Իջեւան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Մարինե Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ 2015թ. սեպտեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ թեկնածու Վարուժան Ներսիսյանի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու դիտավորությամբ անձանց կաշառք տալու եղանակով փորձել է խոչընդոտել ընտրողների կամքի ազատ իրականացմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154 պրիմ 2 հոդվածով: Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է 2-2,5 միլիոն դրամ տուգանքով կամ 3-5 տարի ազատազրկմամբ:
Մ. Ավանեսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ՝ Մ. Ավանեսյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կմեկնարկի փետրվարի 1-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ