«Երբ մարդուն դու զրկում ես ամեն ինչից, իրեն լավ զգալու ցանկացած հնարավորությունից, մարդը դառնում է հրեշ». Օրերս ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց՝ ներկայացնելով դատապարտյալների հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Ըստ ԲՀԿ ղեկավարի, չպետք է թույլ տալ, որ ցմահ դատապարտյալները վերածվեն հրեշների. «Հասարակ պրոբլեմ կա, որը շատ հեշտ կարելի է լուծել: Երկարատեւ տեսակցություն թույլատրում են միայն ընտանիքի 2 չափահաս անդամի հետ: Իրավիճակն այսպիսին է՝ ցմահ դատապարտվածն ունի կին եւ չափահաս երկու երեխա: Կա՛մ կնոջ հետ պետք է չհանդիպի, կա՛մ երեխաներից մեկի հետ»:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Այդ խնդիրը ե՛ւ տեսակցությունների քանակի մասով, եւ մասնակցող անձանց քանակով մենք արդեն փոխում ենք: Մեկը կառավարության որոշման խնդիրն է, որը մշակվել է եւ արդեն շրջանառության մեջ է, օրենսդրական խնդիրն էլ արդեն մշակվել է եւ ուղարկվել ԱԺ: Կառավարության որոշմամբ տեսակցությանը մասնակցող անձանց քանակն է ավելացվում, ինչ վերաբերում է ընդհանուր տեսակցությունների թվին, մենք փորձում ենք օրենքով լուծումները տալ»:
Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, որ բազմաթիվ կալանավորներ չունեն անձնագրեր: Պատգամավորի խոսքերով՝ «Ասում են՝ պետք է շրջիկ լուսանկարիչ գա, որ նրանց նկարի, անձնագիր հանեն: 6 տարում «Նուբարաշեն» քրեակատարողականում չե՞ն կարողանում մի լուսանկարիչ բերել, որ նկարի: Համառորեն տարիներ շարունակ այդ խնդիրները չեն լուծվում»:
Կարդացեք նաև
Սուրեն Քրմոյանը հերքեց. «Դա այդպես չէ, բազմաթիվ դատապարտյալներ ստացել են անձնագրեր՝ նույնականացման քարտեր, այդ տեխնիկական խնդիրը լուծված է: Ովքեր ունեն անձնագրերի խնդիր, ստանում են բոլորն էլ նույնականացման քարտ, այդ խնդիրը չկա: Եթե կոնկրետ ինչ-որ մեկի հետ խնդիր կա՝ կարող են դիմել:
Եթե բացեք քրեակատարողական ծառայության կայքէջը, նորությունների մեջ պարբերաբար ներկայացնում են, որ, օրինակ, եւս 30 դատապարտյալ ստացան նույնականացման քարտեր: Այնպես չի, որ 6 տարի չեն գնացել: Այն տեխնիկական խնդիրը, որը կապված էր լուսանկարչի հետ, ոստիկանության անձնագրային բաժինը եւ քրեակատարողական ծառայությունը լուծել են: Մեր կարծիքով, այդ խնդիրը չկա, եթե կա, մենք պատրաստ ենք զբաղվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ