Լրահոս
Օրվա լրահոսը

Պիետրոդարկի. «Շատ ծիրան կերա, ջուր խմեցի եւ…»

Հունվար 26,2016 23:11

«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր հյուրընկալվել էր իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Նա Երևանում է՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգաշարին մասնակցելու նպատակով: «Վաղը տեղի կունենա իմ մենահամերգը, կներեք, որ շատ ժպտերես չեմ, քանի որ հոգնած եմ»,-անկեղծացավ Պիետրոդարկին:

pietrodarki2

 

Aravot.am-ը ներկայացվում է դրվագներ՝ նրա եւ ներկաների երկխոսությունից.

-Առաջի՞ն անգամ եք Հայաստանում:

-2007 թվականից տարին մոտ երկու անգամ գալիս եմ Հայաստան: Առաջին անգամ եկել եմ Տոնինո Գուերայի հետ: Շատ շնորհակալ եմ նրան, որ նրա շնորհիվ ինձ համար հայտնաբերեցի Հայաստանը:

-Ձեզ դուր եկա՞վ մեր երկիրը (Պիետրոդարկիին հարազատ իտալերենով հարցրեց մի աղջիկ)

-Շատ է դուր է գալիս Հայաստանը: Իտալիայից հետո իմ ամենասիրելի երկիրն է: Իսկապես այդպես է: Շատ կուզենայի այնպես խոսել հայերեն, ինչպես դուք եք հիմա խոսում իտալերեն:

-Հայաստանի ո՞ր վայրերն եք հատկապես հավանել:

-Ասեմ, որ բավականին ճանաչում եմ Ձեր երկիրը, շատ եմ հավանել Նորավանքը: Հատկապես տպավորվել եմ Թբիլիսի-Երեւան ճամփորդությունից, երբ մեքենայով հասել եմ Երեւան: Ի դեպ, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, որտեղ երեք թունելներ կան, մեկը շատ վատ վիճակում է, կարծես քարանձավ լինի: Աչքիս առաջ գիշերը բեռնատարը մնաց թունելի մեջտեղում, չկարողացավ անցնել: Ուշագրավ էր:

-Քանի որ ես էլ վանաձորցի եմ, ասեմ, որ դա միակ թունելն է, որը կառուցապատման հնարավորություն չունի, այն անընդհատ քանդվում է (ասաց ներկաներից մեկը):

-Ինչպիսի՞ տպավորություն ունեք հայ երաժիշտների մասին:

-Պարզապես հիացած եմ նրանց պատրաստվածությամբ, հատկապես Երիտասարդական նվագախմբի երաժիշտների, ովքեր հիացնում են իրենց պրոֆեսիոնալիզմով: Հետեւաբար, երաժշտական դպրոցը Հայաստանում լավն է: Խոսելով Ջիվան Գասպարյանի մասին՝ կարելի է պատկերացնել, թե ինչ մակարդակ ունի Հայաստանը, որով ներկայանում է աշխարհին:

Ձեր հաջողության գաղտնիքը կամ կարգախոսը:

-Դա աշխատասիրությունն է: Սկզբում մտերիմներին դժվար է հավատալ, որ երաժշտությամբ հաջողություն կունենաս: Բայց երբ հասկացա, որ երաժշտությունն իմն է, օրական 12 ժամ պարապեցի: Հիմա դասավանդում եմ, աշակերտներիս նույնպես խորհուրդ եմ տալիս լինել աշխատասեր»:

Հանդիպման ավարտին Պիետրոդարկին եւս մեկ զավեշտալի դեպք հիշեց. «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժամանակ շատ ծիրան կերա, ջուր խմեցի եւ խնդիր ունեցա… բայց միեւնույն է շատ եմ սիրում ծիրան: Այդ հոտը Եվրոպայում չկա»: Հանդիպման մասնակիցներից մեկն էլ այսպես արձագանքեց կատարվածին. «Եթե սիրում եք ալկոհոլային խմիչքներ համտեսել, ավելի լավ է ծիրանի օղի խմեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031