Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե 30 ժամ, այլ երկար տարիներ

Հունվար 26,2016 10:08

Ռուսաստանյան պաշտոնական քարոզչության «ծանր հրետանու» ամենախոշոր «հրանոթներից» մեկը` Առաջին ալիքը, ահասարսուռ ռեպորտաժ էր պատրաստել այն մասին, որ Բեռլինում ինչ-որ մարդիկ առեւանգել են 13-ամյա մի աղջկա, որից հետո 30 ժամ խոշտանգել եւ բռնաբարել են: Ցանկացած նորմալ մարդու մոտ նման տեղեկատվությունը բուռն ցասում կառաջացնի: Բայց կա նաեւ քաղաքական ենթատեքստ` հատուկ Ռուսաստանի համար` սա՞ է ձեր «ապահով Գերմանիան»: Ամեն ինչ քարոզչական առումով հրաշալի էր, եթե Բեռլինի ոստիկանությունը չպարզեր, որ ոչ մի առեւանգում եւ ոչ մի բռնություն չի եղել:

Ըստ երեւույթին, Գերմանիայում ոստիկանությունն ավելի լուրջ է վերաբերվում մամուլի հաղորդագրություններին: Թե չէ` եթե մեր համացանցը նայես, օրը մի քանի հատ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունենում, որոնց կեսից ավելին հետո սուտ է դուրս գալիս: Բայց իրավապահներն առանձնապես հակված չեն լինում լրջորեն զբաղվել նման ահազանգերով` եթե, իհարկե, որեւէ պաշտոնյայի «պատիվն ու արժանապատվությունը» պաշտպանելու կարիք չկա: Գերմանիայում «ստեր փչելը»՝ անկախ նրանից, թե ով է այդ գործում խառնված, այնքան էլ անվնաս գործ չէ, եւ այնտեղի փաստաբանները ցանկանում են պարզել` որքանո՞վ է իրենց օրենքներին համապատասխան ռուսաստանյան լրատվամիջոցի նման վարքագիծը:

Իհարկե, պատահում է, որ մենք՝ լրագրողներս, սխալվում ենք, եւ այդ սխալը մարդկանց ցավ է պատճառում: Բայց, հետեւելով ռուսաստանյան քարոզչական ալիքներին, նրանց հաղորդած լուրերին, այդ թվում, օրինակ, Ուկրաինայում «խաչված տղայի» հորինված պատմությանը, չեմ կարող հավատալ, որ Առաջին ալիքի բեռլինյան թղթակիցը պարզապես սխալվել է: Նման հանցագործությունների մասին աշխարհով մեկ հայտարարելու համար պետք է շատ «ուժեղ խաղաքարտեր» ունենալ, եւ ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ այդ լրագրողի պրոֆեսիոնալիզմը միանգամայն հերիքում է` դա հասկանալու համար: Բայց այն պայմաններում, երբ վերոհիշյալ ալիքներն իրենց թողարկումներում ոչ մի լուր չեն հաղորդում` առանց հակաեվրոպական, հակաուկրաինական կամ հակաամերիկյան ենթատեքստի, շատ բնական է, որ նրանց ղեկավարությունը նաեւ նման բան մոգոնել տա:
Չգիտեմ, ի՞նչն է ավելի սխալ՝ վազել սենսացիայի հետեւից եւ հրապարակել սխալ տեղեկատվությո՞ւն, թե՞ միտումնավոր ստել՝ քարոզչական նպատակներով: Երկրորդի մեջ, համենայնդեպս, կա ցինիզմի ավելի մեծ բաժին: Բայց ցավալին այն է, որ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ոչ միայն հետեւում է այդ ցինիկ ստերին, այլեւ 100 տոկոսով հավատում դրան: Եվ փոխել այդ մտայնությունը շատ բարդ է, որովհետեւ վերոհիշյալ քարոզչությունը ոչ թե 30 ժամ, այլ տարիներ շարունակ լվանում է մարդկանց ուղեղը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    +

  2. Հ.Շ. says:

    դեռ ասիկա լաւատես եւ բարիացակամ արժեւորում մըն է խնդրոյ առարկայ կացութեան

    քանզի, ուղեղ լվանալ ենթադրում է որ նախ կայ… ուղեղ

    (խօսքս չի վերաբերիր անշուշտ միայն Հայաստանի բնակչութեան, ոչ ալ միայն հայերին, այլ աշխարհի ամբողջ տարածքին բոլոր այն մասսայական զանգվածներին որոնք «լրատվական» որեւէ հաղորդում կ’ընդունին եւ կուլ կու տան որպէս անվիճելի ճշմարտութիւն… մինչ առաջին հակազդեցութիւնը պէտք է լինի կասկածանք, երկրորդը՝ թերահաւատութիւն, երրորդը՝ յաւելեալ պրպտում/ստուգում, եւ անկէ յետոյ միայն կարելի է կարծիք կազմել տվեալ «լուրի» նկատմամբ)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031