Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հայրունի. «Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր, Հիտլերը դասեր կքաղեր» (Տեսանյութ)

Հունվար 26,2016 14:23

Հայոց ցեղասպանությունը Հիտլերի համար ուսանելի նախադեպ էր՝ Հոլոքոստին ձեռնամուխ լինելու համար: Նա Լեհաստանի վրա հարձակումից առաջ իր ելույթում ասաց՝ ո՞վ է հիմա խոսում հայերի ոչնչացման մասին…Այսինքն, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր, ոճրագործներն էլ պատժվեին, ապա Հիտլերն իր վարչակազմով դրանից որոշակի դասեր քաղած կլիներ: Հայոց ցեղասպանության անպատժելիությունը նրան ոգեւորել էր»,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց պատմաբան, ցեղասպանագետ Աշոտ Հայրունին: Զուգահեռներ անցկացնելով հրեաների եւ հայերի ցեղասպանությունների միջեւ՝ նա նկատեց, որ Հայոց ցեղասպանության պարագայում գործում էր անվերապահությունը՝ ոչնչացնում էին բոլորին, իսկ հրեաների դեպքում այդպես չէր. «Հրեաները դասակարգվում էին: Օրինակ, այն հրեաները, որոնք առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայություններ էին մատուցել գերմանական կառավարությանը, խուսափում էին Հոլոքոստից»:

Պատմաբանի համոզմամբ՝ Հայոց ցեղասպանության հիշատակի եւ ոգեկոչման ճանապարհին Հայաստանը չափազանց շատ է թերացել. «ԽՍՀՄ-ում, բնականաբար, ցեղասպանության կոլեկտիվ եւ անհատական հիշողության պահպանումը չէր սատարվում իշխանությունների կողմից: Շատ դեպքերում արգելվում էր: Իսկ այսօր Հայոց ցեղասպանությունը վերապրածները շատ քիչ են: Հոլոքոստի զոհերը մեկ սերնդով երիտասարդ են: Կարծում եմ, որ պետական ակցիաների միջոցով պետք է ի մի բերել վերապրածների հիշողությունները: Դրանք պահպանվել են նրանց ընտանիքներում: Ընտանեկան հիշողությունները պետք է թղթին հանձնել, քանի որ մի քանի սերունդ հետո դրանք էլ կխամրեն: Այդ դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին կարեւոր քայլ կկատարենք»:

Աշոտ Հայրունին փաստեց, որ 2015թ. շատ քաղաքագետներ սպասում էին, որ Օսմանյան Թուրքիայի թիվ մեկ դաշնակիցը Գերմանիան, կճանաչի Հայոց Ցեղասպանությունը. «Ճիշտ է, Գերմանիայի նախագահը խոցեց իր երկրի մեղսակցության մասին: Սպասում էին, որ Բունդեսթագը կընդունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշում, բայց հարցը հետաձգվեց: Սրան մեկ բացատրություն կա. փախստականների հարցի լուծման անհրաժեշտությունը եւ այդ հարցում Թուրքիայի դերակատարությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031