Լրահոս
Օրվա լրահոսը

2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 103.1 տոկոս

Հունվար 26,2016 11:09

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2016թ. հունվարի 21-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.1%: 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 100.7%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 120.4%:

2
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառությանը, որը նվազել է 8.0%-ով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.7%, արդյունաբերությանը` 105.2%, ծառայություններինը` 102.7%, իսկ շինարարությանը` 100.3 %:

Առևտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 37.2%-ով, ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունից ստացված տրանսֆերտների ծավալը նույն ժամանակահատվածում նվազել է 43.4%-ով:

Արդյունաբերության աճի տեմպը հունվար-դեկտեմբերին կազմել է 105.2%, ընդ որում 2015թ. դեկտեմբերը 2014թ. դեկտեմբերի նկատմամբ կազմել է 110.8%, իսկ դեկտեմբերը նոյեմբերի նկատմամբ` 109.3%:

Նշենք, որ ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվել են 2015թ. արդյունաբերական արտադրանքի ծավալի ամսական ցուցանիշների ճշգրտումներ` պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ինչի վերաբերյալ վերանայված տվյալները ռեսպոնդենտի կողմից տրամադրվել են 2016թ. հունվարին:

1
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն, աճ է (անվանական աճ) գրանցվել հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 120.5%, նաև էներգետիկայի ոլորտում` 116.9%, իսկ մշակող արդյունաբերությունում գրանցվել է 3.4% նվազում:

Նշենք, որ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում գրանցված աճը եղել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազման պարագայում (2014թ. համեմատությամբ, 2015թ. պղնձի գները նվազել են 6.2%-ով, իսկ մոլիբդենինը` 42.1%-ով):

Չնայած մշակող արդյունաբերության աճի նվազմանը` վերջինիս ենթաճյուղերից աճի տեմպ է գրանցվել հետևյալ ճյուղերում` «Ծխախոտե արտադրատեսակների արտադրությունում»` 145.0%, «Համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում»` 130.8%, «Ադամանդների մշակման»` 114.9%, «Դեղագործական արտադրանքի արտադրությունում»` 128.5%, «Հագուստի արտադրությունում»` 112.8% և «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրությունում»` 104.1%:

Նվազում է գրանցվել «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությունում»` -44.6%, «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -26.5%, «Ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունում»` -28.7%, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -28.8%, «Խմիչքների արտադրությունում»` -13.2%, «Սննդամթերքի արտադրությունում»` -16.0%, «Քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրությունում»` -11.5%: «Այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունում»` -9.6%, «Հիմնային մետաղների արտադրությունում»` -6.6%:

Չնայած արտադրության ծավալների նվազմանը, առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող «Խմիչքների արտադրության» ենթաճյուղի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ աճել է 0.3%-ով, իսկ դեպի այլ երկրներ` 71.5-ով: Արտադրության ծավալների նվազման դիմաց «Հիմնային մետաղների արտադրություն» ենթաճյուղի դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալն աճել է 29.0%-ով, իսկ «ոսկերչական զարդերի արտադրություն» ենթաճյուղի արտահանումը ԱՊՀ երկրներ աճել է 5.7%-ով:

Վերը նշված մյուս ենթաճյուղերի ցուցանիշների նվազումը պայմանավորված է արտաքին պահանջարկի նվազմամբ: Մասնավորապես, քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտահանումը այլ երկրներ նվազել 21.3%-ով, էլեկտրական սարքավորանքի արտահանումը ԱՊՀ երկրներ նվազել է 42.9%-ով, իսկ այլ երկրներ նվազել է 50.8%-ով:

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 20.6%-ով, արտահանումը` 3.9%-ով, իսկ ներմուծումը` 26.5%-ով: Նշենք, որ պայմանավորված ՀՀ սահմանին գազի գնի փոփոխությամբ, ներմուծման ամսական ցուցանիշները ՀՀ ԱՎԾ կողմից ճշգրտվել են:

3
2015 թվականի ընթացքում արտաքին առևտրի ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է եղել գործարարների համար բարենպաստ պայմանների ապահովմանը, արտաքին շուկաներում հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմների ապահովմանը, իսկ ներքին շուկայում` հավասար մրցակցային դաշտի ձևավորմանը:

Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն /ԵԱՏՄ/ անդամակցությամբ պայմանավորված, առաջնահերթ ուշադրություն է դարձվել նոր պայմաններում իրավական դաշտի ձևավորմանը, որն ուղղված կլինի նաև հայ գործարարի շահերի պաշտպանությանը: Իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` սակագնային և ոչ սակագնային կարգավորման ոլորտներում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցման ուղղությամբ, մշակվել և ընդունվել են մի շարք իրավական ակտեր:

2015 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվել է GSP Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/ օգտվելու հնարավորությունը: Ներկայումս Հայաստանն օգտվում է նաև Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP/ արտոնյալ ռեժիմից, ինչն ապահովում է Հայաստանում արտադրված մի շարք ապրանքների համար զեղչված կամ 0-ական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկաներ:

Հարկ է նշել, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ /GSP+/ առևտրային ռեժիմն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների` եվրոպական շուկա զրոյական կամ ցածր մաքսատուրքի դրույքաչափերով արտահանելու հնարավորություն:

ՀՀ կառավարությունը` կարևորելով արտահանման ծավալների ավելացումը, նոր շուկաներ մուտք գործելու և արտահանման դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, շարունակում է գործնական քայլեր ձեռնարկել տեղական արտադրանքի արտահանման խթանման և աջակցության նպատակով:

ՀՀ վարչապետի 2016 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ստեղծվել է Արտահանման աջակցման խորհուրդ, հաստատվել են գործունեության գերակա ուղղությունները և գործիքակազմը, տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցության հայտերի ներկայացման, գնահատման և աջակցության տրամադրման ընթացակարգը:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ, արտահանման աջակցման խորհուրդը նպաստելու է տեղական արտադրանքի արտահանման խթանմանը և տեղական արտադրության մեջ արտահանման ծավալների տեսակարար կշռի աճին, ինչպես նաև իրական հատվածի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Տեղական արտադրանքի արտահանման աջակցության գերակա տեսակներ են սահմանվել գինին, մրգային օղիները, պահածոները, մսամթերքը, ձկնատեսակները և ձկնամթերքը:

Տեղական արտադրության ապրանքների արտահանման աջակցությունը սահմանվելու է արտահանման աջակցման խորհրդի որոշմամբ և տրամադրվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցով:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031