ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ջորջ Ծերեթելիի (Վրաստան) գլխավորած պատվիրակությունն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Միլի մեջլիսի խոսնակ Օգթայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ:
Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը: ԵԱՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները նշել են, թե այս տարածաշրջանի հակամարտությունները կարեւոր դիրք են զբաղեցնում իրենց օրակարգում:
«ԵԱՀԿ ԽՎ-ն հետեւողական սատարում է Մինսկի խմբին եւ կիսում է նրա մտահոգությունները բռնության աճի հետ կապված: Քաղաքական կամքի նոր մակարդակն առաջխաղացման բանալին է: Հակամարտության քաղաքական լուծմանն այլընտրանք չկա: Դրանից կշահեն եւ Ադրբեջանը, եւ Հայաստանն ու նրանց ժողովուրները, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանը»,- հանդիպումներից հետո հայտարարել է Ծերեթելին:
Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ հայ եւ ադրբեջանցի խորհրդարանականները ԵԱՀԿ ԽՎ-ի ամբիոնի հարթակը երկխոսության եւ փոխգործակցության համար օգտագործելով՝ կարող են մեծ դեր խաղալ լարվածության նվազման գործում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ