Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւելու ենք, որ մեղավոր անձինք հայտնաբերվեն եւ պատժվեն. Օհանյանը՝ սպանված կուրսանտի գործի մասին

Հունվար 26,2016 20:47

«Ամենացավալի երեւույթը Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված, երեւի թե մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության եւ նաեւ ինչո՞ւ չէ ինստիտուտի ղեկավարության աշխատանքի վրա»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իր առջեւ դրված խնդիրները իրականացրել է. «Եթե ռազմական ինստիտուտը չիրականացներ, մենք չէինք կարող այսօր զինված ուժերն ապահովել համապատասխան հրամանատար կազմով: Եվ մենք ունենք հրամանատարների մի մեծ համաստեղություն, որոնք որ այսօր իրենց գրագիտությամբ, իրենց ունակություններով չեն տարբերվում ո՛չ Խորհրդային Միության, ո՛չ այլ կադրային սպաներից, դեռ ավելին՝ առանձնանում են իրենց գրագիտությամբ, գաղափարական եւ նաեւ հայրենասիրական համապատասխան դաստիարակությամբ: Ցավոք սրտի, նաեւ այսպիսի, կարելի է ասել, կազմակերպված եւ կատարյալ կառույցներում են լինում ցավալի երեւույթներ եւ բացթողումներ:

Այդ բացթողման շուրջ մենք համապատասխան որոշում ենք ընդունել՝ մեծ քանակությամբ պաշտպանության նախարարի հրամանով անցկացված ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձինք են պատժվել, ազատվել, նրանցից շատ-շատերը փոխարինվել են: Այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում զինված ուժերի այլ զորամասերից, այլ զորամիավորումներից սպայական կազմից համալրելու ռազմական ինստիտուտը՝ փոխարինելու այն սպաներին, որոնք կա՛մ երկար ժամանակ են եղել ռազմական ինստիտուտում, կա՛մ իրենց ունակություններով այլեւս չեն համապատասխանում որպես պրոֆեսորադասախոսական կազմ, եւ նրանց մենք փոխարինում ենք»:

Սեյրան Օհանյանը հավելեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության հարցը իրավական դաշտում է, եւ իրենք հետեւելու են, որ մեղավոր անձինք մինչեւ վերջ հայտնաբերվեն եւ ըստ օրենքի պատժվեն:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Բարսեղյանին: Զորամասի կուրսանտ Վարազդատ Սաֆարյանն էլ 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց եւ վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածները, ծեծի են ենթարկել Մանասերյանին: Բացի դրանից՝ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մոսես says:

    Խմբակային հանցագործություն է, լեցուն վկաներ կան, օրերի հարց պիտի լիներ գործի ամբողջական բացահայտումը՝ ցանկության դեպքում: Ակամա Վարդան Պետրոսյանի տարիներով ձգձգվող գործն է հիշեցնում, որն ընդամենը ճանապարհա – տրանսպորտային ցավալի պատահար էր: Ակամա տպավորություն է ստեղծվում, որ այս գործով զբաղվողները հակված են ըստ հնարավորինս ձգելու – չարչրակելու նման գործնթացները, հավելյալ տառապանքներ պատճառելով տուժողներին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031