Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ նոր օմբուդսմենի նշանակման մասին. ՀՅԴ-ն ունի իր թեկնածուն

Հունվար 26,2016 23:05

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամները դժգոհում էին, որ իշխանությունները պատրաստվում են նոր օմբուդսմենի նշանակման հարցի քննարկումը կազմակերպել ոչ թե իրենց հանձնաժողովում, այլ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ ՀՀԿ-ականները շատ են: Ըստ Զարուհի Փոստանջյանի, իշխանությունները այնպիսի թեկնածու են ուզում բերել, որն ընդունելի չէ ընդդիմադիրների կողմից:

Այդ առնչությամբ այսօր Aravot.am-ը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ըստ Ձեզ, ճի՞շտ է, որ այդ հարցի քննարկումը լինի Ձեր հանձնաժողովում, երբ ԱԺ-ում գոյություն ունի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով:

Նա պատասխանեց. «Ճիշտ եք, եթե Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի մանդատի մեջ մտներ այդ հարցն ի սկզբանե: Բայց, քանի որ գործող սահմանադրական նորմով ԱԺ մշտական հանձնաժողովները ստեղծվում են կոնկրետ իրենց ոլորտի վերաբերյալ օրենսդրության մշակման, տեղեկանքների պատրաստման կամ այլ հարցերի քննարկման եւ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար, ստացվում է, որ մենք, առաջնորդվելով նոր Սահմանադրական կարգավորումով, մի նոր ինստիտուտ պետք է ձեւավորենք: Վստահ եմ, որ եթե անգամ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովին վերապահվեր այդ իրավասությունը, ի վերջո մեծամասնությունը պետք է համաձայնվի այս կամ այն թեկնածուին՝ լիագումար նիստի ժամանակ, որպեսզի այդ անձն ընտրվի Մարդու իրավունքների պաշտպան: Հետևաբար` առաջին հայացքին նման պնդում կատարելու հարցը կարող է նաեւ քննադատության չդիմանալ: Այլ բան, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված են բոլոր խմբակցությունները՝ իրենց պատգամավորներով եւ կա անկախ պատգամավոր: Այդ հանձնաժողովը ներկայացվածության տեսանկյունից շատ ավելի լայն է, քան Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ, քանի դեռ Սահմանադրական նոր կարգավորումներին չի համապատասխանեցվել ԱԺ կանոնակարգ օրենքը, այս հարցը պետք է մնա ԱԺ լիագումար նիստի իրավասության ներքո. «Առաջիկայում, երբ կքննարկվի այն նախագիծը, որը շրջանառության մեջ է եւ որով նմանատիպ հարցը կքննարկվի, այն ժամանակ նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովն իր տեսակետը կարող է արտահայտել՝ արդյո՞ք ինքը կողմ է նման լիազորություն ստանձնելու այս պահի իրավասության շրջանակներում, թե՞ չի առարկում, որ ԱԺ կանոնակարգ օրենքի մշակման լիազորություն ունեցող Պետաիրավական հարցերի հանձնաժողովը հնարավորություն ունենա այս հարցին լուծում տա»:

Մեր դիտարկմանը, որ եթե հարցը մտնի ԱԺ լիագումար նիստ, ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ ցանկացած թեկնածուի կարող են հանգիստ անցկացնել՝ Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Բնականաբար, դրա համար եմ ասում: Դա  առաջին հայացքից է թվում մտավախություն: Իրականում քաղաքական մեծամասնությունը ինքն է որոշում ի վերջո՝ անցկացնի, թե չէ: Այլ բան, որ ՀՀԿ-ն 3/5-րդ-ի ձայները մեծամասնությունն այս պահին չունի: Բնական է, որ պետք է խորհրդակցի նաեւ այլ խմբակցությունների եւ անկախ պատգամավորների հետ, որ կարողանա իր պաշտպանած թեկնածուին անցկացնի»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ խմբակցությունները պետք է հնարավորություն ունենան ներկայացնել իրենց թեկնածուին: ՀՅԴ-ն իր աչքի տակ ունի համապատասխան թեկնածու, թե ում մասին է խոսքը՝ փակագծերը չեն բացվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031