Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոալիցիայի ձեւավորումից հետո Դաշնակցության ստանալիք պաշտոնների մասին պայմանավորվածություն չկա»

Հունվար 26,2016 12:44

«Դա պատահականություն չէր կարող լինել: Երբ քննարկվում էր հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների տեքստը, բնական էր, որ այդ ժամանակ արդեն որոշ քաղաքական ուժերի հետ ընդհանուր եզրեր էին գտնվել, քաղաքական ուժերի կարծիքները հաշվի առնվել»,- «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային, ասաց Ազգային ժողովին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ըստ նրա՝ հենց դրա շնորհիվ էր, որ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը շատ կողմ ձայներ ստացավ: «Սա արդեն բնական շարունակությունն է: Քաղաքական կոնսեսուսով ընդունված Սահմանադրության փոփոխությունները պետք է արդեն կյանքի կոչվեն եւ դրա հետ կապված քաղաքական ուժերի հետ համագործակցությունը պետք է շարունակվի»:

Խոսելով հնարավոր կոալիցիայի ձեւավորումից հետո Դաշնակցության ստանալիք պաշտոնների մասին՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ չկան փակագծեր, որ ինքը գիտի եւ չի ցանկանում բացել. «Ընդամենը բանակցում են, խորհրդակցում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Որեւիցե ընդհանուր հայտարարի չեն եկել: Հենց պայմանավորվածություն է լինում՝ հանրությունն իմանում է ինչ-որ աղբյուրներից»:

Լրագրողներից մեկի հարցին, թե այս կոալիցիան ի՞նչ կտա երկրին, արդյոք կլինի հերթական կոալիցիան, որը որոշ ժամանակ անց կքայքայվի առանց արդյունք տալու, թե՞ դրական փոփոխություն կլինի, պատգամավորը պատասխանեց. «Ես ընդունում եմ, որ մենք, ցավոք սրտի, կոալիցիոն կառավարման երկու տխուր փորձ ենք ունեցել, երբ այն ձեւավորվել է եւ քիչ ժամանակ անց փլուզվել է: Նոր Սահմանադրությունը թույլ կտա, որ ձեւավորվող կոալիցիան երկար տեւի»:

Սուքիաս Ավետիսյանի կարծիքով՝ ճիշտ է այն քաղաքական ուժը, որն իր վրա պատասխանատվություն վերցնելու հետո պատասխան է տալիս եւ դրականի, եւ բացասականի համար: Նա նաեւ ասաց, որ երկրի կառավարմանն ինչքան քաղաքական ուժեր մասնակցեն, «այնքան երկրի կառավարումը ճիշտ հունով կընթանա, զսպումների մեխանիզմն ավելի լավ կաշխատի, ժողովուրդն էլ կկարողանա բազմաբեւեռ ուժերի միջոցով իր խնդիրները բարձրացնել խորհրդարանում»:

 Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031