Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ մինչ այդ՝ Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ահազանգել էր, որ Գեւորգին ուզում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առանձնախցից տեղափոխել 51-րդ խուց, որը հայտնի է իր վտանգավորությամբ, այնտեղ քրեական հեղինակություններն են՝ իրենց օրենքներով:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վստահեցրեց, որ քրեակատարողականներում իսկապես նման մարտավարություն կիրառում են. «Հնարավորություն ունի քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան օգտագործել այդ հանգամանքը: Կոնկրետ այս իրավիճակում ես հավատում եմ մեր կոլեգաներին, որոնք ասում են, որ նման բան կա: Դա անընդունելի է եւ դատապարտելի է»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որ այցելել է Հայկ Կյուրեղյանին եւ Գեւորգ Սաֆարյանին: «Ապրի Նիկոլը»,- արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ