«2015 թվականը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար ձեռքբերումների եւ դիրքերի ամրապնդման տարի էր»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ իրենք 2015 թվականի ընթացքում իրենց գործունեությունը իրականացրել են չափազանց լարված իրավիճակում. «Հակառակորդի կողմից սանձազերծած տարբեր խախտումների, ոտնձգությունների, որոնք արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով: Ընդ որում, կրակոցների տրամաչափը հասցնելով մաքսիմումի՝ օգտագործելով ականանետների 60, 82, 120 միլիմետրանոց ռեակտիվ համազարկային համակարգերի, հրանոթների եւ նույնիսկ տանկերի կրակոցներով:
Այդ իրականության մեջ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարների եւ նրանց ենթակաների հմուտ գործողությունների շնորհիվ մենք կարողացել ենք զինված դիմակայության շրջանակներում զսպել հակառակորդին՝ ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլ նաեւ շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով ապահովել խաղաղ իրավիճակ սահմաններում: Չնայած որ խաղաղ իրավիճակը մեզ համար հարաբերական իրավիճակ է, ինչպես ընդունված է ասել՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն իրավիճակում»:
Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք 2016 թվականը իրենք հայտարարել են հրամանատարական պատրաստվածության տարի եւ անցկացնելու են «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ եւ ապահով հայրենիք» կարգախոսի ներքո: Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք այդպիսով նպատակ ունեն եւս մեկ աստիճանով բարձրացնելու համար հրամանատարների պատրաստվածության աստիճանը, գիտելիքները, հմտությունները ու ունակությունները եւ նրանց շնորհիվ բարձրացնել արհեստավարժությունը Զինված ուժերում:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ