Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Ուոլթերը՝ ՀՀ իշխանությունների հետ գործակցության մասին. «Հրապարակ»

Հունվար 26,2016 10:45

«Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» (Doc. 13930) զեկույցի հեղինակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը զեկույցի 20-րդ կետում հաղորդում է. «Թեեւ սկզբնապես ես մտադիր էի առաքելությունս սկսել 2015-ի մարտին Հայաստան այցելելով, տիկին Նաղդալյանն ասաց, որ իմ այցը Հայաստան հնարավոր չի լինի կազմակերպել 2015-ի մայիսից շուտ։ Հետեւաբար, որոշեցի այդ ընթացքում փաստահավաք այց կատարել Ադրբեջան»։

Կետ 21. «Հաշվի առնելով ԵԽԽՎ-ում  Հայաստանի եւ Ադրբեջանի

պատվիրակությունների ղեկավարների հետ իմ քննարկումները, նրանց Վեհաժողովի գլխավոր քարտուղարի՝ Վոյչեչ Սավեցկու կողմից 2015թ. փետրվարի 6-ին պաշտոնական նամակներ ուղարկվեցին՝ առաջարկելով, որ 2015-ի մարտին ես այցելեմ Ադրբեջան եւ մայիսին՝ Հայաստան։ Սավեցկին երկու կողմերին էլ հավաստել էր նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելելու իմ մտադրությունը»։

Կետ 22. «Շուտով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովից ստացվեց դրական պատասխան, եւ 2015թ. մարտի 11– 13-ին ես առաջին փաստահավաք այցը կատարեցի Ադրբեջան։ Անկողմնակալությունը եւ իմ զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու համար ես Բաքվում ձեռնպահ մնացի մամուլի համար հայտարարություններից եւ անգամ հանձնաժողովի անդամներին չզեկուցեցի Բաքվում իմ հանդիպումների բովանդակության մասին։ Ես մտադիր էի հանձնաժողովին զեկուցել երկու այցերի մասին՝ մայիսին երեւանյան այցն ավարտելուց հետո»։

Կետ 23. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարից պատասխանի բացակայության պայմաններում 2015թ. մարտի 30-ին նրան ուղարկվեց 2-րդ պաշտոնական նամակը, առաջարկելով իմ այցի համար կոնկրետ ժամկետ՝ 2015թ. մայիսի 11-14-ը, այն օրերը, որոնք ոչ պաշտոնապես համաձայնեցվել էին տիկ. Նաղդալյանի հետ։ Նամակը դարձյալ մնաց անպատասխան մինչեւ 2015թ. հունիս»։

Կետ 24. «2015թ. հունիսի 19-ին տիկին Նաղդալյանը պատասխանեց Գլխավոր քարտուղար Սավեցկուն, հայտնելով, թե պատրաստ է ինձ ընդունել Հայաստանում, իբրեւ ԵԽԽՎ իր կոլեգայի, եւ աջակցել որոշ հանդիպումների կազմակերպմանը… Լեռնային Ղարաբաղի շրջան այցելելու իմ մտադրության առնչությամբ առաջարկում էր այդ այցը կազմակերպել «ԼՂ իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ»»։

Կետ 25. «Տիկին Նաղդալյանի նամակին ես պատասխանեցի մի քանի օրում՝ հունիսի 22-ին շնորհակալություն հայտնելով եւ հաստատելով իմ պատրաստակամությունը՝ քննարկելու այցի կոնկրետ ժամկետներն ու մանրամասները»։

Կետ 26. «Քանի որ ամառվա ամիսներին տիկին Նաղդալյանից ես ոչինչ չլսեցի իմ հայաստանյան այցի հնարավոր օրերի մասին, 2015թ. օգոստոսի 27-ին նորից գրեցի նրան, առաջարկելով կազմակերպել իմ այցը սեպտեմբերին… Նաեւ պատրաստակամություն հայտնեցի Լեռնային Ղարաբաղ այցիս ընթացքում շփման գիծ մեկնելու։ Նույն օրը նամակ հղեցի նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին՝ ադրբեջանական կողմից շփման գիծ մեկնելու առաջարկով»։

Կետ 28. «Սեպտեմբերի 7-ին ես ստացա Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեյիդովի պատասխանը, որով պատրաստակամություն էր հայտնվում ինձ հյուրընկալել Բաքվում սեպտեմբերի 15– 16-ին եւ աջակցել շփման գիծ մեկնելու»։

Կետ 29. «Սեպտեմբերի 10-ին ես ստացա տիկին Նաղդալյանի պատասխանը, որով պատրաստակամություն էր հայտնվում ինձ ընդունել Հայաստանում, բայց ոչ թե սեպտեմբերին, այլ՝ նոյեմբերին։ Նաեւ ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար պետք է Հայաստանում ԼՂ ներկայացուցչությունից հրավեր ձեռք բերեմ, եւ սեպտեմբերը հարմար չէ ԼՂ-ում շփման գիծ մեկնելու համար»։

Կետ 30. «Ավելին՝ սեպտեմբերի 22-ին, հակառակ ԵԽԽՎ-ում հաստատված պրակտիկային, ես անգամ գրեցի ԼՂ-ի փաստացի իշխանություններին՝ խնդրելով, որ այցելեմ Ստեփանակերտ, ցանկալի է՝ հոկտեմբերին։ 2015-ի հոկտեմբերի 2-ին ստացվեց պատասխան, որում քննադատվում էր իմ զեկույցի վերնագիրը, եւ դա դիտվում էր որպես խոչընդոտ ԼՂ իմ այցը կազմակերպելու համար»։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031