Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման փուլում գրգռված ստամոքսի եւ աղիների ախտանշաններն են` այրոցը, սրտխառնոցը, դառը համը բերանում, փորացավը, փորկապությունը, ախորժակի կորուստը, վատ մարսողությունը։ Ընդունել 100-200 գրամ եփած դդում` օրը 1֊2 անգամ։ Լավ է նաեւ հում կարտոֆիլի (նախընտրելի է կարմիր տեսակը) թարմ հյութը։
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում օգտագործել եզան լեզվի թարմ հյութը, օրական երեք անգամ` մեկ ճաշի գդալ` ուտելուց մեկ ժամ առաջ։
Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի եւ տոնուսի բարձրացման համար խորհուրդ է տրվում նախապես գազը հեռացրած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնահյութ եւ խմել նախաճաշից 30 րոպե առաջ։
Երեկոյան ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ որեւէ դեղաբույս (սուսամբար, արեւքուրիկ, անանուխ), թրմել մեկ ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ խմել։ Բուժման կուրսը երկու շաբաթ է։
Յոդացված օսլան բուժում է ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցերը։
50 միլիգրամ տաք ջրի մեջ բացել մեկ թեյի գդալ կարտոֆիլի օսլա, ավելացնել մեկ թեյի գդալ շաքարավազ եւ մի պտղունց կիտրոնաթթու։
Ստացված լուծույթը լցնել 150 միլիգրամ եռման ջրի մեջ, այնուհետեւ եփել եւ, միայն սառելուց հետո, ավելացնել մեկ թեյի գդալ յոդի 5%-անոց սպիրտային լուծույթ։ Ստացվում է կապույտ գույնի խառնուրդ։ Սենյակային ջերմաստիճանում եւ փակ ամանի մեջ այն կարող է պահպանվել մի քանի ամիս եւ չկորցնել բուժիչ հատկությունները։
Զանազան հիվանդությունները կանխարգելելու նպատակով, այս դեղամիջոցը պետք է ընդունել շաբաթական երկու անգամ՝ մեկական թեյի գդալ։
Աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի պաշտպանության համար օգտագործում են կտավատի սերմերից պատրաստված լորձունքը, կտավատի սերմի վրա ավելացնել եռջուր (10 գրամին` 300 միլիգրամ ջուր), թողնել մեկ ժամ, հետո թափահարել մոտ 15 րոպե, քամել, մզել։ Ընդունել ուտելուց 30 րոպե առաջ` օրը մեկ անգամ։
Գաստրիտի դեպքում, մեկ ճաշի գդալ ջղախոտի (եզան լեզու) վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր, 30 րոպե եփել ջրային բաղնիքի վրա, 10 րոպե սառեցնել սենյակային ջերմաստիճանում, քամել եւ ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 10 –15 րոպե առաջ, 1/2 -1/3 բաժակ։
Ստամոքսի խոցի բուժման համար օգտագործել սրոհունդի (արեւքուրիկ) հետ թրմած արեւածաղկի յուղը։ 0,5 կգ թարմ սրոհունդի վրա ավելացնել 1 լիտր արեւածաղկի յուղ, 2-3 շաբաթ թրմել մութ տեղում։ Խմել օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե առաջ` 1-2 ճաշի գդալ։
Կտավատի յուղը մեղրի հետ խառնել եւ օրը երեք անգամ մեկական ճաշի գդալ ընդունել աղեստամոքսային տրակտի բորբոքումների, ցավերի, խոցերի բուժման նպատակով։
Կտավատի սերմը աղալ, վրան ավելացնել կաթ (մեկ ճաշի գդալ կտավատին` մեկ բաժակ կաթ)։ Ընդունել օրական երեք անգամ՝ մեկ ճաշի գդալ` ուտելուց մեկ ժամ առաջ։ Բուժում է աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, լավ է հատկապես ստամոքսի խոցի դեպքում։
Խոցերը արդյունավետ է բուժում նաեւ կաղամբի թարմ հյութը։ Այն պետք է խմել երկու ամիս անընդմեջ` օրը երեք անգամ` 1/2 բաժակ ուտելուց առաջ։
Բրյուսելյան կաղամբի հյութն օգնում է ենթաստամոքսային գեղձի գործունեության վերականգմանն ու բարելավմանը։
Կտրված կաթի շիճուկը օգտակար է հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում։ Կաթի շիճուկով թխած հացն ունի յուրահատուկ համ եւ բուժական հատկություն։ Այն մաքրում է աղիները, ուժեղացնում է ստամոքսի սեկրեցիան։
Ստամոքսի այրոցի, փքվածության դեպքում, կես բաժակ գոլ ջրում լուծել կես թեյի գդալ կերակրի սոդա։ Լավ խառնել եւ խմել:
Այրոցը մեղմելու նպատակով կուլ տալ տասը հատ հատիկավոր սեւ պղպեղ` մեկ-մեկ` վրայից կում-կում ջուր խմելով։ Կամ` կուլ տալ տասը հատիկ հում բրինձ` մեկ-մեկ` վրայից ջուր խմելով։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.01.2016