Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են կատարվել ՀՅԴ-ի կետերը. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 26,2016 12:31

Այժմ հիշենք ՀՅԴ-ի 7 կետերը եւ տեսնենք, թե որքանով դրանք կատարված կարելի է համարել։

1. Անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։ Ձևավորել լիարժեք անկախ ընտրական համակարգ, ստեղծել երաշխիքներ՝ բացառելու ընտրակեղծիքները, ընտրակաշառքը եւ պետական- վարչական ռեսուրսի օգտագործումը։

Այս կետը չի կատարվել։ Ինչ-որ համամասնական բան են ընդունել, բայց անկախ ընտրական համակարգ, ընտրակաշառքի եւ պետական-վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակեղծիքների բացառման երաշխիքներ չեն ստեղծվել։ Այնպես որ, այս կետը չանցավ։ Հրանտ Մարգարյանի ասած՝ անբարոյականություն կլիներ հակառակը պնդելը։

2. Անցում կատարել կառավարման խորհրդարանական ժամանակակից համակարգի։

Էս մեկը ՀՅԴ-ին փեշքեշ։ Ընդունենք, որ կատարվել է, թեպետ անհասկանալի է, թե ժամանակակիցը որն է, քանի որ այս նոր ընդունած համակարգը աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի, բացի, ոնց որ թե՝ Սան-Մարինոյից։

3. Օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը՝ ձևավորելով իշխանություն-ընդդիմություն միասնական պետական կառավարման համակարգ։

Սա իրականում ոչինչ չասող կետ է։ Որովհետեւ ցանկացած պահի ՀՀԿ-ն կարող է ՀՅԴ-ին ասել. ընկեր, արի գնա ընդդիմություն խաղա, քո ներկայացուցիչներին տանք ընդդիմության համար նախատեսված մի քանի պաշտոնները՝ Վերահսկիչ պալատի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների նախագահների։ Այսինքն, նախ, հարց է, թե ընդդիմությունը որն է լինելու։ Իրենք շատ հանգիստ կարող են բաժանվել իշխանության եւ ընդդիմության, ամեն մեկը վերցնի իր հասանելիքը, անունը կոչվի դեմոկրատիա։ Այս սցենարը, իմիջիայլոց, նոր չէ, ժամանակին Դաշնակցությունը երիտթուրքերի հետ է նույն սկզբունքով համագործակցել։ Բոլոր դեպքերում, սա էլ համարենք, որ դաշնակների սրտով է։

4. Հստակ արտահայտված կամք դրսեւորել եւ գործուն մեխանիզմներով տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, դատական իշխանության լիարժեք անկախությունը։

Դե, կարճ կապենք, այս կետը չի կատարվել։ Կատարվելու դեպքում տնտեսությունն այս վիճակում չէր լինի, արտագաղթ եւ այլն, որոնք այս ամենի հետ փոխկապակցված են։

5. Սոցիալ–տնտեսական քաղաքականության հիմքում դնել կենսաապահովման նվազագույն բյուջեն, միջսերնդային եւ ներսերնդային համերաշխությունը։

Լավ է, կողքից չեն ավելացրել՝ Շնորհավոր Սուրբ Ծնունդ ու Ամանոր։ Սա ինչ-որ տեսական պահանջ է, նույնպես ոչ մի կոնկրետություն չկա մեջը։ Միջսերնդային համերաշխությունը, անկեղծ ասած, այնքան էլ լավ չենք հասկանում, թե ինչ է։ Սա էլ, համարենք որ կատարել են, որովհետեւ ոչ մի փաստ չունենք այն մասին, որ ՀՀԿ-ն ներսերնդային համերաշխության հարցը չի լուծում։

6. Երկրում արդարության ու վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով ապահովել արդար բիզնես միջավայր, բացառել քաղաքական շարժառիթներով հասարակական եւ տնտեսական կյանքին միջամտությունը, ոչ բնական մենաշնորհները, արտոնություններ տալ փոքր ու միջին բիզնեսին, քաղաքացիներին մասնակից դարձնել որոշումների ընդունմանը։

Հասկանալի է, որ ոչ մի բան այս կետից չի կատարվել։ Ու սա ամենակարեւոր կետերից մեկն է։

7. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության եւ ինքնուրույնության ապահովումը։

Չգիտենք, թե այսօր արտաքին քաղաքականության մեջ ագզային-պետական ինչպիսի ուղեգիծ է տարվում, բայց փաստ է, որ այժմ ԵԽԽՎ-ի նստաշրջանում քննարկվում է երկու հակահայկական բանաձեւ, որոնք սպառնալիք են Արցախի ու Հայաստանի անվտանգությանը։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031