Հայտնել ենք, որ հունվարի լույս 24-ի գիշերը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում դանակահարել են 1957թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանին: Ըստ ոստիկանության հաղորդագրության` դիմակավորված 2 անձինք մտել են Ռ. Իսրայելյանի հորը՝ 1929թ, ծնված Կարլեն Իսրայելյանին պատկանող տնակ, գումար պահանջել: Երբ նրանք հրաժարվել են գումար տալ, դանակահարելով սպանել են Ռ. Իսրայելյանին,վիրավորել՝ Կարլեն Իսրայելյանին: Վերջինս ուղեղի ցնցումով եւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ Կարլեն Իսրայելյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ գտնվում է տանը: Գյուղապետն ասաց, որ Ռազմիկ Իսրայելյանն անասնապահ էր,մեկ տասնյակից ավելի խոշոր եղջերավոր անասուն ուներ: Գյուղապետը նրան բնութագրեց որպես դրական անձնավորության:
Իրավապահներից տեղեկացանք, որ հայր եւ որդի Իսրայելյանները ապրել են շատ համեստ պայմաններում: Հանցագործության կապակցությամբ քննարկվում են մի քանի վարկածներ: Քրեական գործ է հարուցվել սպանության, սպանության փորձի, ավազակային հարձակման եւ այլ հոդվածներով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ