Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ճանապարհ՝ Արգավանդից մինչեւ Աշտարակի խճուղի. լինելու է բնակիչների տեղահանում

Հունվար 26,2016 17:42

Այսօր Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային մի համաձայնագիր, որն ուղղվելու է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար:

Այն իրենից ենթադրում է Երեւան քաղաքում տրանսպորտային ծառայությունների արդյունավետության բարձրացում, տրանսպորտային ցանցի բարելավում, ճանապարհաշինություն, որը Հյուսիս-Հարավ ընդհանուր պետական ծրագրում է տեղավորվում:

Կամո Արեյանն ասաց, որ առաջին վարկային ծրագիրը մեկնարկել է, արդեն կառուցված է 1.3 կմ՝ Բանվորի արձանից ներքեւ դեպի Արշակունյաց պողոտա տանող հատվածը, այնտեղ հիմնային աշխատանքներ են ընթանում, որի համար 25 մլն ծավալի աշխատանքներ իրականացված են:

Հետո Նորագավիթ տանող հատվածն են նորոգելու՝ դեպի օդաչուների թաղամաս:

Ծրագրի համար անհրաժեշտ է 150 մլն դոլար, Ասիական զարգացման բանկը տրամադրելու է 112 մլն դոլար, մնացածը համաֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: Ըստ Կամո Արեյանի, բավականին արտոնյալ վարկ է, մարման ժամկետը՝ 22 տարի, արտոնյալ ժամկետը՝ 15 տարի եւ լողացող տոկոսադրույքով, որն այս պահին 1.4 տոկոս է: Քաղաքային կայուն զարգացման ողջ ծրագիրը նախատեսվում է ավարտել 2020-ին:

Kamo Areyan-1

Կամո Արեյանը ներկայացրեց, թե որ ճանապարհահատվածների մասին է խոսքը, որոնք պետք է նոր կառուցվեն. «17 կմ նոր ճանապարհահատված պետք է կառուցվի մայրաքաղաքում: Ներկամրջային հանգույց է նախատեսվում Կարմիր բլուրից հետո Արգավանդ գյուղի հատվածում՝ Հրազդան գետի վրա կլինի 250 մետր մետաղական կամուրջ: Ձեզ հայտնի է, որ Լինսի հիմնադրամով կառուցված Արգավանդի կամուրջը կիսատ է մնացել՝ դեպի Շիրակ տանող հատվածը, Կարմիր բլուր տանող հատվածը չկա, գալիս ավարտվում է Իսակովի պողոտայում: Լինելու է 1 խոշոր կամրջային հանգույց, որը կապելու է դա դեպի Բաբաջանյան փողոց: Արգավանդ-Բաբաջանյան փողոցի հատվածն է ընդգրկվելու Մալաթիա-Սեբաստիայում, Բաբաջանյան փողոցը վերակառուցվում է, Բաբաջանյանով կառուցվելու է Տիչինայով՝ Թթաստան կոչվող թաղամասի մոտով դեպի Աշտարակի խճուղի: Այդ հատվածում ընդհանուր երկարությունը 6.8 կմ է լինելու ճանապարհի եւ 3 անցուղի է նախատեսվում, նաեւ 3 թունելային անցում Արմենիկումի փողոցով դեպի Մարս գործարան, դեպի 4-րդ գյուղ՝ Հաղթանակ եւ մեկ ուղեանց նախատեսվում է կառուցել Շահումյանի հայտնի ջրանցքի վրա: Նաեւ Դավիթաշենի կամրջի կապումն է նախատեսվում Աշտարակի խճուղու հետ»:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը ճշտեց՝ 4-րդ գյուղում գերեզմանոց կա, այն մտնո՞ւմ է այդ ծրագրի մեջ՝ փոխքաղաքապետը վստահեցրեց, որ ոչ, շրջանցում է գերեզմանոցը, հակառակ դեպքում լուրջ խնդրի առաջ կկանգնեին:

Ուշագրավ է, որ նոր ճանապարհների կառուցման համար նախատեսվում է վերաբնակեցում իրականացնել: Կամո Արեյանի խոսքերով՝ «220 օրինական գույք կա, 350 ոչ օրինական գույք, որի համար նույնպես պետք է փոխհատուցում տանք: Ընդհանուր տարածքի մեջ 40 տոկոսը դատարկ հողակտորներ են կազմում՝ Տիչինայի փողոցի հարող հատվածում՝ Շահումյան ջրանցքից վերեւ: Այստեղ ըստ ծրագրի, նախատեսում ենք վերաբնակեցման համար 13.8 մլն դոլար: Այս տարածքի համար Ասիական բանկն ասել է, որ եթե մարդանց փոխհատուցման խնդիրը լուծված չլինի՝ ֆինանսավորումը չի լինի»:

Gagik Minasyan

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքերով «Եթե Նժդեհ-Արշակունյացի հատվածում տրանսպորտային հանգույցի հարցը լուծեք՝ ֆանտաստիկ բան կլինի»:

ՀՀԿ պատգամավոր Խորով Հարությունյանն էլ արձագանքեց. «Հզոր ծրագիր է, շատ հզոր»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ինչի՞ հաշվին է պետությունը այս վարկը հետ վերադարձնելու. «Վարկը որ վերցնում ենք, պետությունը պետք է փակի, ի՞նչ հաշվարկներ կան, որտեղի՞ց պետք է ստանանք այդ գումարը»:

Կամո Արեյանը պատասխանեց. «Կբեռնաթափվի քաղաքը, ավելորդ ծախսերից կխուսափենք, ավելի հուսալի կլինի ճանապարհը: Սա լուծում է 70-ականների գլխավոր հատակագծում հերթում մնացած այն ծրագիրը, որով մայրաքաղաքը շրջանցող օղակաձեւ ճանապարհ էր նախատեսվում»:

Փոխքաղաքապետը նաեւ նշեց, որ տրանսպորտային ծանրաբեռնված փողոցներ ունենք, որոնք նորմատիվները 80 տոկոսով գերազանցում են, եւ այս ծրագրով այդ հարցը կլուծեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031