Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Համագործակցություն չի նշանակում անպայմանորեն կոալիցիայի ստեղծում». «Հայոց աշխարհ»

Հունվար 26,2016 12:39

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ

 -ՀՀԿ-ն, իրոք, տարբեր ժամանակներում հայտարարել է, որ բաց է ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցության, սակայն պարտադի՞ր է, որ այդ համագործակցությունն արտահայտվի կոալիցիոն ձեւաչափով, ինչը, ի դեպ, մեր ժողովրդի մեջ այնքան էլ դրական ասոցիացիաներ չի առաջացնում: 

-Համագործակցություն չի նշանակում անպայմանորեն կոալիցիայի ստեղծում: Այո, ճիշտ եք նկատում, կան համագործակցության տարբեր ձեւեր, այսինքն՝ այն կարող է արտահայտվել տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ կոալիցիոն: Սա եւս մեզ համար ընդունելի մոտեցում է:

Համագործակցության տարբեր ձեւաչափերի շուրջ մենք չենք հրաժարվում բանակցել քաղաքական ուժերի հետ` սկսած խորհրդարանում գտնվող մեկհոգանոց խմբակցությունից մինչեւ արտախորհրդարանական ուժերը, այսինքն՝ բանակցել այն բոլոր ուժերի հետ, ովքեր իրապես մտահոգ են մեր երկրի ճակատագրով:

Իսկ մեր ժողովրդի մեջ կոալիցիաների հանդեպ ոչ դրական վերաբերմունքի պատճառն այն է, որ կան մարդիկ, որոնք կոալիցիա ասելով հասկանում են միայն պաշտոնների բաժանում: Այստեղից էլ ծնվում է մտահոգությունը:

 -Դառնանք ՀՀԿ-ՀՅԴ հարաբերություններին. մամուլը հեղեղված է հնարավոր ու անհնար, իրատեսական ու մտացածին վարկածներով։ Առանձնացնեմ երկուսը. առաջին` ստեղծվող կոալիցիան երաշխավորելու է քաղաքական երկու ուժերի տեղը 2017-ին, ասել է թե՝ ապահովելու է ընտրական հաղթանակը: Երկրորդ՝ ՀՀԿ-ին կոալիցիայի ստեղծման է մղում քաղաքական կայունության ապահովման անհրաժեշտությունը:

-Զարմանում եմ, որ դեռ կոալիցիայի հարցում չկա որոշակիություն, բայց մամուլն արդեն հաստատակամ շեշտադրմամբ հրապարակումներ է անում, թե կոալիցիան ստեղծված է, եւ երկու կուսակցություններն արդեն զբաղված են պաշտոնների բաժանմամբ:

Ես պետք է եւս մեկ անգամ հայտարարեմ, որ այսօր չկա կոալիցիոն պայմանավորվածություն: Իհարկե, կան տարբեր մակարդակի քննարկումներ, առանձնազրույցներ, բայց կոալիցիոն համագործակցության հարցում կայացված որոշում չկա, այդ հարցում քաղաքական համաձայնություն ձեռք չի բերվել, առավել եւս՝ չկա պաշտոնների բաժանման հարց:

Անգամ պարզ չէ կոալիցիա կազմելու ժամկետը:

Կրկնում եմ, չկա նման գործընթաց, երբ կլինի հստակ համաձայնություն, այդ ժամանակ կհայտարարենք այդ մասին` պատասխանելով բոլոր հարցադրումներին:
Ինչ վերաբերում է երկրորդին, թե ՀՀԿ-ն ուզում է կոալիցիա ստեղծել քաղաքական կայունության ապահովման համար, մեկ ճշգրտում կանեմ` քաղաքական ավելի կայուն իրավիճակի ստեղծման համար, որովհետեւ որքան երկրի քաղաքական ուժերը լայն սպեկտրով համագործակցեն, այնքան ճակատը կմեծանա, իսկ տարբեր քաղաքական ուժերի համագործակցության միջոցով կայացված որոշումները բնականաբար ավելի նպաստավոր կարող են լինել երկրի ապագայի համար:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031