Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ԵԽԽՎ-ին. «Խնդրում եմ ձեզ հարգել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»

Հունվար 26,2016 17:57

Լևոն Զուրաբյանը հերթագրվել էր ելույթի համար ԵԽԽՎ նիստում, որտեղ պետք է քննարկվեին երկու ոչ հայանպաստ բանաձևեր: Իր ելույթի տեքստը ներկայացվել է քարտուղարություն՝ որպես պաշտոնական փաստաթուղթ:

Լևոն Զուրաբյանի ելույթի տեքստը ղարաբաղյան
բանաձևերի քննարկման դեբատում


Վեհաժողովի հարգելի անդամներ,

Առաջարկված նախագծերի քվեարկությունից առաջ կարևոր է հասկանալ, թե ինչպիսի հետևանքներ կունենա բանակցային գործընթացի խարխլումը: Մենք ցանկանո՞ւմ ենք նոր պատերազմ Եվրոպայում, որ գաղթի նոր ալիք կբերի ձեր քաղաքներ: Մենք գործ ունենք շատ անկայուն իրավիճակի հետ այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ միահյուսվում են կամ բախվում ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերը: Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսումը անդառնալի կորուստներ կհասցնի հակամարտության կողմերին, ներքաշելով տարածաշրջանային տերություններին և հրահրելով ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև վտանգավոր հակամարտություն:
Նման իրավիճակում չի կարելի վտանգել ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ վարվող բանակցային գործընթացը:

Սա հազվադեպ այն հարցերից է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցաբար աշխատում են գտնել աշխարհում ամենաբարդ հակամարտություններից մեկի կարգավորումը: Նրանք աշխատում են միասին և երեք օր առաջ հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ զգուշացնելով Վեհաժողովին չանել քայլեր, որոնք կարող են խափանել ընթացող բանակցությունները:

Մինսկի Խմբի առաջարկությունները հիմնված են հակամարտության կողմերի փոխկապակցված զիջումների նուրբ բալանսի վրա: Ցանկացած այլընտրանքային առաջարկություն, հատկապես երբ այն փորձում է կանխորոշել ընթացող բանակցությունների բուն արդյունքը և նախատեսում է միակողմանի զիջումներ կողմերից մեկի օգտին, կարող է դրդել այդ կողմին դադարել լրջորեն քննարկելու սեղանի վրա դրած Համանախագահների առաջարկություններ: Դա նաև կծառայի որպես պատրվագ՝ ավելի ռազմաշունչ վարքագծի համար, եթե ոչ արդարացում՝ հակամարտության վերսկսման համար:

Երկու բանաձևերն էլ ունեն այնպիսի ձևակերպումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և ԵԱՀԿ փաստաթղթերին: 1993 թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 822 բանաձևը հստակ սահմանում է, որ «օկուպացիոն ուժը»՝ Լեռնային Ղարաբաղի «տեղական հայկական ուժերն» են: Նույն թվականի 844 բանաձևը «կոչ է անում Հայաստանի իշխանություններին օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ որպեսզի վերջիններս կատարեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պահանջները»: ԵԱՀԿ 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ: Այժմ Վեհաժողովի քննարկմանը ներկայացված երկու նախագծերն էլ արհամարհում են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ այս հիմնարար որոշումները:

Ես խնդրում եմ ձեզ հարգել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դեմ քվեարկել այս նախագծերին, որոնք ակնհայտորեն չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայերի և ադրբեջանցիների հաշտեցմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031