«Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով այսօր ԵԽԽՎ կողմից ընդունված Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցին:
«Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է համագործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանգի ջրամբարի ջրի համատեղ օգտագործման հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները:
Ի դեպ, բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002 թ.-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ», գրել է Արթուր Աղաբեկյանը: