Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարույր Սևակը ժամանակակից հայ գրականության հրամանատարն է». Աբգար Ափինյան

Հունվար 26,2016 19:25

Պարույր Սևակի ծննդյան օրվա առթիվ Երևանի գրողների միությունն այսօր Հայաստանի ազգային գրադարանում մեծարման երեկո էր կազմակերպել:

«Սևակի կենդանության օրոք բոլոր պաշտոնական փաստաթղթերում իբրև նրա ծննդյան օր նշվել է հունվարի 26-ը, սակայն Սևակի գրառումներից մեկում հունվարի 24 ամսաթվի դիմաց Սևակն իր ձեռագրով գրել է՝ իմ ծննդյան օրը»,- ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Նրա համոզմամբ՝ ժամանակակից հայ գրականությունն առաջ է շարժվում Սևակի նախանշած ուղով. «Դա անառարկելի փաստ է,- ընդգծեց Ափինյանը,- Պարույր Սևակը ժամանակակից հայ գրականության հրամանատարն է: Նա բացեց այս ճամփան, նա նորոգեց հայ գեղարվեստական միտքը: Սևակը երիտասարդ գրողներին շատ պատգամներ է թողել: Դրանցից հիշենք ձևական նորարարությունից, աճպարարությունից հեռու մնալու նրա հորդորը»:

Նա անդրադարձավ նաև Հովհաննես Շիրազի և Պարույր Սևակի հարաբերություններին՝ ընդգծելով, որ սխալվում են բոլոր նրանք, որոնք կարծում են՝ Շիրազն ու Սևակը միմյանց չեն սիրել: Եվ պատմեց հետևյալը. «Մի անգամ, երբ Սևակը Գրողների միությունում նիստ է նախագահում, ուշացած ներս է մտնում Շիրազը: Սևակը նրան ասում է՝ Շիրա´զ, արի նախագահությունում նստի, քո տեղն այստեղ է: Սակայն Շիրազը ցուցադրաբար անցնում է շարքերի միջով, գնում նստում է ամենավերջում և ասում. «Որտեղ ես նստեմ, այնտեղ է նախագահությունը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Մինաս says:

    //Պարույր Սևակը ժամանակակից հայ գրականության հրամանատարն է … // – գոնե կարելի էր նշել՝ ,,իմ համեստ կարծիքով,, այլապես ստացվում է՝ ,,ես էլ հայ քննադատական մտքի անվիճելի հրամանատարն եմ … քանի որ նախագահն եմ!,,

  2. Մանաս says:

    ((Գրականության հրամանատար)) – աչքիս մի տեսակ սիրուն չի

    • Հ.Շ. says:

      իրաւունք ունիս, վրան ալ՝ ռազմական-մարտական բառամթերք է գործածվում…

      յատկապէս խաղաղասէր բանաստեղծի մը մասին
      «Սարդարապատ»էն զատ ոեւէ ռազմաշունչ քերթուած ունի՞…
      չեմ հանդիպել…

      («Բեկանեմ Շանթեր»ը լրիւ ուրիշ բան է… )

  3. Սարգիս says:

    Իսկ ինչու չեն հարցրել Հ…անճար մեյդան…փորձագետ Սամվել Մարտիրոսյանին?Բա կարելի էդպես? Կարծում եք մոռացել ենք 2015 սեպտեմբերի 17-ին, Երևանի գրողների միությունը և Հայաստանի ազգային գրադարանի Գրական ստուդիան քննարկում էին կազմակերպել՝ «Ո՞րն է Սիլվա Կապուտիկյանի տեղը հայ գրականության մեջ» թեմայով:Դրվել էր նաև Սևակի հարցը,որը պիտի քննարկեին հաջորդ անգամ …Հանկարց հիմա հրամանատար?Գոնե հանգիստ թողեք մեր ՄԵԾԵՐԻՆ.Ազգը ինքն է իր հրամանատարներին ընտրում և կոչումներ տալիս:Առանց Ձեր գնահատականների էլ մի կերպ կդիմանանք:

  4. Հ.Շ. says:

    այլեւս լաւ հասկցանք,
    Հայաստանի մէջ ամէն անձ հրամանատար է, զօրավար է, սպարապետ է, հանճար է, պաշտելի անձ է, կարգին չաստված է, եւայլն.
    կամ ել՝ այդ ամէնուն նոյնքան ծայրագոյն հակառակը, անշուշտ…

    սովորական մահկանացուներ գոյութիւն չունին,
    մարդկային չափանիշներով կարծիք կամ արժեւորում չկայ
    ոչ չափաւոր գովասանք, ոչ ել հաւասարակշռված քննադատութիւն
    եւ ամէն բան՝ բացարձա՛կ

    այս մօտեցումը մինչեւ իսկ կը յաջողի ահա, այստեղ,
    անհաճոյ արտայայտութիւններ ներշնչել՝ Պարոյր Սեւակի նման մեծ բանաստեղծի մը նկատմամբ

    մինչ ան խորապէս համեստ մարդ էր,
    ի տարբերութիւն կարգ մը այլ մտաւորականների

  5. Ռուբեն says:

    Ի տարբերություն մյուս մեկնաբանողների, Ափինյանի կողմից Պարույր Սևակին ժամանակակից հայ գրականության հրամանատար անվանելն իմ մոտ դրական զգացողություն առաջացրեց: Նախ, ուրախալի է, որ Երևանի գրողների միությունն արձագանքում է մեր գրականության մեծերի ծննդյան օրերին և կազմակերպում է հուշ-երեկոներ (մոտ 1 ամիս առաջ էլ կազմակերպել էր բանաստեղծուհի Մարո Մարգարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նմանատիպ միջոցառում), և երկրորդ` առաջարկում եմ ոչ թե թերություններ փնտրենք հուշ-երեկոյում ասված գովեստի խոսքի ձևի մեջ, այլ կոչ անենք, որ այդպիսի հանդիսություններ ավելի հաճախ և ավելի բարձր մակարդակով կազմակերպեն նաև մեր մյուս իրավասու օղակները` Հայաստանի գրողների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Գտնում եմ, որ մեր գրականության մեծերը արժանի են դրան:

    • Հ.Շ. says:

      լաւ, տեղին է, Ռուբէն…

      սակայն հիմա ուրիշ հարց արծարծեցիր

      այդ մեկնած Մեծերը յիշելը, պատվելն ու յարգելը, շատ բարի

      իսկ ե՞րբ ենք արժանի կերպով ճանաչելու տակաւին ողջ Մեծերը,
      եւ զբաղվելու նաեւ նորելուկ ստեղծագործներով

      • Ռուբեն says:

        Նորելուկ ստեղծագործողների գնահատանքի վերաբերյալ Ձեր հարցը տեղին է: Այդտեղ էլ շատ անելիքներ ունեն գրկանագետները և մենք` ընթերցողներս: Ցանկալի է նաև, որ նորելուկ ստեղծագործողները հաճախակի հիշեն Պարույր Սևակի “Իմ կտակը” բանաստեղծությունից հետևյալ հատվածը.

        Դու, հարազա՜տըս,որ գալու ես դեռ
        Պաշտպանի՛ր հորըդ,
        Որ չխեղճանա խեղճերի կողմից:
        Եվ դա կարող ես անել շա՛տ դյուրին:
        Հենց որ ինձանից խարազան շինեն՝
        Մեջք ու թիկունքիդ,
        Հենց որ քո գլխին ինձ դարձնեն մահակ,
        Հենց որ խուփ դարձնեն քո բերնին,
        Գիտցի՛ր,
        Որ դո՜ւ ես կյանքում իմ հարազատը,
        Որ իմը դո՛ւ ես
        Հենց դո՛ւ ես ու կաս,
        Ու եթե հայրըդ ապրելիս լիներ
        Կյանքում կլիներ քեզ հետ միասին՝
        Ընդդեմ խեղճերի,
        Որ իմ անունով
        Հիմա ջանում են բերանդ փակել:

        Դու ինձ խեղճերից պաշտպանի՜ր, տղա՛ս,
        Պաշտպանիր դու ինձ՝
        Ինձ չկրկնելով
        Եվ չքայլելով իմ հետքով ծանոթ,
        Ինձ – եթե կուզես – ժխտելո՜վ անգամ:
        Ինձ չկրկնելով – և միայն այդպե՛ս
        Կխոսես դու իմ հարազատ ձայնով:
        Սեփական շավիղ բացելով միայն
        Բանուկ կպահես իմ բացած ուղին:
        Եվ ինձ ժխտելով՝
        Ինձ կհաստատես:

  6. Մեսրոպ Թումանյան says:

    Ռուբենի հետ համաձայն եմ: Տգեղ է մեծերի մասին այդ տոնով գրելը, իսկ Աբգարի ասածի մեջ մեծ իմաստ կա:

  7. Մանե says:

    Վայ, Աբգար: Նոր բան ասա, հերիք է մյուս գրականագետներին կրկնես: Սևակն իր տեղն ունի, դու չէ, որ պետք է որոշես ու հրամանատար նշանակես: Ժողովուրդն ու ընթերցողը ում սիրում կարդում են, նա էլ լավ գրող է, կամ ինչ է նշանակում 2 հատ գրողների միություն? Ամոթ է, ձեզ հավաքեք:

  8. Հ.Շ. says:

    Կարծիքների այս փոխանակումը մի քիչ ծուռ ուղղութիւն առաւ:

    Այստեղ չեմ կարծում որ ոեւէ մէկը որեւէ հարցականի է ենթարկում Պարոյր Սեւակի անհերքելի մեծութիւնը, որպէս գրագէտ, որպէս փիլիսոփայ, որպէս մտաւորական, որպէս հայ, որպէս մարդ:

    Առարկութիւնը վերաբերում է միմիայն «հրամանատար» բառի գործածութեան: Իսկ բառերը անշուշտ շատ կարեւոր են, յատկապէս երբ նիւթը գրականութեան մասին է:

    Պարոյր Սեւակը բառացիօրէն հանճարեղ բանաստեղծ է: Իր նմանը չկայ հայ գրականութեան մէջ, ոչ ել հաւանաբար համաշխարհային գրականութեան մէջ (օտար գրականութիւն ուսանած եմ գանատական համալսարանում, իրաւաբանական ճիւղ մտնելէս առաջ):

    Սակայն զայն սերունդի ամենամեծը յորջորջելը, ան ալ «հրամանատար» տիտղոսով – ինչ որ ենթադրել կու տայ թէ բոլոր միւսներին ինք կը ղեկավարէր… -, վիճելի հաստատում է:

    Հաւանական է որ ինք իսկ – իր իւրայատուկ ժպիտով – քաղաքավարօրէն մերժէր այդ տիտղոսը…

  9. Ռուբեն says:

    Հարգելի մեկնաբանողներ, այսքան էներգիա որ մենք ծախսեցինք նրա վրա, թե Աբգարն ով է, որ ժամանակակից հայ գրականության հրամանատար նշանակի, այդ նույն էներգիայով կարող էինք մի հատ էլ գրական հուշ-երեկո կազմակերպել ու այնտեղ արդեն դուք ում կուզեիք` հրամանատար կնշանակեիք:
    Հիմա լսեք, թե ինչ եմ ասում: Սևակը ոչ միայն հրամանատար է, այլև ժամանակակից հայ գրականության ամենախորքային, ամենահամարձակ, ամենախոհեմ, ամենաանկեղծ, ամենահայրենասեր, ամենամարդասեր բանաստեղծն է:
    Դե հիմա շուռ եկեք դեպի ինձ, քարերը չմոռանաք, քարերով խփեք, որ հանգստանաք: Ու վերջում չմոռանաք ասել. “ Արա, էս ով ա, որ իրեն իրավունք ա վերապահում ժողովրդի ու ընթերցողի փոխարեն սենց մեծ-մեծ բաներ խոսի”:

  10. Գեւորգ says:

    Եղբայր, մեր գրականագետները տարրական տրամաբանությունից մի քիչ հեռու մարդիկ են երեւում աչքիս: Դատենք այսպես՝ ա) եթե Սեւակը գրականության հրամանատար է, ապա մյուսները, բնականաբար, պիտի համարվեն զինվորներ, սերժանտներ, պռապորշչիկ եւ այլն: բ) եթե գրականությունը զորախումբ է, ապա որն է թշնամին? Այսպիսով` նման ,,մազալու,, հարցերի շարք է առաջանում: Մարդն ընդամենը մի անզգույշ բան է բաց թողել, կարիք չկա սուր ու վահան առնել ու ճակատամարտի ելնել: Իսկ Սեւակին (նաեւ բոլորին) ամեն ոք ԻՐԱՎՈՒՆՔ ՈւՆԻ գնահատել յուրովի, գոնե այս հարցով ,,հայություն,, չանենք, այսինքն մերն ուրիշի վզին չփաթաթենք …. անտանելի է!

  11. Ռուբեն says:

    Ժողովուրդ ջան, գրականության մեջ կա “ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ” հասկացությունը, համոզված եմ, որ այդ մասին շատերդ գիտեք: Օրինակ` եթե ասում ենք, որ Նարեկացին միջնադարյան հայ գրականության շունչն է, ապա “շունչ” բառը ուղղակի իմաստով չենք հասկանում, եթե Թումանյանը հայ ժողովրդի ցավին վերաբերվող բանավեճի ժամանակ իրեն Ամենայն հայոց բանաստեղծ է անվանել, բառացի իմաստով չի ասել (նա այդքան անհամեստ չէր կարող լինել): Նույն կերպ էլ` Սևակի ծննդյան օրվանը նվիրված հուշ-երեկույթում հնչել է “ժամանակակից հայ գրականության հրամանատար” արտահայտությունը` բանաստեղծին մեծարելու նպատակով և ինքնին պարզ է, որ ասվել է փոխաբերական իմաստով: Իսկ մենք ինչեր ենք գրում`
    1. ազգը ինքն է իր հրամանատարներին ընտրում և կոչումներ տալիս,
    2. դու չէ, որ պետք է որոշես ու հրամանատար նշանակես,
    3. եթե հրամանատար, ապա մյուսները պետք է համարվեն զինվորներ, սերժանտներ, պռապորշչիկ և այլն:

    Մեկնաբանություններ գրողներին նաև մի մեծ խնդրանք ունեմ, որ ամոթանքներ տալուց ձեռնպահ մնան: Օրինակ “ամոթ է, ձեզ հավաքեք” կամ էլ “ անտանելի է! “ կոչերը մեկնաբանության վերջաբանում կարդալիս ընկճվում ես ու ափսոսում, որ այդ մեկնաբանությունը կարդացիր (մինչդեռ մեկնաբանության ընդհանուր իմաստի մեջ ռացիոնալ բաներ ես գտնում):
    Եթե հայտնածս կարծիքից որևէ մեկը նեղսրտի, ապա հայցում եմ Ձեր ներողամտությունը: Ես էլ Ձեր տեսակից եմ և թերություններով լի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031