Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են առաջիկա օրերին այցելել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված եւ այսօր ազատ արձակված Նելլի Մինասյանին:
«Շատ ուրախ եմ, որ նրան բաց են թողել, քանի որ համոզված եմ, որ ինքը այդ ամենի հետ կապ չէր կարող ունենալ եւ նրան, ի սկզբանե պետք է չձերբակալեին: Իմ կարծիքով, պարզապես ինչ-ինչ պատճառներով ներկա է եղել այդ տանը՝ չիմանալով, ինչեր կային այնտեղ: Մոտակա օրերին կտեսնվենք նրա հետ անպայման»,- ասաց քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր լրացել էր Նելլի Մինասյանի կալանքի երկամսյա ժամկետն ու այն երկարացնելու միջնորդություն չէր ներկայացվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նելլի Մինասյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե իր պաշտպանյալն ինչ կապի մեջ է եղել «հանցավոր» խմբի անդամների հետ, ինչու է եղել Նորք-Մարաշում գտնվող տանը: Փաստաբանի խոսքով, Նելլին առողջական լավ վիճակում է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գործով կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ