Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 6 մլն հրեա համակարգված կերպով հավաքվել և բնաջնջվել է։ Նացիստները սպանում էին նաև սինտիներին ու գնչուներին, քաղբանտարկյալներին ու համասեռամոլներին, հաշմանդամներին, Եհովայի վկաներին ու Խորհրդային երկրի ռազմագերիներին։
Հոլոքոստը սարսափելի հանցանք էր։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ այն տեղի է ունեցել: Հարգելով զոհերի հիշատակն ու մեծարելով վերապրածների, ինչպես նաև նրանց աջակցած ու ազատագրած մարդկանց քաջությունը, մենք ամեն տարի վերահաստատում ենք նման դաժանությունները կանխելու ու դրանց նպաստող նողկալի մտածելակերպը մերժելու մեր վճռականությունը։
Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է վերահաստատելու հավատը յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հանդեպ, ինչպես նաև պաշտպանելու բոլորի հավասար և խտրականություններից զերծ պայմաններում ապրելու իրավունքները։
Այս սկզբունքներն այսօր էլ շարունակում են մնալ էական։ Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում և պատերազմներից, հալածանքներից ու զրկանքներից փախչող միլիոնավոր փախստականներ, շարունակում են ենթարկվել խտրականության ու հարձակումների։ Մեր պարտքն է՝ հիշել անցյալը և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքն այսօր։
Կարդացեք նաև
Ավելի քան մեկ տասնամյակ ՄԱԿ-ն իրականացնում է Հոլոքոստի իրազեկման ծրագիր՝ երիտասարդության շրջանում տարածելով տեղեկատվություն Հոլոքոստի մասին։ Շատ գործընկերներ, այդ թվում և Հոլոքոստը վերապրածները, շարունակում են աջակցել այս կարևոր գործին։
Հոլոքոստի հիշատակը զորեղ հիշեցում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դադարենք տեսնել մեր ընդհանուր մարդկությունը։ Հոլոքոստի հիշատակի այս օրը կոչ եմ անում յուրաքանչյուրին դատապարտել քաղաքական ու կրոնական այն գաղափարախոսությունները, որ մարդկանց իրար դեմ են տրամադրում։ Եկեք բոլորս դեմ արտահայտվենք հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին։ Եկեք ստեղծենք մի այնպիսի աշխարհ, որտեղ արժանապատվությունը հարգված է, բազմազանությունը՝ խրախուսված, իսկ խաղաղությունը՝ հաստատուն։