Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն անցնում է հակագրոհի. «Ժամանակ»

Հունվար 26,2016 10:48

ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն քննարկումների հարցում ոչինչ պարզ չէ, դեռ միայն քննարկումներ են, որոնց արդյունքների առումով շատ բան կախված է կուսակցության ներսում քննարկումներից, որ ՀՅԴ լիդերներն առաջիկայում անցկացնելու են տեղական կառույցների հետ:

Աղվան Վարդանյանը բավական թափանցիկ ակնարկով հասկացնում է, որ կուսակցության տեղական կառույցները միանշանակ չեն ընդունում ՀՀԿ-ի հետ կոալիցիան, և կարիք կա ցույց տալու, որ կոալիցիա կազմելով՝ ինչ-որ բան կփոխվի, մարդկանց մոտ ինչ-որ հույս արթնացնող քայլեր կլինեն: ՀՅԴ-ն, փաստորեն, անցնում է հակագրոհի, որը հաջորդում է ՀՀԿ-ի գրոհին:

Այն բանից հետո, երբ Հրանտ Մարգարյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի վերաբերյալ սկզբունքային համաձայնության մասին, ՀՀԿ-ականներն ընդվզեցին՝ հայտարարելով, որ իրենք տեղյակ չեն նման զարգացումներից, և Սերժ Սարգսյանի հետ ՀՅԴ-ի առանձնազրույցը իրենց համար հիմք չէ:

Ավելին՝ հունվարի 21-ին ՀՀԿ գործկոմի նիստում քննարկումներից հետո ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ում բավական դժգոհություններ և տարակարծություններ կան ՀՅԴ-ի հետ կոալիցիայի մասով, և քննարկումից հետո ոչ մի որոշակի եզրահանգման վերաբերյալ հայտարարություն չեղավ: Դժվար է ասել, թե ինչ է նշանակում ՀՀԿ-ի այս պահվածքը: ՀՀԿ-ում իսկապե՞ս համարձակվում են մերժել ՀՅԴ-Սերժ Սարգսյան պայմանավորվածությունները, եթե դրանք կայացվում են առանց իրենց, թե՞ ՀՀԿ-ում նման տրամադրություններ խթանում է Սերժ Սարգսյանը՝ ՀՅԴ-ից կոալիցիայի համար առավել թանկ գին պահանջելու համար:

Այսպես, թե այնպես, բայց ՀՅԴ-ն կարծեք թե որոշում է առնվազն այժմ միանգամից չնահանջել, և փաստորեն Սերժ Սարգսյանին ակնարկում են, որ ՀՅԴ-ում էլ կարծիքները միանշանակ չեն, և իրենք կարող են նաև ընդդիմություն լինել՝ չմտնելով կոալիցիա: Իսկ խնդիրն այն է, որ եթե ՀՅԴ-ն իսկապես լինի ընդդիմություն, այսինքն՝ լինի այն ընդդիմությունը, որ կպատկերացնեն շարքերը, և որը հիմնված կլինի շարքերի տրամադրությունների և հաստատակամության վրա, ապա դա ՀՀԿ-ի համար իսկապես հղի կլինի խնդիրներով:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031