Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում եմ՝ դասերը բացվեն, հանդիպեմ նախարարի հետ». խուլերի խնդիրները

Հունվար 25,2016 19:33

Լսողության տարբեր խնդիրներ ունեցող մոտ 3000 մարդ է այսօր ապրում Հայաստանում: Նրանցից 133-ը սովորում են Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում: 5 տարեկանից այստեղ հաճախող երեխաները, բացի միջնակարգ կրթությունից, ձեռք են բերում նաև վարսահարդարման, մատնահարդարման, կոշկակարության, կար ու ձևի և գորգագործության մասնագիտական հմտություններ:

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ավետիսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պետության կողմից ֆինանսավորվող այս հաստատությունը բոլոր հարմարություններն ունի կազմակերպելու իր սաների որակյալ կրթությունը, ինչպես նաև գիշերակացն ու չորս անգամվա սնունդը:

Նրա խոսքով՝ կրթահամալիրի սաները, բացի վերը նշված մասնագիտություններից, առանձնահատուկ հետարքրքություն ունեն նաև սպորտի նկատմամբ: Նրանցից շատերն այս ոլորտում հաջողություններ են գրանցել՝ մասնակցելով միջազգային տարբեր մրցաշարերի: Սակայն բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալը նրանց համար անհասանելի է. «Նախորդ տարվա գարնանը խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կրթահամալիրի երեք սաներ դարձան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Աշնանը Վրաստանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում նույնպես երեքը դարձան չեմպիոններ: Բայց այսօր մեծ խնդրի առջև ենք կանգնած. չեմպիոններից Արգիշտի Պետրոսյանն այս տարի ավարտում է կրթահամալիրը և մեծ ցանկություն ունի ուսումն այս ուղղությամբ շարունակելու: Ես բուհի ղեկավարությանն ասում եմ, որ նա միասնական քննությանը չի կարող մասնակցել, նրանք էլ ասում են, որ իրավունք չունեն առանց միասնական քննության ընդունելու: Ես սպասում եմ, որ դասերը բացվեն, հանդիպեմ նախարարի հետ. կարծում եմ, որ այս հարցը պետք է լուծվի, որովհետև ամեն տեղ չէ, որ աշխարհի չեմպիոն կա և ուզում է իր ուսումը շարունակել հենց այդ ուղղությամբ»,- շեշտեց Աշոտ Ավետիսյանը:

Դառնալով լսողության խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքին՝ բանախոսը վստահեցրեց, որ այս առումով զգալի դրական տեղաշարժեր է նկատում. «Հասարակությունը, վերջապես, հասկացավ, որ այս մարդկանց՝ ձեռքերով խոսելն իրենց խոսելու լեզուն է, որն ունի անվանում՝ ժեստերի լեզու: Փորձը ցույց է տալիս, որ եթե ճիշտ են ներկայացվում մարդու խնդիրները, հասարակությունը պատրաստ է ընդունելու դրանք: Մեր հասարակության մեջ այսօր կան մարդիկ, որոնք ցանկանում են սովորել ժեստերի լեզուն, որպեսզի կարողանան լսողության խանգարումներ ունեցող մարդկանց հետ հաղորդակցվել»,- նշեց Աշոտ Ավետիսյանը:

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահի տեղեկացմամբ՝ կրթահամալիրն իր հիմնական գործառույթներից բացի, իրականացնում է նաև ժեստերի լեզվի սեմինարներ բժիշկների, ոստիկանների և այլ մասնագետների համար. «Երևանի պոլիկլինիկաներից յուրաքանչյուրում այսօր կա գոնե մեկ բժիշկ, որը տիրապետում է ժեստերի լեզվին: Վերջերս էլ 26 ոստիկաններ վերապատրաստվեցին: Կրթահամալիրը սեմինարներ է անցկացնում նաև Մանկավարժական համալսարանի արատաբանության ֆակուլտետի ուսանողների համար»,- ասաց Աշոտ Ավետիսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031