Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն մերժեց Ռոբերտ Ուոլթերի բանաձևի նախագիծը Ղարաբաղի մասին

Հունվար 26,2016 14:37

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում (ԵԽԽՎ) քիչ առաջ ներկայացվեցին երկու հակահայկական բանաձևերի նախագծեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:

Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ներկայացրեց ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի ներկայացուցիչ Մոգեն Յենսենը:

Այնուհետև ելույթ ունեցավ Միլիցա Մարկովիչը: Նա նշեց, թե երեք անգամ դիմել է հայկական պատվիրակությանը, որ կարողանա այցելել Հայաստան, սակայն ամեն անգամ մի պատճառաբանությամբ իրեն հնարավորություն չի ընձեռվել: Վերջին անգամ էլ 2015-ին` իրեն իբր հայկական պատվիրակությունից հայտնել են, թե զբաղված են սահմանադրական փոփոխություններով ու չեն կարող իր համար այցելություն կազմակերպել: Կամ ԼՂ իշխանությունները իրեն պատասխանել են, թե չեն կարող թույլ տալ մի կառույցի մուտք ԼՂ, որի անդամները չեն ճանաչել ԼՂՀ-ն: Նա հայտարարեց. «Հարգում եմ Մինսկի խմբի աշխատանքը, բայց միևնույն ժամանակ՝ ԵԽԽՎ-ն չի կարող փակել մի խնդրի վրա, որի արդյունքում տուժում է շուրջ 500 հազար բնակչություն»:

ԵԽԽՎ քաղաքական խմբերի ներկայացուցիչների մեծամասնությունը քննադատեց զեկույցները` համարելով դրանք միակողմանի և կոչ արեց «դեմ քվեարկել»: Սակայն միատարր չէին ԵԽԽՎ պատվիրակների դիրքորոշումները:

Օրինակ` ALDE խմբից ներկայացուցիչ Ջորդի Խուկլան կոչ արեց «կողմ» քվեարկել:

Եվրոպայի պահպանողականների խմբի ներկայացուցիչ Ջոհն Հովելը կոչ արեց համագործակցել զեկուցողների հետ`մտահոգություն հայտնելով, որ առաջընթաց չի տեսնում հակամարտության լուծման հարցում:

UEL խմբի ներկայացուցիչ Լոտա Ջոհնսոնը պնդեց, որ զեկույցները միակողմանի են և կոչ արեց չընդունել դրանք:

EPP խմբից Աքսել Ֆիշերը հայտարարեց, որ խնդրի լուծումը Մինսկի խմբի ձևաչափում է, ոչ թե ԵԽԽՎ:

Սոցիալիստների խմբից Դորիս Բարնետը հայտարարեց, որ պետք է զեկույցները հետ ուղարկվեն հանձնաժողով:

EPP խմբից Ռուդի Սոլսը պնդեց, թե սրանք կողմնակալ բանաձևի նախագծեր են:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը կոչ արեց «դեմ» քվեարկել այս բանաձևերի նախագծերին, քանի որ դրանք արտահայտում են Բաքվի պաշտոնական դիրքորոշումը:

Նշենք, որ քվեարկության դրվեց այս բանաձևերը քաղաքական հարցերի հանձնաժողով հետ ուղարկելու հարցը` հանելով օրակարգից:

Միլիցա Մարկովիչի զեկույցը մնաց օրակարգում, իսկ Ռոբերտ Ուոլթերի զեկույցը մերժվեց ԵԽԽՎ-ի կողմից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031