Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկ Շուշանիկ Բախշյանի փաստաբանները ԶԼՄ-ներին հորդորում են առայժմ չքննարկել իրենց պաշտպանյալի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը

Հունվար 25,2016 19:21

Վերջին ամիսներին հասարակական լայն  քննարկման թեմա դարձած ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքը, ինչի մեղավորության մեջ կասկածվում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը,  այսօր նոր զարգացումներ է ստացել վերջինի՝ հունվարի 22-ին ձերբակալվելու եւ հաջորդ օրը Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվելու կապակցությամբ:

Այսօր «Նոյան Տապան» մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում Շուշանիկ Բախշյանի փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանն ու Կարեն Կիրակոսյանը հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ իրենք այսօր ցանկանում են քննարկել ոչ թե Շուշանիկ Բախշյանի մեղավոր կամ անմեղ լինելու հարցը, այլ ցանկանում են այդ թեմայից խուսափել. «Մենք ասելիք ունենք Շուշանիկ Բախշյանի ձերբակալման հետ կապված: Մենք՝ ես, իմ գործընկերները, Շուշանիկ Բախշյանը, նրա ընտանիքը ցավակցություն ենք հայտնում Մերի Մարգարյանի ընտանիքին: Ես սա ասում եմ անկեղծ: Ով մեղք ունի Մերի Մարգարյանի մահվան համար, պիտի պատժվի, ընդ որում՝ խստագույնս», – ասաց Ա. Սիրունյանը:

«Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը տեղի է ունեցել բացարձակ ապօրինի: Մենք ունենք մի իրավիճակ, որ իրոք դժբախտ դեպք է տեղի ունեցել, որ իրոք մահացել են մայր եւ նորածին: Բայց մենք ինչ ենք տեսնում. մենք փնտրում ենք մեկին եւ չգիտես ինչու ընտրել ենք Շուշանիկ Բախշյանին: Մենք արդարությո՞ւն ենք փնտրում, թե պարզապես զոհ: Ես այն կարծիքին չեմ, որ Մերի Մարգարյանի ընտանիքը անմեղ զոհ է ուզում: Այդ ընտանիքն ուզում է մեղավորին, որը նորմալ քննության պայմաններում իրոք պետք է բացահայտվի: Իսկ ի՞նչ է տեղի ունենում:

Շուշանիկ Բախշյանը օգոստոսի 1-ից, երբ քրեական գործը հարուցվեց,  երկու անգամ կամավոր, առանց ծանուցագրի իմ եւ իմ գործընկեր Կարեն Կիրակոսյանի հետ ներկայացել է քննիչին: Ընդ որում, մենք քննիչին ասել ենք, որ անելու ենք ամեն ինչ՝ հօգուտ քննության: Առաջին հարցաքննության ժամանակ մոտ 10-20 էջ ցուցմունք ենք գրել, բացատրել, թե ինչն ինչից հետո է: Նույնիսկ խորհուրդներ ենք տվել՝ ինչպես պետք է քննությունը բժշկական տեսանկյունից խորանա: Ներկայացել ենք երկրորդ հարցաքննությանը՝ էլի կամավոր, էլի առանց ծանուցագրի ու էլի ծավալուն ցուցմունք ենք գրել: Մենք երբեք չենք չարաշահել մեր փաստաբանական իրավունքները: Բայց շաբաթ օրը ճար չունեինք (խոսքը շաբաթ օրը դատարանում կատարվածի մասին է Ա.Հ.), այն աստիճան ճար չունեինք. որ դատարանը Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշում է կայացնում, բայց դատարանից դուրս գալու ճար չունեինք: Մինչեւ Սահմանադրության փոփոխելը՝ մենք նման նորմ չենք ունեցել: Խոսքը սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին է վերաբերվում, որն իրոք նորամուծություն է իրավական համակարգում:

Հոդվածը հետեւյալի մասին է. ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր ազատությունից զրկելը վիճարկել դատարանում, որը դատարանը պետք է, ըստ էության, քննի անհապաղ: Կրկնում եմ, մենք անցած ամիսների ընթացքում քննիչին ներկայացել ենք կամավոր, առանց ծանուցագրի ու ամեն ինչ եղել է նորմալ. աշխատանքային մթնոլորտում: Ամսի 21-ին՝ ուրբաթ օրը, քննիչը հերթական անգամ զանգում է ինձ, այլ ոչ թե Շուշանիկ Բախշյանին եւ ասում, որ փորձագիտության արդյունքները ստացվել է՝ ներկայացեք ծանոթանալու: Մենք ներկայացել ենք ժամը 4:03-ին: Դա արձանագրված է քաղաքային վարչության մատյանում: Եվ 4:23-ին Շուշանիկ Բախշյանին առանց որեւէ քննչական, դատավարական գործողություն կատարելու ձերբակալում են: Քննիչին հարցնում եմ՝ սա արդա՞ր է: Պատասխանում է՝ այո: Ի՞նչն է արդար. կամավոր եկել ենք, այս ամիսների ընթացքում փախուստի մտավախությո՞ւն եք ունեցել: Պատասխան չկա: Ձերբակալումը կալանավորում չի: Նույնիսկ, եթե կալանավորման հիմքեր էլ ունեք, թողեք գնա տուն: Ինչպես միշտ ներկայացել ենք, երկուշաբթի էլ կգանք դատարան՝ կալանավորվելու: Բողոքը տեղում հասցեագրեցինք քննիչին՝ խնդրելով դատարանին հանձնել անհապաղ: Բայց մինչեւ այսօր մեր բողոքը տեղ չի հասել: Ստիպված մեր բողոքը մեր ձեռքով մուտք արեցինք դատարան, որը քննարկվեց սեղմ ժամկետում ու բավարարվեց», – ասաց փաստաբան Ա. Սիրունյանը՝ ԶԼՄ-ների հորդորելով այսօրվա ասուլիսում մեղքի մեղադրանքին չանդրադառնալ:

Լրագրողների հարցին, թե ծանոթացե՞լ են բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության բովանդակությանը, բանախոսը պատասխանեց. «Այո: Տասից ավելի ստորագրությամբ փորձագիտական եզրակացության այն հատվածում, որը մեր ձեռք տակ կա, մեզ հետաքրքրող մասով ոչինչ նշված չի ու ոչ մի անուն չկա նշված: Հանձնաժողովը անձ պարզել չի կարողացել»:

Հարցին, թե դատարանում Շուշանիկ Բախշյանի առողջության կտրուկ վատացումից հետո ո՞վ է շտապ օգնություն զանգահարել եւ հրավիրել հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանին եւ ինչո՞ւ է Շուշանիկ Բախշյանը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել վերջինի ղեկավարած հիվանդանոց, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանեց, որ պարոն Ասոյանն է իրեն զանգահարել՝ հետաքրքրվելով իր կոլեգայով եւ ինքն է նրան ասել, որ իր պաշտպանյալը առողջության հետ կապված լուրջ խնդիր ունի: «Նա էլ ասաց, որ շտապ գալիս է դատարան: Պարոն Ասոյանն է շտապ օգնության մեքենա ուղարկել, իսկ թե ինչու է Շուշանիկ Բախշյանը հենց նրա հիվանդանոց տեղափոխվել, բժիշկներն են քննիչի հետ որոշել», – պատասխանեց փաստաբանը:

Ասուլիսում փաստաբաններին տրվեցին բազմաթիվ այլ հարցեր, որոնց պատասխանները, սակայն լրագրողներին լիովին չբավարարեցին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031