Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Սարսանգի ջրամբարի հարցը իրականությունից կտրված է». 1in.am

Հունվար 26,2016 23:40

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

– Նաև Մինսկի խմբի ջանքերով այսօր ԵԽԽՎ համաժողովում կանխվեց հակահայկական բանաձևերից մեկի ընդունումը, ընդունվեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բոսնիացի պատգամավորի զեկույցը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, արդյո՞ք հնարավոր կլիներ կանխել այդ բանաձևի ընդունումը, եթե նախօրեին հանդես չգար Մինսկի խումբը, և կոչ չաներ ԵԽԽՎ-ին չանել մի գործողություն, որը կարող է խաթարել բանակցային գործընթացը և լարվածության հերթական աճի հանգեցնել:

– Եռանախագահողների հայտարարությունը, կարծում եմ, շատ մեծ դեր է ունեցել, ես դեռ մի քանի ամիս առաջ խոսելով այդ բանաձևերի մասին՝ ասել եմ, որ ուղղություններից մեկը, որ պետք է Հայաստանի իշխանությունները, խորհրդարանականներն աշխատեն, դա այն է, որ ամերիկյան եռանախագահող Ուորլիքի տեսակետը, որ արդեն հրապարակվել էր ամռանը, դառնա Մինսկի խմբի եռանախագահների տեսակետը: Կարծես թե դա տեղի է ունեցել: Ինչու այսքան ուշացավ. վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից է եղել նման վերաբերմունք, փառք Աստծո, որ հաջողվել է Ռուսաստանի համանախագահողին, ավելի ճիշտ՝ Կրեմլին ևս համոզել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն էլ, խորհրդարանականներն էլ որոշակի աշխատանք են կատարել:

Այո՛, Ուոլթերի նախագծած բանաձևը չընդունվեց, Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևն ընդունվեց, դա չարյաց փոքրագույնն էր: Սարսանգի ջրամբարի հարցը իրականությունից կտրված է: ԵԽԽՎ բանաձևի վերջնական տեքստը դեռ չեմ կարդացել, որովհետև դեռ նոր է ընդունվել, և չգիտեմ, թե ինչ փոփոխություններ են եղել, բայց արդյո՞ք կողմերին կոչ է արվել համագործակցել այդ ուղղությամբ: Ստեփանակերտը միշտ էլ պաշտոնապես հայտարարել է, որ այդ հարցով պատրաստ է Ադրբեջանի հետ համագործակցել: Մի խոսքով՝ խիստ կողմնակալ ձևակերպումներ են՝ նույնիսկ եվրոպացիների, Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների կարծիքով: Բրյուսելում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես գտնում են, որ դա իրականությունից կտրված բանաձև է: Համենայնդեպս, չեմ կարծում, որ դրանից մեզ շատ վնաս է լինելու: Հիմա ուղղակի հերթական անգամ ճնշում է պետք Ադրբեջանի վրա, թող համագործակցենք այդ հարցով, չէ՞ որ պաշտոնական Ստեփանակերտը չի մերժում այդ հարցով համագործակցումը:

Իրականում, կարծում եմ, այդ համագործակցությունն Ադրբեջանին պետք չէ, միայն աղմուկի համար էր պետք: Հաշվի առնելով, որ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական իրավիճակը արդեն լուրջ քաղաքական հետևանքներ է ունենում, բերում է անկայունությունների, Ադրբեջանին սա պետք է ընդամենը քարոզչական նպատակներով, որովհետև ինքն ընդհանրապես մերժում է օգտագործել այս քարոզչությունն ի շահ իր իսկ քաղաքացիների, որոնց օգուտ կլինի տնտեսապես, եթե համագործակցություն լինի: Վտանգը ես չեմ կարծում, որ շատ մեծ է, որովհետև հիմնական խաղացողները, եռանախագահողները և ԵՄ-ն շատ լավ հասկանում են, որ որևէ քաղաքական հետևանք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևը չի ունենա, իհարկե, մեզ համար կունենա քարոզչական բացասական հետևանք:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաջին լրատվական»-ի կայքում`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031