Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ. Բախշյանին։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ մասնագիտական պարտականությունների նկատմամբ դրսևորվել է անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք:
Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ Շ.Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:
Կարդացեք նաև
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Շ.Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի կողմից վարույթն իրականացնող մարմինը գրավոր տեղեկացվել է, որ Շ.Բախշյանն ունի ստացիոնար բուժման կարիք. նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բրոնխոպնևմոնիա և գրիպ «Ա», որպիսի պայմաններում նրա շփումը արտաքին աշխարհի հետ ցանկալի չէ, ուստիև՝ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի ընտրվել։ Քննիչը որոշում է կայացրել՝ Շ.Բախշյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հատուկ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն