Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Տեխզննումը սրբի դուռ չի»

Հունվար 26,2016 14:08

«Մենք նախաձեռնությամբ հանդես կգանք, որ տեխզննումն իրական լինի, ոչ թե ձեւական»,- այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արամ Արսենյանը:

Նիստում քննարկվում էր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի նախաձեռնությունը` «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:

Ըստ առաջարկի, անձնական օգտագործման մարդատար տրանսպորտային միջոցները ենթակա չեն պարտադիր տեխնիկական զննության: Հիմնական զեկուցող, առաջարկի հեղինակ Հովհաննես Մարգարյանը ներկա չէ, հարցի քվեարկությունը հետաձգվեց, բայց պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ բուռն բանավեճ եղավ, քանի որ, ըստ պատգամավորների, դա զուտ բյուջետային մուտքեր է ապահովում, իրականում մեքենաների տեխզննում չի իրականացվում: Ժամանակին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ դա լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ է, ուստի, մարդիկ կամավորության սկզբունքով կարող են տեխզննում իրականացնել:

Pashtpanutyuan_handz_3 Pashtpanutyuan_handz_2 Pashtpanutyuan_handz_4

«Տեխզննման կտրոնները բանկում չեն տրվելու, տրվելու է տեխզննման կետում»,- ասաց փոխնախարարը:

Խաչատուր Քոքոբելյանը վրդովվեց` էական չէ, թե այդ կտրոնը որտե՞ղ կտան, աշխարհում կա պրակտիկա, որ կրպակներում կամ սուպերմարկետներում են ձեռք բերում: Նա հետաքրքրվեց`նախարարությունը վերլուծություն ունի՞, ինչո՞ւ պատշաճ տեխզննում չի իրականացվում:

Փոխնախարար Արամ Արսենյանը պարզաբանեց, որ մարդիկ բանկից կտրոնը ձեռք են բերում, փակցնում դիմապակուն եւ համարում, որ տեխզննում անցել է: Քոքոբելյանը բացատրեց ընթացակարգը`քանի դեռ տեխզննման կետից տեղեկանք չես տարել բանկ, կտրոնը չես կարող ձեռք բերել. «Ես եմ իմ մեքենայի տեխզննումն անցկացնում, ձերը գուցե ձեր վարորդն է անում, տեղյակ չեք, չգիտեմ»:

Փոխնախարարին օգնության հասավ փոխադրումների վարչության պետ Դավիթ Մելքոնյանը: Նա փորձեց իրավիճակը փրկել, մասնագիտական օրինակներ բերեց: Քոքոբելյանը չհամոզվեց. «Տարրական բաներ եք ասում, բայց խնդիրն այն է, որ հիմա տեխզննումը ձեւական բնույթ է կրում եւ բյուջեն լցնելու գործառույթ է»:

Նա գտնում է, որ տեխզննումը պիտի պարտադիր գործառույթ լինի, դա «սրբի դուռ» չի, որ ինքնակամ վազեն մարդիկ:

Հետագա բանավեճը կանխեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն`ասելով, որ այս եւ ճանապարհային երթեւեկության այլ հարցերով հանձնաժողովում առաջիկայում քննարկում է լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031