Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ոչ մի երկիր չպարծենա, որ ինքը կոռուպցիայի խնդիրը լուծել է». Մանուկ Մկրտչյան

Հունվար 26,2016 15:08

«Երբ ես երեխա էի, իմ երկրում կոռուպցիան շատ տարածված էր: Օրինակ՝ ուսուցիչը մտնում էր դասարան, բաժանում էր քննաթերթիկները և ասում. «Երեխանե´ր, հուսով եմ, որ ձեզ մոտ ծածկաթղթեր չեմ գտնի», աշակերտներն էլ պատասխանում էին. «Մենք էլ ենք հուսով, որ չեք գտնի»… Շատ տխուր է, երբ երեխան դպրոցական տարիքում արդեն գիտի, որ կարելի է գնահատականը կամ ավարտական վկայականը գնել»,- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կազմակերպված «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

Ընդգծելով, որ կոռուպցիան կայուն զարգացման ամենամեծ խոչընդոտներից է՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ն պետք է լրջորեն պայքարի կոռուպցիայի դեմ. «Եթե պաշտոնյաները մտահոգված են ապագա սերնդի համար, պետք է լուրջ քայլեր անեն կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչո՞ւ, օրինակ, ՀՀ-ում այդ պայքարին վերաբերող գովազդներ չկան»:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ևս ընդգծեց, որ կոռուպցիան իսկապես չարիք է, որի դեմ պետք է անդադար պայքարել. «Բայց այն ծնվել է մեկ այլ չարիքից՝ մրցակցային գաղափարախոսությունից,- նկատեց նա.- հիմա կրթության ոլորտում ինչպե՞ս պետք է այդ խնդիրը լուծենք: Շարունակենք մեր ապագա սերնդին ազատ մրցակցության արժեքային համակա՞րգը քարոզել, թե՞ փորձենք օգնել ստեղծելու ուրիշ ապրելակերպ՝ համագործակցային հիմքերով կառուցված: Այն, ինչ այսօր ողջ մարդկությունն է փորձում յուրացնել, ոչ թե առանձին ազգություններ: Եվ թող ոչ մի երկիր չպարծենա, որ ինքը կոռուպցիայի խնդիրը լուծել է: Լինի դա Ամերիկան, Գերմանիան, Անգլիան, Չինաստանը կամ մեկ այլ երկիր: Եթե տարբեր աստիճանների են, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև չի կարելի ասել՝ մեզ մոտ սպանությունները շատ քիչ են. տարեկան հարյուր մարդ են սպանում, իսկ մեկ այլ երկրում սպանությունները շատ են. տարեկան հազար մարդ են սպանում: Այդ հարյուր մարդու համար ի՞նչ կապ ունի՝ մյուս երկրում հազա՞ր մարդ են սպանում, թե՞ հարյուր…»:

Ըստ Մ. Մկրտչյանի՝ հաջող քաղաքակրթությունը համագործակցային հիմքով կառուցված ապրելակերպն է. «Օրենսդրության, նիստուկացի, կրթության, բարոյականության, արդարության… ամեն ինչի հիմքում պետք է լինի համագործակցությունը: Այդպիսի քաղաքակրթության տեսակետից այսօրվա բարոյական արժեքներն արդեն կլինեն ոչ բարոյական»:

Սակայն, ըստ Մ. Մկրտչյանի, այս ամենը չի նշանակում, որ մենք պետք է դադարենք գոնե այսօրվա արժեքներով բարոյականություն դաստիարակել. «Ուղղակի հասկանանք, որ դրան զուգահեռ պետք է կատարել ավելի հիմնարար աշխատանքներ: Մրցակցային գաղափարախոսության իսպառ ոչնչացումը ոչ թե ազգային կամ պետական չարիք է, այլ համամարդկային: Հիմա թե որ երկիրն առաջինը կմասնակցի ապագա քաղաքակրթության կառուցմանը, որ երկիրը գլխի կընկնի, թե ապագայի բարոյական արժեքներն ու հիմքերը որոնք են, և կմտցնի դրանք կրթության ոլորտ՝ որպես դաստիարակության հիմք, այդ երկրին էլ վիճակված է տնօրինելու ապագան»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031