Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն 120 հայ աշակերտ է սովորել «Ռեջենթս» դպրոցում

Հունվար 25,2016 20:45

2006 թվականից «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնը «Ռիջենթս» միջազգային դպրոցի հետ համատեղ մշակած կրթաթոշակային ծրագրի շրջանակներում հնարավորություն են տալիս հայ աշակերտներին ստանալ կրթություն միջազգային չափանիշներով:

«Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանի փոխանցմամբ՝ ծրագիրը հնարավորություն է տալիս 13-16 տարեկան աշակերտներին սովորել 20-100% կրթաթոշակով՝ հանձնելով անգլերենի և մաթեմատիկայի քննություններ և անցնելով հարցազրույց դպրոցի հիմնադրի կամ տնօրենի հետ:

Դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող և հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներում հաղթած երեխաներն ունեն անվճար սովորելու հնարավորություն:

«Ռեջենթս» դպրոցի և ՀՀ ԿԳ նախարարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2006 թվականից ավելի քան 120 հայ աշակերտ է սովորել «Ռեջենթս» դպրոցում:

Հայ հանրությանը միջազգային դպրոցին ծանոթացնելու և ապագա ուսանողների հետ քննություն անցկացնելու նպատակով այս օրերին Հայաստանում է գտնվում «Ռիջենթս» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը:

«Աշխարհում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում: Դրանց զուգահեռ՝ և´ հնարավորություններն են շատանում, և´ խնդիրները: Ես համոզված եմ, որ աշխարհի բոլոր խնդիրների լուծումն այժմ դպրոցներում սովորող աշակերտների ձեռքերում է. հենց նրանք են լինելու դրանք լուծողները, ոչ թե մենք: Եվ լինելով պրոֆեսիոնալ կրթության համակարգում աշխատող՝ կարծում եմ, որ իմ պարտքն է նրանց տալ այդ հնարավորությունը»,- «Էրեբունի պլազա» հյուրանոցում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Փիթեր Հոգանը:

2014 թվականից «Ռեջենթս» դպրոցի տնօրեն դարձած Փ. Հոգանի խոսքով՝ իրենց լավագույն ուսանողներից մի քանիսը հայեր են, դրա համար ինքն իր պարտքն է համարում գալ Հայաստան, ոգևորել հայ աշակերտներին իրենց կրթությունը շարունակելու հենց այս դպրոցում:

Նշենք, որ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում է գտնվում «Ռեջենթս»-ը, որն անգլիական միջազգային դպրոց է և կրթություն է կազմակերպում 2-18 տարեկան երեխաների համար: 2000 թվականին հիմնադրված դպրոցում այժմ սովորում են երեխաներ աշխարհի 35 երկրներից:

«Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրենի փոխանցմամբ՝ միջազգային դպրոցն ավարտելուց հետո հայ շրջանավարտների մեծ մասը վերադառնում է Հայաստան, մի մասն էլ նախընտրում է ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031