Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերկացնում էին, խեղդում գազախցում, հանում ոսկյա ատամները». պատմաբանը՝ Հոլոքոստի մասին (Տեսանյութ)

Հունվար 26,2016 13:56

1945 հունվարի 27-ին Խորհրդային բանակն ազատագրել է Աուշվից-Բիրկենաուի նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը. հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: «Հայտնի է, որ միայն այդ ճամբարում մոտ 1 միլիոն հրեա է ոչնչացվել: Քանի որ դիակները զննում էին եւ ծնոտը կոտրելով՝ հանում ոսկյա ատամները, օրական 12 կգ ոսկի էր գոյանում»,- այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում խոսելով Հոլոքոստի մասին՝ ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Աշոտ Հայրունին:

Նա ասաց, որ Հոլոքոստը Հայոց Ցեղասպանությունից հետո համարվում է 20-րդ դարի 2-րդ մեծ ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ ծրագրավորված կերպով. «Հիտլերը ձեռնամուխ եղավ հրեաների հանդեպ հալածանքներին, որոնք սկզբում տեղի էին ունենում կողոպուտի եւ թալանի տեսքով: 1935թ. որոշմամբ՝ արգելվում էր հրեաների եւ գերմանացիների եւ վերջիններիս ցեղակից-ժողովուրդների միջեւ ամուսնությունը: Հրեաների հանդեպ հետապնդումները նոր փուլ մտան: 1939 թ կազմակերպվեց նրանց դեմ համապետական ակցիա. մեկ գիշերում ձերբակալվեցին 30.000 հազար ունեւոր-հրեաներ, այրվեցին 250 սինագոգեր: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերը հստակ ծրագիր չուներ՝ ինչպես իրականացնել հրեաների ցեղասպանությունը: Պատերազմի սկզբում սկսվեցին զանգվածային գնդակահարությունները: 1942 թ հաղորդվում էր 130.000 հրեաների գնդակահարության մասին: Բայց դա այն ծրագիրը չէր, որով հիտլերյան կառավարությունը կարող էր ոչնչացնել բոլոր 11 միլիոն հրեաներին»:

Աշոտ Հայրունին պատմեց, որ 1941 թ. օգտագործվեցին դիզելային շարժիչի միջոցով ոչնչացման եղանակներ. «Փակ թափքով բեռնատարներն այնպես էին կառուցված, որ դիզելային շարժիչի արտանետած գազը լցվում էր թափք, եւ հրեաները խեղդվում էին: Նրանց խաբելով լցնում էին այդ բեռնատարները: Այս մեթոդը եւս ծախսատար էր: Հիտլերյան կառավարությունն արդեն կազմեց հրեաներին ոչնչացնելու գլոբալ պլան: 1942թ. հիտլերականները շրջափակում էին հրեական թաղամասերը: Այդպես Հիտլերը նրանց պահում էր տեսադաշտում, որպեսզի հետագայում նրանց տեղափոխումը մահվան ճամբարներ ավելի հեշտ լիներ: Համակենտրոնացման ճամբարները վերածվեցին մահվան ճամբարների»:

Պատմաբանի փոխանցմամբ՝ հիտլերականները հրեաներին տեսակավորում էին՝ առանձնացնում աշխատունակներին, իսկ ծերերն, կանանց եւ երեխաներին ուղարկում ճամբարի «մահվան հատված»՝ գազախցիկներ. «Աշխատողներն, ըստ հաշվարկի, ունենալու էին մոտ 9 ամսվա աշխատունակություն, որից հետո ուժասպառ էին լինելու եւ նույնպես ուղարկվելու էին մահվան ճամբարներ: Գազախցիկում տեղավորում էին որքան հնարավոր է շատ մարդու: Մինչեւ վերջ խաբում էին: Այդ խցերն ունեին խաբող վերտառություններ՝ «բաղնիք», «շոգեբաղնիք», «դեզինֆեկցիա»: Առաջարկում էին հանել հագուստները եւ ասում, որ «դեզինֆեկցիա» են անցնելու եւ շարունակելու աշխատել: Նրանց մինչեւ վերջ մերկացնում էին, լցնում գազախուց: Մոտ 40 խ/մ տարածքում տեղավորում էին մի քանի հարյուր հոգի: Գազը բաց էին թողնում եւ 20-40 րոպեից բացում խցի ետեւի դռները, հանում դիակները: Դրանց տեղափոխումը տեղի էր ունենում հենց աշխատունակ հրեաների միջոցով: Սկզբում թափում էին փոսերը, հետո օգտագործում էին որպես ձկների համար կեր կամ պարարտանյութ: Դիակները հանելուց հետո բժիշկներն անգամ ստուգում էին՝ ոսկյա ատամներ կային, թե ոչ»:

Աշոտ Հայրունին նշեց, որ հրեաների ոչնչացումը շարունակվում էր պատերազմի ողջ ընթացքում. «Հոլոքոստի զոհերի թիվը 5,6-5,8 միլիոն է: Որոշ ուսումնասիրություններով էլ՝ 6.3 միլիոն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031