«Մենք հնարավորինս երկարաձգեցինք անալոգային հեռարձակման ժամկետը՝ մինչեւ 2015 թվականի ավարտը: Այժմ արդեն 2016 թվականի հունվարի ավարտն է, եւ անալոգային հեռարձակումն անջատված չէ: Պատճառը սոցիալապես անապահով քաղաքացիներին անհրաժեշտ սարքերով ապահովելն է»,- այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
Նա տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ նախատեսված էր ձեռք բերել 48.733 ընդունիչ սարք, որից 2.000-ը պետք է տրամադրվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը. «Սարքերն ամբողջությամբ ձեռք են բերվել, ամբողջ խմբաքանակը գտնվում է Հայաստանում: Բացառությամբ Երեւանի, Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի՝ արդեն այս սարքավորումները բաշխված են ըստ մարզերի եւ այժմ ընթանում է քաղաքացիներին տրամադրման գործընթացը»:
Անդրադառնալով անալոգային հեռարձակման անջատմանը՝ Գրիգոր Ամալյանն ասաց, որ նախօրոք այդ մասին կտեղեկացվի. «Երբ մենք կստանանք հավաստող փաստաթղթեր, որ սարքերի բաշխման գործընթացը տվյալ մարզում ավարտված է, հայտարարություն կտրամադրենք ԶԼՄ-ներին եւ կնախանշենք տվյալ մարզում հստակ անջատման օրը: Ողջամիտ ժամկետ է 10 օր բաշխումից հետո տրամադրել քաղաքացիներին, իրազեկել նրանց անջատման օրվա մասին եւ միայն դրանից հետո անջատել անալոգային հեռարձակումը»:
Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ