Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ պատգամավորներին հրահանգել էին հաշիվը դարձնել 1:1». քաղաքագետ

Հունվար 26,2016 17:07

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունվարի 26-ին 70 դեմ, 66 կողմ ձայներով մերժվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցի ընդունումը: Փոխարենն ընդունվեց հակահայկական բովանդակություն ունեցող երկրորդ՝ պատգամավոր Միլիցա Մարկովիչի (Բոսնիա և Հերցեգովինա) կողմից պատրաստված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչներին միտումնավոր ջրից զրկելը» վերնագրով զեկույցը:

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը մերժվեց այն պատճառով, որ այն համարեցին քաղաքական: «ԵԽԽՎ-ի ղեկավարությունը Ռոբերտ Ուոլթերի զեկույցը մերժելով՝ փորձեց չզայրացնել Մինսկի խմբի համանախագահներին: Իսկ թե ինչո՞ւ ընդունվեց Միլիցա Մարկովիչի զեկույցը՝ կապված Սարսանգի ջրամբարի հետ, եթե ուշադիր եղաք, քննարկումների ժամանակ զեկույցի հեղինակը եւ հանձնաժողովի անդամը, որն անընդհատ դեմ էր դուրս գալիս պատգամավոր Սամվել Ֆարմանյանի առաջարկներին բանաձեւում փոփոխություններ անելու վերաբերյալ, անընդհատ նշում էր, որ դա սոցիալական է ու բնապահպանական: Այսինքն այստեղ մենք ի՞նչ ենք տեսնում. ԵԽԽՎ-ն հաշիվը դարձրեց 1:1. մերժեց «քաղաքական» Ուոլթերի հեղինակած զեկույցը, բայց միաժամանակ ընդունեց Միլիցա Մարկովիչինը, որն իբրեւ թե սոցիալական է: Այսպիսով ԵԽԽՎ-ն երեւի թե համարեց, որ ինքը բավարարեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի շահերը, ինչպես նաեւ փորձ կատարեց չզայրացնել Մինսկի խմբի համանախագահներին:

EXXV

Փաստորեն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով: Այսինքն` բավարարվեցին Հայաստանի պահանջները, բայց Շվեյցարիային պարտադրեցին, որպեսզի բեկանի Փերինչեքի նկատմամբ որոշումը: Նույն այդ 1:1 տարբերակն է:

Ես ուղիղ եթերով հետեւում էի քննարկումներին, մեծ մասին բացարձակապես չէին հետաքրքրում քննարկումները, ոչ էլ լսում էին ելույթ ունեցողների փաստարկները, խոսում էին մի քանի պատգամավոր, քվեարկում էին մոտ 200 հոգի: Այսինքն` մեծ մասի հայացքներին նայելով՝ հասկանում էիր, որ հրահանգ են ստացել՝ էս մեկը մերժել, էն մյուսը ընդունել: Իբր թե ավելի մեծ վտանգներ պարունակող զեկույցը՝ Ռոբերտ Ուոլթերինը մերժվեց, իսկ իբրեւ թե ավելի հումանիտար, մարդասիրական առումներով, Միլիցա Մարկովիչի հուզական կոչերով պատրաստված զեկույցն ընդունվեց: Իրականում այս զեկույցում էլ կան քաղաքական վտանգավոր կետեր. բացեիբաց ասում է՝ Ղարաբաղը օկուպացվել է հայերի կողմից», -մեկնաբանում է Գագիկ Համբարյանը:

Իսկ հակահայկական բովանդակությամբ նման զեկույցների ԵԽԽՎ հասնելը, ըստ քաղաքագետի, ունի տարբեր պատճառներ. պատճառը ոչ միայն Ադրբեջանի նավթախավիարային դիվանագիտությունը կամ ԵԽԽՎ-ի կոռուպցիոն հակումներն են, այլ մեր պատվիրակության անկազմակերպվածությունն ու մեր շահերը պաշտպանողների չհամաձայնեցված գործողություններն այդ հարցերի շուրջ:

«Ճիշտ է՝ վերջին պահին մեր դիվանագետները, Սփյուռքի մեր եվրոպական կառույցները շատ ակտիվորեն ներգրավված էին այս երկու հակահայկական զեկույցների ընդունումը ԵԽԽՎ նստաշրջանում բեկանելու ուղղությամբ, բայց միեւնույնն է, պետք է նշեմ, որ նրանց կարեւորությունն այնքան մեծ չէր, ինչքան ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հունվարի 22-ին արած հայտարարությունը:

Ինչո՞ւ են նման բանաձեւեր ընդունվում, ասեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ որ ԵԽԽՎ-ն ընդունում է հակահայկական զեկույցներ, այնտեղ կային Լորդ Ռասսել Ջոնսթոն, Դեյվիդ Աթկինսոն, Գորան Լինդբլադ, Խորդի Քուկլա ի Կոստա՝ պատգամավորներ, որոնք ժամանակին զեկույցներ էին պատրաստում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պահով:

Պետք չէ մոռանալ, որ հիմա ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Պեդրո Ագրամունտը, որը Իլհամ Ալիեւի ամենամոտ եվրոպացի քաղաքական գործիչներից մեկն է, նավթախավիարային դիվանագիտությունից ամենաշատ օգտվող պատգամավորներից մեկն է ԵԽԽՎ-ում, այնպես որ՝ սա մեզ համար նորություն չէ, այլ խնդիրն այն է, թե ինչի՞ համար:

Տարբեր պատճառներ կան, նախ այն է , որ ԵԽԽՎ-ում շատ պոպուլյար է կաշառակերությունը եւ կան բազմաթիվ պատգամավորներ, որոնք օգտվում են Ադրբեջանի նավթախավիարային դիվանագիտությունից: Նրանց նույնիսկ հետաքրքիր չէ Հայաստանը որտեղ է, Արցախը որտեղ է, նրանք նույնիսկ շատ դեպքերում չգիտեն էլ քարտեզի վրա մեր երկու պետությունների տեղը: Խնդիրն այն է, որ ադրբեջանցիները նրանց կաշառում են, կաշառում են տարբեր ձեւ, միայն այն չէ, թե խավիար են բաժանում, անվճար այցելություններ են կազմակերպում Ադրբեջան՝ թանկարժեք նվերների տրամադրմամբ, մեծ գումարներ են նստեցնում նրանց անձնական հաշվեհամարներին: Բացեիբաց խոսվում էր հակահայկական զեկույց պատրաստելու համար բրիտանացի արդեն նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի Թուրքիայի կառավարությունից Թուրքիայի քաղաքացիություն ստանալու մասին: Եվ այդ քաղաքացիությունը նրան տրամադրել է ոչ ավել, ոչ պակաս՝ Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Չավուշօղլուն: Սերբ պատգամավորուհի Միլիցա Մարկովիչը ստացել է շվեցարական թանկարժեք ժամացույցներ»:

Գագիկ Համբարյանը այս փաստերին ավելացնում է նաեւ մեր պատվիրակության թույլ աշխատանքը: «Խայտառակություն է Հերմինե Նաղդալյանի լռակյաց դիվանագիտությունը: Մեկ ու կես տարի առաջ, երբ որ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մեր ԱԺ փոխնախագահը չգիտես ինչու որոշեց, որ հայկական պատվիրակության ոչ մի անդամ հարցեր չպիտի տա: Առաջին անգամ եմ իմանում, որ լռակյաց դիվանագիտությամբ ուզում են ինչ-որ հարցեր լուծել: Թե ում վնաս տվեց տիկին Նաղդալյանը, ես չգիտեմ, բայց ինչ ուզում է լինի, սա անտրամաբանության գագաթնակետն էր մեր պատվիրակության ղեկավարի: Երբ որ հայկական կողմից ինչ-որ մեկը հյուրընկալվում է ԵԽԽՎ, ադրբեջանցի պատգամավորները ուղղակի հարձակման են ենթարկում մեր ներկայացուցիչներին, լինի նախագահ Սերժ Սարգսյանը, թե արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իսկ մերոնք լռում են, ո՞ւմ համար են լռում, ոչ ոք չհասկացավ, երեւի տիկին Նաղդալյանը ինքն էլ չհասկացավ, թե ինչո՞ւ էր լռում: Այսպիսի անտրամաբանական քայլերի հետեւանքն էլ մեր պատվիրակության պարտությունն է ԵԽԽՎ-ում:

Շատ ափսոս, որ Սփյուռքի կառույցները հիմա նոր են միացել այդ զեկույցների դեմ, երբ որ դա կարելի էր անել հոկտեմբեր ամսին, երբ որ քննարկվում էին ԵԽԽՎ-ում, ինչո՞ւ հիմա՝ ձմեռային նստաշրջանում»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը իր Հայաստան այցելելու մեջ կարծես մեղավոր է ճանաչում Հերմինե Նաղդալյանին, որն, ըստ նրա, անընդհատ ձգձգել է իր այցը, Գագիկ Համբարյանն ասաց. «Այո, դա կարող են պատճառ բերել, Արցախի նախագահի մամլո խոսնակը ուզում էր արդարացնել, որ նրանց չեն թողել, որովհետեւ զեկույցների վերնագրերը չեն համապատասխանել իրականությանը: Դուք հրավիրեիք, ցույց տայիք, բացատրեիք, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող ինքնաօկուպացվել, որովհետեւ 1989 թվականի մարդահամարի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության 76 տոկոսը հայեր են եղել, եւ Արցախը չէր կարող ինքնաօկուպացվել: Հայերը չեն կարող օկուպացնել այն տարածքը, որտեղ իրենք դարերով մեծամասնություն են եղել:

Կամ կարելի է հեշտությամբ բացատրել. այն տարածքները, որը կորցրել է Ադրբեջանը, դա պատերազմի արդյունք է, որը ինքն է փաթաթել հայերի վզին: Եթե այդպես վերցնենք՝ Խորհրդային Միությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան եւս օկուպանտներ են, որովհետեւ երկրորդ աշխարհամարտում պարտության մատնեցին Գերմանիային եւ օկուպացրեցին նրա տարածքները, հիմա ո՞վ է մեղավոր. Ստալինը Չերչիլի, Ռուզվելթի հե՞տ…

Կարելի է նրանց կանչել, հրավիրել ու տեղում բացատրել, նկարահանել այս ամենը ու հետագայում ներկայացնել, որ նրանք աշխատում են Ադրբեջանի օգտին: Մենք անընդհատ ասում ենք՝ նրանք չեն եկել, նրանք էլ ասում են՝ դուք չեք թողել»:

Ըստ քաղաքագետի, այս զեկույցները որքան էլ ազդեցություն չունենան ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում. դրանք խորհրդակցական զեկույցներ են ու պարտադրված չեն ԵԽԽՎ անդամ ոչ մի պետության, այդուհանդերձ քարոզչական ոլորտում բացասական մեծ ազդեցություն կարող են ունենալ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031