Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստակամուրջ ՀՀ սփյուռքի նախարարության և Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների միջև

Հունվար 26,2016 17:20

Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ԱՄՆ Գլենդել քաղաքի Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության մասնակցությամբ կազմակերպվեց հեռուստակամուրջ, որն ուղիղ հեռարձակվում էր Գլենդելի հայկական «ԷյԷյԲիՍի-Հայ Վիժըն» հեռուստատեսությամբ՝ սփռվելով նաև Մեքսիկայի և Կանադայի տարածքներում: Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Համահայկական ծրագրերի և Ամերիկայի հայ համայնքների վարչությունների և նախարարության այլ աշխատակիցներ: Գլենդելից մասնակցում էին Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության վարչության նախագահ Վահիկ Ծատուրյանը, կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը, հայոց լեզվի ուսուցիչներ Սիրանուշ Բակունցը և Կարինե Բաբայանը, ինչպես նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարպետյանը, Գլենդելի կրթական խորհրդի անդամ Արմինե Կարպետյանը, Բըրբանկի կրթական խորհրդի անդամ Արմոնդ Աղախանյանը, Բալբոայի և Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոցների տնօրեններ Սոնա Առաքելյանը և Մարինե Ավագյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի խորհրդի անդամ Մարատ Հայրապետյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Արմելլա Շաքարյանը և այլք:

Քննարկվեցին ԱՄՆ պետական դպրոցներում սովորող հայ աշակերտների շրջանում հայոց լեզվի իմացությանն ու պահպանմանն ուղղված աշխատանքները, սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, հայոց լեզվի արագացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ակտիվ մասնակցություն ապահովելու հարցեր:

IMG_9063 - Copy
Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` նախարար Հ.Հակոբյանը մասնավորապես նշեց. «Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը խոշոր և կարևոր հաստատություն է, միավորում է շուրջ երեք տասնյակ դպրոցներ և հայապահպանական կարևոր գործունեություն է իրականացնում: Այսօր դժբախտաբար վտանգված է մեր լեզուն, ձուլման գործընթացն ավելի է արագացել: Եվ մենք խոնարհվում ենք այն մարդկանց առջև, ովքեր մտահոգված են այս հարցով, համախմբվում են, որ պահեն, պահպանեն լեզուն: Հատկապես Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը, որ կարողանում է նաև օտար դպրոցներում հայոց լեզվի պահպանման ծրագրեր իրականացնել: Մեր ազգի առջև ծառացած կարևոր խնդրի լուծմանն են ուղղված նաև մեր նախարարության շատ ծրագրեր: Կցանկանայի, որ «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցեն նաև Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության բոլոր 29 դպրոցների ուսուցիչները: Կարևոր ծրագրերից է նաև հայերենի արագացված ուսուցման դասընթացները: Սիրով հրավիրում ենք Հայրենիք՝ անվճար կատարելագործելու հայերենի իմացության մակարդակը: Կարևոր է, որ կրթական գործի կազմակերպիչները ուշադրություն դարձնեն նաև «Արի տուն» ծրագրին: Ծրագրի ընթացքում ստեղծվում է հետաքրքիր միջավայր, ավելի քան 30 երկրների երեխաները հանդիպում են Հայրենիքում, ծանոթանում են միմյանց հետ, կապվում են Հայաստանի հետ: Շատերը հետո գալիս են Հայաստան՝ ուսումը շարունակելու, իրենց հետ բերում են ընկերներին, ծնողներին: Եվ, որ շատ կարևոր է, սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմությանը, մշակույթին: Այս տարի նշելու ենք Հայաստանի անկախության 25 ամյակը: Ուզում եմ հիշեք ու հպարտանաք, որ 12 միլիոնանոց ազգ են, ուժեղ ենք, հզոր և միասնաբար պետք է ամեն ջանք ուղղենք հայի, Հայաստանի շենացմանը»:

Հայապահպանության խնդիրների մասին խոսեց Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության նախագահ Վահիկ Ծատուրյանը: Նա համառոտ ներկայացրեց հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, նշեց, որ Միացյալ Նահանգներում մեծ թվով հայ աշակերտներ հաճախում են ամերիկյան պետական և մասնավոր դպրոցներ և նրանց ուծացման վտանգն առավել մեծ է: Հեռուստակամուրջի մասնակցող ուսուցիչները նշեցին, որ Դավթյան և Մարիամյան կրթական հաստատությունը ամերիկյան դպրոցների հայ աշակերտների համար շաբաթական երկու օր կազմակերպում է հայոց լեզվի և պատմության դասընթացներ՝ չորս ժամ տևողությամբ: Մեկ այլ ծրագրով Կալիֆոռնիայի դպրոցներում կրթական ծրագրով նախատեսված առարկաների 50%-ի ուսուցումը կազմակերպվում է հայերենով: Հայապահպանության, հայերենի ուսուցման գործում կարևորվեց նաև ծնողների, ընտանիքի դերը, արվեցին հետաքրքիր առաջարկներ ու հարցադրումներ:

Հայերենի ուսուցման նրբությունների մասին խոսեց Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, հայոց լեզվի մեթոդիստ բ.գ.թ.Գայանե Մկրտչյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը ներկայացրին նախարարության աշխատակիցները: «Արի տուն» ծրագրի մասին խոսեց աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Ծրագրի մասին հետաքրքիր հուշեր պատմեց Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության տնօրեն Օֆելյա Ծատուրյանը: Մասնավորապես նշելով, որ «Արի տուն» ծրագիրը շրջադարձային եղավ իր որդու կյանքում, քանի որ նա կապվեց Հայրենիքի և մայրենիի հետ և այժմ շարունակում է խորացնել գիտելիքները հայոց լեզվի, հայոց պատմության ասպարեզում և կապերը արիտունցիների հետ: Օֆելյա Ծատուրյանը հիացմունքով նշեց, որ «Արի տունը» իրականություն է և հպարտություն: «Սփյուռք» ամառային դպրոցի 2016թ գործունեությունը ներկայացրեց ծրագրի ղեկավար ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը::
Ամփոփելով հանդիպումը՝ Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հետաքրքիր հարցադրումների ու մտքերի համար: Նա մասնավորապես նշեց «Շնորհակալ եմ նաև հեռուստաալիքին՝ այս հետաքրքիր հնարավորությունը ստեղծելու համար, նաև հեռուստադիտողների բազմահազարանոց լսարանին ու հանդիպման մասնակիցներին՝ ազգի, պետության, ժողովրդի համար անչափ կարևոր թեմային անդրադառնալու համար: Մեր նախարարությունը սփյուռքի հետ աշխատում է «Ճանաչել, վստահել, գործակցել» նշանաբանով: Որքան շատ ենք ճանաչում միմյանց, այնքան ավելի վստահում ենք իրար և ավելի շատ ծրագրեր ենք իրականացնում միասին: Այս տարի Համաշխարհային հայկական կոնգրեսն ավանդաբար անցկացնում է Հայաստանի և Արցախի 25 ամյակին նվիրված մրցանակաբաշխություն: Շարադրությունների և նկարների մրցույթին կարող են մասնակցել նաև ձեր հաստատության աշակերտները: Ուզում եմ ընդգծել Դավթյան և Մարիամյան կրթական հաստատության կատարած մեծածավալ աշխատանքը, և եթե կարողանանք պետք է փորձենք ընդլայնել մեր դպրոցների թիվը: Կոչ եմ անում 2016թ բոլորիս ջանքերը նպատակաուղղել դպրոցների թիվն ավելացնելուն, հայոց լեզուն պահպանելուն: Չէ˚ որ ինչպես իրավացիորեն նկատել է Մեծ Ջ. Բայրոնը, Աստծո հետ խոսելու միակ լեզուն հայերենն է: Պահենք, պահպանենք այն, որ կարողանանք հաղորդակցվել Աստծո հետ»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031