Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի հակադոպինգային գործակալությունը լավագույններից մեկն է Եվրոպայում

Հունվար 27,2016 13:00

Հունվարի 16-ից 17-ը Թաիլանդում կայացած ՎԱԴԱ-ի հակադոպինգային տարածքային կազմակերպությունների 4-րդ կոնֆերանսին մասնակցել է Հայաստանի հակադոպինգային գործակալության տնօրեն Արեգ Հովհաննիսյանը: Նա «Առավոտին» պատմեց կոնֆերանսի ընթացքի մասին:

Մասնագետի խոսքերով, աշխարհում գործում է 16 հակադոպինգային տարածքային կազմակերպություն՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում ու Եվրոպայում: Վերջինի անդամ են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Մոնտենեգրոն, Ալբանիան, Բոսնիան եւ Մակեդոնիան: «Քննարկվում էին տարբեր հարցեր. առաջին հերթին, թե ինչպես բարելավել տարածքային հակադոպինգային կազմակերպությունների աշխատանքը: Շատ խոսվեց այն երկրների մասին, որոնք նման միջոցառումներին գործուղում են գործադիր կոմիտեի անդամ ոչ պատրաստված անձանց, ինչպես նաեւ այն երկրների մասին, որոնք չեն համապատասխանում Համաշխարհային հակադոպինգային կազմակերպության պահանջներին, իրենց երկրներում շատ վատ են կազմակերպում աշխատանքները, ինչպես նաեւ լիովին չեն մասնակցում տարածքային հակադոպինգային կազմակերպությունների աշխատանքներին», – ասաց պարոն Հովհաննիսյանը:

Հարցին, թե ի՞նչ առավելություն է տալիս տարածքային կազմակերպությունների անդամ լինելը, Արեգ Հովհաննիսյանը պատասխանեց. «Առաջին հերթին դա ՀՀԳ-ից գումարներ ստանալու հնարավորություն է՝ այդ տարածքի կազմակերպության անդամ երկրներում դոպինգ ստուգումներ կազմակերպելու: Անցած տարի Եվրոպական կազմակերպությունը պատշաճ կերպով է կատարել այդ ստուգումները, ինչի համար ՀՀԳ-ն այս տարի զգալիորեն ավելացրել է հատկացվող գումարի չափը, ինչը, օրինակ, Հայաստանին մարզիկների մոտ 30 թեստավորման հնարավորություն կտա»:

Հետաքրքրվեցինք, թե կոնֆերանսի օրերին անձնական հանդիպումներ եղե՞լ են: Եթե՝ այո, ի՞նչ քննարկումներ են եղել կամ համագործակցության եզրեր գտնվել: «Այո: Ես հանդիպեցի այս գործընթացի պատասխանատուի հետ եւ պայմանավորվեցինք, որ մենք ինքներս կորոշենք, թե ում ենք մեր մարզիկներից թեստավորելու այդ գումարներով: Այսինքն, ՀՀԳ-ն չի միջամտելու: Ի դեպ, պլանավորում ենք՝ մինչեւ օլիմպիական խաղերը Հայաստանի օլիմպիական ամբողջ թիմում երեք անգամ դոպինգ ստուգում անցկացնել՝ առաջնահերթությունը տալով ծանրամարտին եւ ըմբշամարտին»:

Քանի որ մասնագետը նշեց երկրների մասին, որոնք չեն համապատասխանում ՎԱԴԱ-ի ներկայիս պահանջներին եւ աշխատանքները լավ չեն կատարում, հետաքրքիր էր իմանալ, թե որոնք են այդ երկրները եւ դրանց նկատմամբ ինչ-որ գործողություններ չե՞ն կատարվելու: «ՀՀԳ-ի գլխավոր փոխտնօրենը, մասնավորապես, հայտարարեց, որ չորս երկրներ, որոնք մտնում են տարածքային հակադոպինգային կազմակերպությունների մեջ, այս տարվանից որակազրկվելու են եւ այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի մարտ ամսվա սկզբին՝ Լոզանում կայանալիք համաշխարհային համաժողովի ժամանակ: Անուններ այս պահին տալ չեմ կարող, բայց տեղյակ եմ՝ շատ հնարավոր է, որ դրանցից մեկը լինի մեր տարածքային կազմակերպության անդամ երկիր», – ասաց Արեգ Հովհաննիսյանը եւ շարունակեց. «Բավականին հետաքրքիր քննարկում եղավ դոպինգ ստուգման ձեւերը լրացնելու շուրջ, քանի որ այս տարվանից այդ ձեւերը փոխվում են: Առանձին քննարկվեց այս տարվա ժողովների նախագիծը, թե ինչ հարցեր պետք է ընդգրկվեն: Տեղեկացնեմ, որ ապրիլի 4-ից 6-ը մեր կազմակերպության ժողովը անցկացվելու է Հայաստանում, Ծաղկաձորում՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ: Բավականին երկար զրույցներ ունեցա նաեւ Եվրոպական օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ, դոկտոր Կլաուս Ստենբախի հետ: Նա շատ գոհ է մեր տարածքային կազմակերպության աշխատանքից, որում մեծ դեր ունի տնօրեն Թեյմուրազ Ուկլեբան՝ Վրաստանից: Ես պարոն Ստենբախին հրավիրեցի Հայաստան՝ մասնակցելու նշածս ժողովին: Նա խոստացավ մեզ ամեն բանով օգնել»:
Արեգ Հովհաննիսյանին խնդրեցինք պատմել, թե օլիմպիական խաղերի հետ կապված կոնկրետ քննարկումներ եղա՞ն: «Միակ քննարկումն այն էր, որ մինչեւ օլիմպիական խաղերը հնարավորին չափ շատ մարզիկների թեստավորում կազմակերպվի, քանի որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը կողմնակից է այն բանին, որ եթե մարզիկները կարգազանց են լինում, ավելի լավ է, որպեսզի որակազրկվեն մինչեւ օլիմպիական խաղերը: Այստեղ ցավով պիտի նշեմ, որ Եվրոպական տարածքային կազմակերպությունը բազմաթիվ դրականի կողքին նաեւ մի մեծ թերություն ունի. վերջին երեք տարում շատ են մարզիկների դոպինգ ստուգումների դրական արդյունքները: Օրինակ, Ադրբեջանն արդեն ունի 30-ից ավելի դրական նմուշ, որոնցից 23-ը միայն ծանրամարտում: Այս ցուցանիշով նա «բացարձակ առաջատար է»:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031