ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օրերս այցելել էր ցմահ ազատազրկվածներին: Նա մեզ հետ զրույցում մատնանշել էր բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն եւ առաջարկել ցմահ ազատազրկվածների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերել:
Օրինակ, առաջարկել էր բանակում կատարված սպանությունների գործերը, երբ հրամանատարը նվաստացրել է զինվորին, նրա արժանապատվությունը, եւ նա ստիպված հաշվեհարդար է տեսել, տարբերակել մի ամբողջ ընտանիքի մորթած, կտրտած եւ պարկերը տեղավորած դաժան սպանությունների գործերից:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց. «Դա Քրեական օրենսդրության խնդիրն է, որ արարքը ճիշտ որակվի, իսկ նոր Քրեական օրենսգիրքն ամենավերջին միջազգային մոտեցումները հաշվի է առնում: Բայց միայն արարքը չի: Արարքը, դրա պայմանները, շարժառիթները, նպատակները, հանգամանքները այդ ամեն ինչը դատարանն է հաշվի առնում: Օրենսդրությունը դատարանին տվել է այդ հնարավորությունը, որ բոլոր հանգամանքները կոնկրետ գործով հաշվի առնեն:
Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկվածներին, նոր օրենսդրության մեջ բազմաթիվ փոփոխություններ արդեն իսկ ուղարկվել են ԱԺ, նոր մոտեցումներ կան այդտեղ նաեւ նրանց՝ այլ դատապարտյալներից անջատ պահելու, ընտանիքի անդամների հետ կապի, խրախուսանքի միջոցների, նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովից շատ դժգոհություններ կան՝ Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Ընդհանուր ռեֆորմ է գնում: Նախագահի կարգադրությամբ դրած է, որ համակարգն ավելի պարզեցվի, հստակ չափանիշներ սահմանվեն: Այն խնդիրները, որ մենք հավաքել ենք, պատրաստվում ենք օրենսդրական լուծումներ տալ: Նախագիծն արդեն պատրաստ է»:
Հիշեցնենք, որ Քրեական նոր օրենսգիրքը քննարկվելու է ԱԺ գարնանային նստաշրջանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ