուր համայնք իր առաձնահատկությունն ունի։ Իրանի հայ համայնքն ունի հարյուրամյակների պատմություն, այնտեղ կան նաեւ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգներ, հիմնականում վանեցիներ։ Հայաստանի երրորդ հանրապետությունից գնացած հայերի թիվը չնչին է, հիմնականում իրանահայերի հետ ամուսնացած հայաստանցի կանայք են։ Միացյալ Նահանգներում հայ համայնքն ավելի բազմաշերտ է. այնտեղ կան եւ Ցեղասպանությունը վերապրողների սերունդներ, եւ Մերձավոր ու Միջին Արեւելքից, Իրանից եւ Թուրքիայից, Եվրոպայից 20-րդ դարի ողջ ընթացքում գաղթած հայեր, եւ՝ բազմաթիվ հայաստանցիներ։ Չեխիայի հայ համայնքն ունի շատ ավելի կարճատեւ պատմություն, գերակշիռ մեծամասնությունը Հայաստանից են կամ նախկին Խորհրդային հանրապետություններից։ Պատմությունից հայտնի է, որ Պրահայի առաջին սրճարանը 1714 թվականին հիմնել է Դամասկոսից Գեւորգ Դեոդաթը, անցյալ դարի 20-ականներին Պրահայի բուհերում են սովորել տասնյակ հայ ուսանողներ, բայց նրանց եւ զավակների ճակատագիրը մեզ հայտնի չէ։ Այսպես կոչված հին հայերից կարող եմ նշել սցենարիստ եւ ռեժիսոր Հայկ Մարտիրոսյանին, Կարինե եւ Արմինե Արթունիներին, որոնց ընտանիքը Չեխիա ներգաղթել է Իրանից 1950-ականներին։ 20-րդ դարի 80-ականների սկզբից Չեխիայում է ապրում եւ ստեղծագործում հայտնի նկարիչ Տիգրան Աբրահամյանը։ Թեպետ «Առավոտը» բազմիցս է անդրադարձել մեր համայնքին, կցանկանայի վերստին հակիրճ ներկայացնել չեխահայերի ձեռքբերումները։ Համայնքում գործում են 10 մեծ եւ փոքր կազմակերպություններ, միաժամանակ, որպես առանձնահատկություն կարող եմ նշել, որ չկան ավանդական հայ կուսակցական կազմակերպություններ։

Tigran_Seyranyan-2

Ապրիլ 24-ի երթն առաջնորդելիս:

Հայ առաքելական եկեղեցին պետական գրանցում է ստացել 2013 թվականին, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան Հայ Առաքելական եկեղեցուն հանձնեց Պրահայի սրտում գտնվող հիասքանչ Սուրբ Հոգու եկեղեցու բանալիներն՝ անժամկետ օգտագործման համար։ Համայքն ունի շաբաթօրյա դպրոց, որը մեկ ամսից կնշի իր 20-ամյակը, Պրահայում լույս է տեսնում «Օրեր» ամսագիրը եւ առցանց՝ www.orer.eu լրատվական կայքէջը։ Չեխիայում են ստեղծագործում շուրջ 25 հայ նկարիչներ, կան բազմաթիվ մարզիկներ, գործարարներ, բժիշկներ, արվեստի գործիչներ, շինարարներ եւ այլք։ Ավանդական հայկական բաղադրատոմսերով թխվածքեղեն արտադրող եւ շուրջ 40 երկրներ արտահանող «Մառլենկա» հանրահայտ ընկերության սեփականատերը մեր հայրենակից Գեւորգ Ավետիսյանն է»,- նշեց մեր զրուցակիցը։

Tigran_Seyranyan-3

Պատգամավոր Րոբին Բյողնիշի (աջից) հետ՝ Տրուտնովի անտառապահական ակադեմիայում:

Իսկ թե հայ համայնքի ներկայացուցիչները հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում դեսպանություն, այս մասին էլ հայտնեց. «Զանազան հարցերով, իհարկե, առաջին հերթին՝ հյուպատոսական խնդիրներով, ընդ որում ոչ միայն փաստաթղթերի ձեւակերպման, այլ նաեւ շահերի պաշտպանության խնդրանքով։ Աշխատում ենք բոլորին օգնել՝ մեր իրավասությունների եւ գործող օրենսդրության շրջանակներում։ Հյուպատոսը պարբերաբար այցելում է ազատազրկման վայրեր, ուր պատիժն են կրում մի քանի ՀՀ քաղաքացիներ։ Եթե Ձեր հարցն ավելի լայն ընկալենք, կարող ենք նաեւ խոսել դեսպանության եւ համայնքի գործակցության մասին։ Այն չափազանց ընդգրկուն է։ Մշակութային, կրթական հարցեր, միասնական նախագծեր։ Ուզում եմ հատուկ գոհունակությամբ խոսել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների մասին. համայնքի հետ միասին տասնյակ ձեռնարկներ են կազմակերպվել։ Եվ այս աշխատանքը դեռ շարունակվում է։ Փետրվարի 6-ին դեսպանությունում կանցկացնենք Մեծ եղեռնի զոհ դարձած հայ գրողներին եւ բանաստեղծներին նվիրված գրական երեկո՝ Չեխիայում ապրող հայ մտավորականների եւ մեր չեխ բարեկամների մասնակցությամբ»։
Պարոն դեսպանին խնդրեցինք՝ որեւէ տպավորիչ դրվագ հիշո՞ւմ է, որ պատահել է իր հետ՝ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու շրջանում։ «Հիշվող իրադարձություններ շատ են եղել։ Ես, միգուցե կառանձնացնեի 2015 թվականի ապրիլ 24-յան տպավորիչ երթը մայրաքաղաքի կենտրոնից դեպի Չեխիայի նախագահի նստավայր՝ Պրահայի ամրոց։ Երթին մասնակցեց համայնքի բառացիորեն կեսը՝ մոտ 3 հազար մարդ։ Այն միասնականության բացառիկ դրսեւորում էր։ Խորհրդանշական էր, որ Հայաստանի դեսպանը, չեխիահայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը եւ համայնքի ակտիվիստները առաջնորդեցինք Մեծ Եղեռնը վերապրած ժողովրդի ներկայացուցիչների պայքարը մարմնավորող երթը։ Ընդունված չէ, որ դիվանագետն օտար երկրում նման երթերի մասնակցի, բայց այս դեպքում ես որոշեցի պատասխանատվությունը եւ պատիվը կիսել իմ հայրենակից ընկերների հետ։ Շատ տպավորիչ էր եւ Պրահայի բնակիչները երկար էին համակրանքով խոսում դրա մասին։ Նույն երեկոյան Սուրբ Վիտի մայր տաճարում հարյուրավոր մարդկանց ներկայությամբ կայացավ իր կարեւորությամբ ոչ պակաս գլխավոր ձեռնարկը, որի ծրագրում էին պաշտոնական ելույթներ, միջեկեղեցական աղոթք, սիմֆոնիկ մեծ համերգ եւ կինոդիտում»,- հիշեց նա։

Բնականաբար հարցինք, թե ի՞նչ որակներ պետք է ունենա դիվանագետը, որ պատմությունների մեջ չհայտնվի: «Չգիտեմ ինչ պատմություններ նկատի ունեք, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դիվանագետն իր առաքելությունն իրականացնելիս, հատկապես օտարարեկրյա գործուղման ընթացքում, պետք է լինի չափազանց զգույշ, ուշադիր եւ բանիմաց։ Պետք է միշտ հիշել, որ հակառակորդը եւս աշխատում է եւ հիմնականում՝ քո դեմ։ Ցանկացած, թեկուզ առաջին հայացքից անմեղ սայթաքում օգտագործվելու է քո եւ մեր պետության ու ազգի դեմ։ Միգուցե անհամեստ հնչի, բայց, որպես 24-ամյա փորձառություն ունեցող դիվանագետ, պետք է կարեւորեմ նաեւ հայրենասիրությունը, գիտելիքը, նվիրումը եւ աշխատասիրությունը»,- համոզված է դեսպանը։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ըստ դեսպանի ֆեյսբուքյան էջի եւ Հակոբ Ասատրյանի:

 

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031