Ինչո՞ւ են կուսակցությունները ձգտում «գլխաքանակ» ապահովել
Հայաստանում չկան զանգվածային կուսակցություններ: Այն կուսակցությունները, որոնք հայտարարում են, թե այդպիսին են, կա՛մ անկեղծ չեն, կա՛մ էլ իսկապես չեն պատկերացնում իրական վիճակը: Այո, մեր երկրում կան հազարավոր մարդիկ, որոնք իրենց «տրյումոյի» դարակում ունեն մի տեղ պահած ՀՀԿ անդամության տոմս: Բայց հարցրեք այդ մարդկանց, թե ինչ են նրանք մտածում ՀՀԿ-ի մասին, եւ նրանք «մասնավոր զրույցում» կասեն այնպիսի բաներ, որոնք հաստատ թերթում տպելու չեն: Ճիշտ է, դա ամենեւին չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում նրանք «տրյումոյից» կհանեն այդ տոմսը՝ ինչ-ինչ արտոնություններ կամ պաշտոններ ստանալու համար: Բացառված չէ նաեւ, որ որոշակի «գործ» կանեն ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ:
Մինչեւ անցած տարվա փետրվարը կային հազարավոր մարդիկ, որոնք ունեին ԲՀԿ անդամատոմս: Շատերն այդ կուսակցության անդամներ են դարձել փողով, շատերը՝ դարձյալ ինչ-ինչ ակնկալիքով: Հիմա, ենթադրում եմ, այդ կուսակցության շարքերը նվազել են: Դաշնակցությունը մի քիչ այլ պատմություն է. ակնհայտ է, որ Հայաստանում եւ Սփյուռքում կա մի քանի հազար հայ, որոնց ապրիլի 24-ին թուրքական դրոշ այրելը իրական բավականություն է պատճառում, եւ որոնք անկեղծորեն ապրում են 19-րդ դարի տեսլականներով: Ընդդիմություն է ՀՅԴ-ն Հայաստանում, թե իշխանություն՝ այդ մարդկանց առանձնապես չի հետաքրքրում: Մենք կարող ենք չընդունել այդ կուսակցության գաղափարախոսությունը, բայց չենք կարող չարձանագել, որ Դաշնակցությունն ունի տվյալ գաղափարախոսությանն անկեղծորեն նվիրված շարքեր: Բայց դարձյալ՝ այդ շարքերը «լայն զանգվածներ» չեն:
Մնացածների «զանգվածայնության» մասին խոսելը լուրջ չէ: Բացի թվարկած երեքից՝ ոչ մեկը նույնիսկ թղթի վրա չունի օրենքով պահանջված 5 հազար անդամներ, էլ չեմ ասում, որ մեծ մասը մարդ-կուսակցություններ են: Բայց ամենահետաքրքիրն այն է, երբ «զանգվածայնության պատրանքը» ստեղծվում է, այսպես կոչված, «միավորումների» եւ «դաշինքների» միջոցով: Եթե հիշում եք, մի տարի առաջ գրեթե ամեն օր հայտարարվում էր, որ այսինչը կամ այնինչը «միանում է համաժողովրդական շարժմանը»: Որպես «միացող»՝ հաճախ նշվում էր ինչ-որ մի «կորած-մոլորած» կուսակցություն, հասարակական կազմակերպություն կամ անհատ գործիչ: Հետաքրքիր է՝ որտե՞ղ են հիմա այդ բոլոր «միացածները» եւ «համաժողովրդական շարժումն» ընդհանրապես: Թե՞ «շարժման» ողջ «հզորությունը» պայմանավորված էր մեկ գործարարի՝ քաղաքականությամբ զբաղվելով կամ չզբաղվելով:
Կարդացեք նաև
Հիմա էլ ՕԵԿ-ը որոշել է «ռեբրենդինգ» լինել եւ ներկայանալ որպես «Ազգային վերածնունդ»: Բայց որպեսզի այս անգամ էլ ստեղծվի «զանգվածայնության պատրանք», էլի գտնվում են ինչ-որ անհայտ կազմակերպություններ, որոնք «միանում են» «Ազգային վերածնունդին»՝ հավանաբար, Արա Աբրահամյանի հնարավոր «սպոնսորության» ակնկալիքներով: Վերջերս, օրինակ, հայտարարվել է, որ «Ազգային վերածնունդի» մեջ մտել է «Ազգի փրկություն» կուսակցությունը: Չշփոթեք այդ կուսակցությունը Հանրային փրկության ճակատի հետ՝ ինչը շատ է Հայաստանում, տարբեր տեսակի «փրկիչներն են»: «Ազգային վերածնունդի» մեջ մտած այլ կազմակերպությունների մեծ մասը նույնքան հայտնի է, որքան «Ազգի փրկությունը», բայց ընտրություններից առաջ կհայտարարվի, որ «Ազգային վերածնունդի» մեջ մտնում է 145 կամ 1555 կազմակերպություն:
Իրականում «գլխաքանակ» ապահովելու այս մարմաջն առանձնապես ոչինչ չի տալիս: Հայաստանում հնարավոր է մտնել Ազգային ժողով կա՛մ իշխանության լծակներն օգտագործելով եւ դառնալ մեծամասնություն, կա՛մ ժողովրդի դժգոհությունն օգտագործելով եւ դառնալ փոքրամասնություն: Մեկ կուսակցություն է դա, թե 1000 կուսակցությունների միավորում՝ էական չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.01.2016
ՀՅԴ-ի շարքային անդամ դառնալու գործընթացը բաւական իւրայատուկ, բարդ եւ անսովոր է: Այլ կուսակցութիւններու պէս չէ:
Սակայն անոր կարողականութեան հիմնական մասը կազմում են մեծաթիւ համակիրները: Որոնցմէ շատեր անդամ չեն ուրեմն կուսակցութեան, սակայն կը գործեն անոր բազմաթիւ եւ բազմատեսակ «հարակից» Միութիւններու ընդմէջէն:
( Իսկ անոր գաղափարաբանութեան մակերեսային/ծաղրանկարային ներկայացման մասին… սիրտ չունիմ բան ասելու: )