Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահներն ընդդեմ հակահայկական զեկույցների

Հունվար 26,2016 10:28

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության
վերջին հայտարարությունը Բաքվում «հակաադրբեջանական» են համարում

Հունվարի 25-ից մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու են «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում», ինչպես նաեւ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցները: Դրանցում, ինչպես հայտնի է, հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետեր կան, մասնավորապես՝ կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

Հայկական կողմին, կարելի է ասել, օգնության հասավ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հունվարի 22-ին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԽԽՎ-ին կոչ արեցին չանել քայլեր, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններին։ «Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձեւեր, եւ հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին եւ այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափը։ Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների դրսեւորած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չանել քայլեր, որոնք կարող են վնասել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից Մինսկի խմբին տրված մանդատը կամ էլ բարդացնել ընթացող բանակցությունները»,- նշեցին համանախագահները։

Համանախագահների վերոնշյալ հայտարարությունն Ադրբեջանում արդեն հասցրել են «հակաադրբեջանական» անվանել: Ադրբեջանցի քաղաքագետները նույնիսկ մեղադրում են Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ չի կարողացել կանխել ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նման «հակաադրբեջանական» կոչ-հայտարարությունը` ուղղված ԵԽԽՎ-ին: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւն այսպես է արձագանքել ՄԽ-ի հայտարարությանը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի որեւէ հիմք բանակցային գործընթացում մոնոպոլիստի դերում հանդես գալու համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչ այժմ չի արդարացրել ՄԱԿ ԱԽ-ի տրամադրած մանդատը եւ ավելի քան 20 տարում հակամարտության կարգավորման հարցում չի հասել որեւէ բեկման»։
Նկատենք, որ ավելի վաղ՝ անցյալ տարվա նոյեմբերին, ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԵԽԽՎ-ին ուղերձ էր հղել Ղարաբաղին առնչվող վիճահարույց բանաձեւի նախագծին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի հավանություն տալու առիթով: Ուղերձը հստակ էր ու միանշանակ` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ ԵԽԽՎ-ին հարկ է խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ:
Հիշեցնենք. նոյեմբերի սկզբին ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը, որը կոչ է անում Հայաստանին «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանություն»: Բանաձեւի նախագծում ԵԱՀԿ ՄԽ-ին կոչ է արվում պլենար նիստ անցկացնել եւ ԼՂ-ին տալ միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի ինչպես անվտանգությունը, այնպես էլ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաեւ համաձայնեցված միջանցք բացել Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ ու վստահության ամրապնդմանն ուղղված այլ քայլեր կատարել, այդ թվում՝ դեպի Նախիջեւան մուտքի թույլտվություն։ Հանձնաժողովը անհրաժեշտ էր համարել ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։ Կոչ անելով զերծ մնալ բռնություններից՝ նախագծում առաջարկ է հնչում նաեւ հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։

Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը կազմվեց ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում. հայկական կողմը, ի սկզբանե համաձայն չլինելով զեկույցի վերնագրին, հայտարարեց, թե Ուոլթերն այդպիսով արդեն իսկ կողմնակալ կեցվածք է դրսեւորում, եւ, ըստ էության, հրաժարվեց նրա հետ աշխատել։ Ուոլթերը 2013-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գլխավորել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը։ Նա պնդել էր, թե Ադրբեջանի նախագահն ընտրվել է ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում։ Ուոլթերի գնահատականը կասկածի տակ էր դրել «Գարդիան» պարբերականը՝ պնդելով, թե եվրոպացի պատգամավորների Բաքու գործուղումը իսկական արձակուրդ էր. «Արքայավել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսե գորգեր եւ գումարներ»։ Ուոլթերը նաեւ «Խավիարային դիվանագիտություն. ինչպես է Ադրբեջանը լռեցնում Եվրոպայի խորհրդին» հայտնի զեկույցի գլխավոր հերոսներից մեկն է, եւ ինչպես «Եվրոպական կայունություն» նախաձեռնությունն էր փաստել՝ Ադրբեջանի գլխավոր քարոզիչը միջազգային ասպարեզում։

Ուշագրավ էր օրերս թուրքական ընդդիմադիր «Demokrathaber.net» կայքում հրապարակված` «ԵԽԽՎ-ի կուլիսներում կաշառքի մասին խոսակցություններ են պտտվում՝ կապված Ղարաբաղի հարցով օրինագծի հետ» վերտառությամբ հոդվածը: «Իրավիճակը գնահատող միջազգային անկախ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ օրինագիծն օրակարգ մտցրած Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը եւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նախագահող՝ իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտը քննադատվում են կողմնապահության համար»,- գրել էր թուրքական կայքը՝ հավելելով, որ բրիտանացի պատգամավորը նախապատրաստել է միայն Բաքվի իշխանությունների տեսակետին տուրք տվող օրինագիծ: Իսկ ԼՂ հարցում Բաքվին սատարող Անկարան նույն այդ պատգամավորին անցած տարվա մայիսին շնորհել է Թուրքիայի քաղաքացիություն, որը, աղբյուրի բնորոշմամբ, «պատահականություն լինել չի կարող»: Հոդվածում փաստել էին նաեւ, որ Ուոլթերին Թուրքիայի անձնագիր հանձնել է անձամբ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Ահա այդ պատճառով էլ տեսակետներ են հնչում, որ վերոնշյալ օրինագիծը գաղտնի համաձայնության արդյունք է,- գրել էր «Demokrathaber»-ը` հավելելով. «Այն դեպքում, երբ հաշված օրեր են մնացել նստաշրջանի մեկնարկին, Ստրասբուրգի կուլիսներում լուրեր են պտտվում, թե Ուոլթերն առաջիկայում ստանձնելու է խորհրդականի պաշտոն Թուրքիայի արտգործնախարարությունում»:

Ինչ վերաբերում է մյուս զեկույցին` 2013-ից շրջանառվող Սարսանգի ջրամբարի հարցը որպես զեկույցի նախագիծ մտավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ։ Սոցիալական հարցերի, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովը հավանություն տվեց բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցին, որը պատրաստվել է բացառապես ադրբեջանական կողմի հետ համագործակցության եւ Ադրբեջանի տարածքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Մարկովիչը Լեռնային Ղարաբաղ չէր այցելել, թեեւ ԼՂՀ իշխանությունները նրա հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել էին՝ միեւնույն ժամանակ ընդգծելով Սարսանգի ջրամբարի հարցի քաղաքականացման ցանկացած փորձի անթույլատրելիությունը։ «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած հեղինակը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետեւանքով կարող են մեծ մարդկային կորուստներ լինել: Մարկովիչն ընդգծում է նաեւ, որ ջրամբարը գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», եւ որ դրա՝ ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող զեկույցը նաեւ պահանջում է այդ շրջաններից դուրս բերել հայկական զինված ուժերը, հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման խողովակները։

Մինչդեռ Ստեփանակերտը բազմիցս նշել է, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակչության ճակատագրով մտահոգված բոսնիացի պատգամավորը միտումնավոր անտեսել է ԼՂ-ի՝ տարիներ շարունակ հնչող պատրաստակամությունը Սարսանգի ջրային ռեսուրսները Ադրբեջանի հետ համատեղ օգտագործելու շուրջ։ Ավելին` 2014թ. ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների՝ Սարսանգի ջրամբար կատարած այցից հետո միջնորդները տարածած հայտարարության մեջ որեւէ վտանգի մասին չէին նշել եւ հույս էին հայտնել, որ կողմերը համաձայնության կգան ջրային այդ պաշարների համատեղ օգտագործման հարցում։ Պաշտոնական Ստեփանակերտը բազմից նշել էր, որ ԼՂ-ն պատրաստ է երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ այդ երկրի սահմանամերձ գյուղերի բնակչությանը ջուր տրամադրելու հարցի շուրջ, իսկ Սարսանգի ջուրը ադրբեջանական տարածքներ մղելու Ստեփանակերտի դրսեւորած բարի կամքը անտեսվել էր։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վերջերս հավաստիացրեց, թե հայաստանյան պատվիրակությունը բացատրական աշխատանք է տանում Վեհաժողովի պատվիրակների հետ. «Որեւէ չափազանցություն չկա նրանում, որ ես ասել եմ, որ ԵԽԽՎ-ն հեռացել է իր արժեքներից: Չկա միտում արդարանալու, միջոցներ գտնելու, որովհետեւ պատվիրակությունն այս պահին արդարանալու անհրաժեշտություն անգամ չունի»,- նկատել էր նա օրեր առաջ:
ԼՂ խնդրի կարգավորման թեման այլ հարթակներ տեղափոխելու Ադրբեջանի քաղաքականությունը տարիներ շարունակ անփոփոխ է: Ի սկզբանե ԵԽԽՎ պատգամավորների հետ աշխատելուց հրաժարվելը ու նրանց ադրբեջանամետ կեցվածքի վրա կենտրոնանալը, թերեւս, հայկական կողմի ոչ ճիշտ մարտավարությունն էր: Այն, որ երկու զեկույցները հակասում են առհասարակ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափով ընթացող բանակցություններին եւ կարգավորման սկզբունքներին, նույնպես անվիճելի է: Ավելին` այսօր, երբ Ադրբեջանը խաղաղ կարգավորման բանակցությունները փակուղի մտցնելու հետեւողական ու շարունակական քայլեր է ձեռնարկում, իսկ շփման գծում հարաբերական անդորր, ըստ էության, չկա, ԵԽԽՎ-ում նման փաստաթղթերի ընդունումն ընդհանրապես վտանգում է միջնորդների ջանքերը, որոնք, խոստովանենք, բավական լարված իրավիճակում են փորձում ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովել:

Սակայն պաշտոնական Երեւանին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանից առաջ զգալիորեն աջակցեց ԵԱՀԿ Մինսկի խումբը` հունվարի 22-ին տարածած իր հայտարարությամբ: Հայտնի է նաեւ, որ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ստորագրահավաք է նախաձեռնել` ընդդեմ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից պատվիրված հակահայկական զեկույցների:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական կողմի խնդիրները իսկապես մարտահրավեր են: Թե ինչ արդյունք կտան հայաստանյան պատվիրակության եւ հայաստանյան դիվանագիտության ջանքերը` շուտով պարզ կլինի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031