Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ լսեք ինձ»

Հունվար 27,2016 12:30

Հայտնի երգի այս տողը կարծես կոչ լինի Ռուբեն Մաթեւոսյանի արվեստի մասին՝ իբրեւ զուլալ եւ գրագետ կատարման չափանիշ

«Եթե ուզում ես դուրս կորզել հայ երգերի մեջ ներդրված հույզն ու իմաստը, գրավել ունկնդրին, մի փնտրիր շռայլ գեղգեղանքներ, քաղցրածոր ելեւէջներ, փնտրիր միայն պարզություն, մի անբասիր նրբերանգ եւ, եթե կարողացար գտնել եւ շեշտել այն, երգը կդառնա մի կենդանի ու ոգեշունչ խոհ, հույզ, պատկեր…»: Երբ ժամանակին այս միտքը «Առավոտին» հայտնեց Ռուբեն Մաթեւոսյանը, արվեստագետներից շատերն արձագանքեցին, ասելով՝ երգչի այս տողերը իսկական վարպետության դաս է:

Երգիչն արդեն 55 տարի է բեմում է, արդեն 7 ու կես տասնամյակ՝ մեր կողքին, ու գլխավորն այն է, որ արվեստագետը ոչ միայն հայ երգի կատարող եղավ, այլեւ շատ երկար ժամանակ մնալու է հենց այդ երգի կրողը: Հայ երգը որքան բազմախորհուրդ ու հուզական, որքան հախուռն ու ջերմ, որքան զգայուն ու նրբանկատ, այնքան էլ հստակ է, ջինջ, պարզ եւ տարբերվում է իր արտահայտչական միջոցների չափի զգացմամբ: Հենց արտահայտչական միջոցների այդ առկայությունը հարազատ հատկանիշ է Ռուբեն Մաթեւոսյանի ամբողջ էության համար: Առաջին բեմելից՝ 1961թ. սկսած, հանրաճանաչ երգչի գործունեության ակունքում ժողովրդական երգն է եղել: Մանկուց ունկնդիր լինելով իր ժողովրդի հույզերի արձագանքին՝ երգին, նա տարիներ շարունակ լսեց այդ երգը, ուսումնասիրեց, երգեց, իր երգածը շտկեց ու հղկեց այնքան, մինչեւ այդ երգերի մեջ մարմնավորված բյուրեղյա հույզերն ու զգացումները բյուրեղի ձեւ ստացան: Երգիչը մի կողմից ուսումնասիրում էր, ծանոթանում վաղուց արդեն մշակված երգային մշակույթի նվաճումներին, առաջին օրվանից աշխատելով մեծանուն Արամ Մերանգուլյանի ղեկավարությամբ, մյուս կողմից ջանում էր հարազատորեն վերարտադրել ազգային, ժողովրդական երաժշտության այդ երկու գծերը: Երգիչը կարողացավ այդ երկու գծերը զուգորդել, այդպիսով ժողովրդական երաժշտությունը, երգը բարձրացնել կատարողական արվեստի պրոֆեսիոնալ աստիճանի: Շնորհիվ երկարամյա ուսումնասիրությունների եւ, իհարկե՝ երգչական բեմական կյանքի, նա ճանաչեց հայ երգի առանձնահատկությունները, կարողացավ հմտությամբ ու չափի լավագույն զգացումով վերարտադրել դրանք իր կատարման մեջ:

Ruben_Matevosyan_1

Ռուբեն Մաթեւոսյանը՝ տիկնոջ հետ:

Ռուբեն Մաթեւոսյանը երգում է, չափազանցություն չի լինի, եթե ասենք՝ բոլոր ժողովրդական երգերը, կոմիտասյան գործերը, բազմաթիվ աշուղական երգեր, նաեւ հայ կոմպոզիտորների այն երգերը, որոնք հարմար են իր ձայնին: Նա ոչ միայն երգում է ու լավագույնն է կատարողներից, այլեւ երգչի հետաքրքրությունը դեպի ամեն մի նորը, հանգեցնում է այն բանին, որ նա դառնում է երգերի առաջին կատարողը: Մաթեւոսյանական կատարմամբ յուրաքանչյուր երգ իրավամբ կարելի է երգ-բալլադ անվանել, որի միջոցով հիշում ես ժողովրդիդ՝ սխրագործություններով լի, բայց ծանր ու անողոք պատմությունը, համակվում ես եւ մռայլ, եւ վեհ զգացումներով:
Երգիչը գիտի գտնել յուրաքանչյուր երգի բնույթը եւ տալ նրա յուրովի մեկնաբանությունը: Նա ցուցադրում է իր հուժկու, մարզված, առինքնող ու թովիչ ձայնը: Եվ այդ ձայնի բազմազան ելեւէջներն ու երանգները մերթ հաղթական, մերթ սիրային ու մեղմօրոր, մերթ երգիծական ու մերթ հուզումնալից ապրումներով, տարուբերում են ունկնդրի հույզերը, իրենց տրամադրությամբ համակելով բոլորիս: Եվ կարծես Աշոտ Սաթյան-Գեղամ Սարյանի երգի խրատական խոսքն ես ունկնդրում, երբ երգիչը երգում է. «Լավ լսեք ինձ…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ արվեստագետի արխիվից եւ musicofarmenia.com-ից:

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031